Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Փաշինյանը պետք է ընտրի, որպեսզի Մոսկվան «կանխի Հայաստանի պարտությունը»

Հունվար 31,2024 12:00

Ռուսական կողմը շեշտեց` Բաքուն պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Ռուսաստանում

 Մոսկվան մնում է Երեւանի ե՛ւ գործընկերը, ե՛ւ որոշիչ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի է ունեցել 2020թ. աշնանը, որոշիչ ներդրում ունի էլ ավելի ծանր իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է գործընկեր դառնալ Երեւանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։ «Միաժամանակ միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը, պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատում», – հավելել է նա։

Անցյալ շաբաթ ԱԱԾ-ն, հիշեցնեք, հայտնեց ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու եւ դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։ ԱԱԾ-ն նշեց, որ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ), եւ որ Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երեւանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Բաքուն օրեր առաջ կոչ էր արել միջազգային հանրությանը «պարտադրել Երեւանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։ Իսկ ԱԳ նախարար Միրզոյանն անդրադառնալով թեմային, նշեց, որ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաեւ հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Նա ընդգծել էր, որ այդ գործողությունը պետք է արվի միջազգային գործընկերների կողմից։

«Հայաստանի պարտությունը կանխելու» գործընթացի շրջանակներում, Մոսկվան շարունակում է Երեւանին հիշեցնել, թե ում հովանու ներքո պետք է շարունակվեն բանակցությունները եւ որ պայմանավորվածությունների շրջանակում: Ինչպես երեւում է, պաշտոնական Երեւանի համար սա միանգամայն շահեկան իրավիճակ է: Մոսկվան, Բաքվի պահանջներին ու ակնկալիքներին համահունչ, պարբերաբար տարբեր ազդակներ է տալիս, իսկ պաշտոնական Երեւանը` «խաղաղության» օրակարգին հավատարիմ, ներկայացնում է հերթական զիջողական քայլը ադրբեջանական կողմին:

Բաքվի բանտերում շարունակվում են պահվել մեր հայրենակիցները, իսկ ՀՀ իշխանությունները հերթական բարյացակամության ժեստն արեցին: ՀՀ ԱԱԾ-ն տարածեց Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը, որտեղ նշվեց, որ Հայաստանը պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. «Գերիների, պատանդների եւ անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն ի կատարումն 2023թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»:

Վերջին շրջանում նկատելի է ռուսական կողմի դերը շեշտելու միտումը: Բաքուն հրապարակավ այդ մասին օրերս արձանագրեց: Մոսկվան շարունակում է հարթակ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների համար՝ TACC-ի հետ հարցազրույցում նշեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։ «Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար: Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։ Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը: Ապա Բյուլբյուլօղլուն հավելել է. «Մոսկվան շարունակում է մնալ խաղաղ բանակցությունների հարթակ։ Որպես օրինակ կարող եմ բերել վերջին եռակողմ հանդիպումը, որը տեղի է ունեցել 2023թ. հուլիսին՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի նախաձեռնությամբ։ Նշեմ, որ դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործում է աշխատանքային խումբ, որի շրջանակներում մեկ անգամ չէ, որ Մոսկվայում հանդիպումներ են անցկացվել տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով: Ադրբեջանը ելնում է նրանից, որ հանդիպումները պետք է ուղղված լինեն բացառապես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության եւ անվտանգության շուտափույթ հաստատմանը, եւ ես կցանկանայի ընդգծել, որ արդեն իսկ կա ուղղակի երկկողմ բանակցություններ վարելու փորձ, որոնք տվել են լավ արդյունքներ: Մեզ բոլորիս պետք է խաղաղ երկինք` գլխավերեւում»։

Բաքվից պաշտոնապես օրերս հայտնեցին, որ Երեւանից ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ այժմ աշխատում են պատասխան առաջարկների վրա, եւ ադրբեջանական կողմն առաջիկա շաբաթներին կներկայացնի իր դիրքորոշումը համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Ըստ նրա` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների նիստը տեղի կունենա առաջիկա օրերին: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին:

Անցյալ շաբաթ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Դեկտեմբերի 25-ին Երեւանը ստացել էր ադրբեջանական առաջարկները։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկու շաբաթ առաջ հայտնեց, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին եւ այժմ ակնկալում է Ադրբեջանի պատասխանը։

Մոսկվային, ըստ ամենայնի, կհաջողվի առաջիկայում կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի տպավորություն թողնի, որ հայկական կողմի համար ոչ դուրեկան թեմաները մի կողմ են դրել:

Վերջերս նման տոնայնությամբ ակնարկներ հնչեցին Մոսկվայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել, ՌԴ դիվանագիտության 2023թ. արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում ասել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տարածքում պահպանում են այդ երթուղիների իրավասությունն ու ինքնիշխանությունը»,- հավելել էր նա: «Տեղին չէ համեմատել այդ երթուղիները», – նշել էր Լավրովը՝ անդրադառնալով Փաշինյանի խոսքերին, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապ տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանի միջոցով։ Ըստ նրա՝ Հայաստանն է, որ այժմ դժվարություններ ունի իրականացնելու ճանապարհի բացումը Սյունիքի մարզով այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարությամբ. «Հայաստանն է, որ նոր պահանջներ է առաջադրում։ Չեն ցանկանում, որ այնտեղ ռուս սահմանապահները կանգնեն, թեպետ դա ստորագրվել է վարչապետ Փաշինյանի կողմից։ Չեն ցանկանում, որ լինի սահմանային ու մաքսային չեզոք վերահսկողություն, այլ միայն իրենք։ Սա հակասում է արդեն իսկ կայացված համաձայնությանը»։

Լավրովը նաեւ նկատել էր. «Նույնը սահմանազատման հարցում։ Ստորագրել են հայտարարություն, որ ստեղծվում է հանձնաժողով, որին մասնակցում է Ռուսաստանը՝ խորհրդատվական կարգավիճակով։ Մեզ չեն հրավիրում, իսկ Շառլ Միշելը հայտարարում է, որ դրանով կզբաղվի ԵՄ-ն, թեպետ ԵՄ-ն քարտեզներ չի կարող ունենալ, դրանք ՌԴ մոտ են»։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ «Ադրբեջանը պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի ռուսական տարածքում, այնտեղ, որտեղ դադարեցվել է հակամարտությունը, եւ կառուցվել են բոլոր մեխանիզմները բոլոր հարցերի լուծման համար, դա էլ է փաստ։ Որքանով է դրան պատրաստ Երեւանը, ինձ հայտնի չէ»։

Այսպես, Լավրովն ընդգծում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում կապերի եւ երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները լիակատար ձեւով կպահպանեն իրենց ինքնիշխանությունը։ Բայց Մոսկվան երբեք չի անդրադառնում թեմային, թե ինչու է Ալիեւը խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին` հղում կատարելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթին: Հիշեցնենք, որ վերջերս Ալիեւը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին հայտարարեց՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի։

Հիմա Մոսկվային այլ հարց է հետաքրքրում` Բաքուն պատրաստ է ՌԴ-ում խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Երեւա՞նը… Ռուսական կողմը խոսում է հստակ` գիտենք, որ Արեւմուտքը ցանկանում է իր հովանու ներքո ստորագրել խաղաղության պայմանագիր: Հետեւաբար` Երեւանի «ուսերին» դրվեց արեւմտյան հարթակից հրաժարվելու պատասխանատվությունը:

Իսկ որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանում ստորագրել խաղաղության պայմանագիր` անակնկալ հայտարարություն չէր Մոսկվայից: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքը, դրան հետեւած բոլոր զարգացումները Մոսկվա-Անկարա-Բաքու շրջանակներում, վկայել են բացառապես մեկ բանի մասին, որ այս եռյակի վերջնական նպատակը հենց Մոսկվայի հովանու ներքո խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Չէ՞ որ ռուսական «քավորությամբ» կնքված փաստաթղթի բոլոր կետերը Բաքուն կարող է խախտել, իսկ ռուսական կողմը պահանջների կատարում կակնկալի բացառապես հայկական կողմից` անտեսելով այդ փաստաթղթի ձախողման հիմնական պատասխանատուին մատնանշել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Emma’s Articles are a Must read, she breaks taboos, I always admire her way of thinking, outside the box, daring, courageous and breaking the dry approach of Armenian traditional thinking, her writings are revolutionary in terms of thinking beyond boundaries and restrictions

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031