Համոզված է նկարչուհի Շուշան Վարդանյանը
Վերջերս կայացավ նկարչուհի Շուշան Վարդանյանի «Հայաստան աշխարհ» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարչուհին ծնունդով Շիրակի մարզից է, ապրում եւ ստեղծագործում է Մասիս քաղաքում, հանդիսանում է տեղի գեղարվեստի դպրոցի տնօրենը: Բարձրագույն կրթությունը ստացել է ՀՊՄՀ-ում, մանկավարժ-գծագրող՝ մագիստրոսի աստիճանով:
Կրթության եւ մշակույթի ոլորտում արժանացել է «Տարվա հայուհի» մրցանակին։ Մի քանի ցուցահանդես է ունցել՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Ավելի քան 100 աշխատանքներից 35-ն էին ներկայացված վերջին ցուցահանդեսին։
«Ես հատուկ կոմպոզիցիան չեմ նկարում, նախընտրում եմ գրաֆիկան, ամեն կտավում կա գրաֆիկայի ազդեցությունը՝ գիծը, ինչի շնորհիվ կտավը ստանում է դինամիկա եւ տեմպ»,-ասում է մեր զրուցակիցը։ Ամենասիրելի կտավն առանձնացնելիս նշում է. «Կարող եմ խոսել տաճարներիս շարքի մասին, հատկապես մի գործի, որը չի վաճառվում կամ նվիրվում։ Շատերն են տպավորվում այդ գործից, երեւի միստիկ էներգետիկա ունի իր մեջ։ Այն իր մեծ հզոր սյուներով արտահայտում է մեր ճարտարապետության մոնումենտալ վեհությունը եւ հզորությունը։ Ամեն անգամ ես նոր բացահայտումներ եմ անում, երբ գնում եմ գողտրիկ ու կորած մեր եկեղեցիները տեսնելու, զգալու եւ նրանց հիմքում տեսնում եմ նախաքրիստոնեական հետքերը եւ ամեն անգամ բացահայտում նորը։ Իմ նկարներում ես չեմ կոնկրետանում, այն հավաքական է ու մտածված խախտումներով՝ «Վերացականի սահմանին մոտեցող իրականությամբ», ինչպես բնորոշել էր մեծ արվեստաբան Արա Հայթայանը։
Որքան էլ ցանկանում եմ այլ երկրի հետ կապված ինչ-որ բան նկարել, չի ստացվում, նկարներիս ներսում միայն Հայաստանն է։ Շատ եմ սիրում երկիրս, «սարերից տուն չեմ գալիս», սիրում եմ նկարելիս միայնակ լինել, որովհետեւ ինձ կարող է կաշկանդել մտածված նկարելը»։
Նկարչուհին հավելում է, որ նկարներում հիմնականում պատկերել է ծննդավայր Շիրակի բնաշխարհը, դաշտերը, սարերն ու եկեղեցիները. «Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր իմ ոգեշնչման աղբյուրն է հանդիսանում, դատարկ կտավն ինձ ստիպում է դրա առաջ հանգիստ չնստել, նկարել, լցնել այն իմ նախընտրելի գույներով»։
Ապագա նկարիչներին մաղթում է «արվեստի ազատության ընկալում», նշում է՝ չի կարելի անդադար հուսահատված մնալ, ինչ էլ լինի՝ ստեղծագործ մարդը պիտի շարունակի իր գործը. «Որքան կարող ենք՝ պիտի շենացնենք մեր երկիրը, հիմա առավել շատ պիտի աշխատենք այդ ուղղությամբ……Ի դեպ, նկարիչը պիտի խոսի իր ապրումների մասին իր իսկ կտավներով, բայց չշատախոսի, չէ՞ որ դիտողը տեսնում եւ զգում է այն՝ ինչն իրեն հոգեհարազատ է, ինչպես նաեւ շատ հեշտորեն զգում է կեղծիքը»։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2024