Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ մատղաշ ծառ չէ, որ արմատներով ձգես-հանես եւ տանես մի այլ հողում տնկես»

Հունվար 31,2024 14:00

Ասում է արցախցի հրապարակագիր Վարդգես Օվյանը

– Վարդգես, երբ Արցախում էիր, հաճախ զրուցում էինք, տեղեկանում էի քեզնից այնտեղ տիրող իրավիճակի մասին: Համարձակությունս չէր հերիքում Արցախից Հայաստան տեղափոխվելուցդ հետո քեզ, այնտեղի իմ ընկերների հետ զրուցել: Ինչպե՞ս տեղավորվեց ընտանիքդ:

– Ճիշտն ասած, չէի ցանկանա կենտրոնանալ իմ անձնականի վրա, որովհետեւ ես իմ ընտանիքով մոտ 140 հազար այն արցախցիներից մեկն եմ, որոնք այս երեք տարում հայրենի տուն ու հայրենիք են կորցրել։ Նրանց պես ես էլ եմ այստեղ՝ Հայաստանում ապրում, երեխաները արցախցի հազարավոր մյուս երեխաների պես դպրոց են հաճախում ու շարունակ հիշում հայրենի տունը, հիշում են իրենց համադասարանցիներին եւ ուսուցիչներին, որոնց այդպես էլ չհասցրին հրաժեշտ տալ։ Նրանք էլ արցախցի շատ երեխաների պես մտածում են, որ հայ լինելը ծանր ու դաժան բան է, բայց քանի որ մեծ են, շատ ավելին են տեսնում ու հասկանում, քան հազարավոր մեծահասակներ, գիտեն, որ ազգությունն ու հայրենիքը չեն ընտրում, չեն փոխում ու փոխանակում, ինչպես չեն ընտրում ծնողներին, քույր ու եղբայրներին, տատիկ-պապիկներին։

– Վերականգնե՞լ ես կապերդ, հարեւաններ, ընկերներ…

– Հարեւաններիս, ընկերներիս ու բարեկամներիս մեծ մասին այլեւս չեմ տեսել, ոմանց, որոնց հեռախոսահամարներն ունեմ, ես եմ զանգել, հարցրել, թե ինչպես են, որտեղ են տեղավորվել, շատերն էլ իրենք են ինձ զանգել եւ նույնը հարցրել։ Նաեւ շարունակում են հաճախ զանգել ու խոստովանել, որ արդեն կարոտել են։

Որտեղ ես տեղավորվել ու բնակվում եմ ընտանիքով, ոչ մի բարեկամ եւ ընկեր այստեղ չունեմ։ Մի երկու շաբաթ առաջ քրոջս հետ խանութ էի գնացել։ Դուրս եկա ու հարազատ ձայն լսեցի՝ ինձ էր կանչում։ Շրջվեցի՝ իմ ընկերներից էր՝ Մարատը, վերջին տարիներին միասին էինք աշխատում։ Չեմ կարող նկարագրել, թե որքան էինք ուրախացել՝ իրար հանդիպելով։ Վերջին օրերի մեր ապրումների, հարազատ տունն ու երկիրը լքելու մասին էինք իրար պատմում, եւ ուրախ էինք, որ նույն քաղաքում ենք հայտնվել։ Ասում եմ՝ հայտնվել, որովհետեւ նույն հաջողությամբ կարող էինք մի այլ քաղաքում, տարբեր բնակավայրերում ապաստանած լինել…

Ընկերներիցս՝ Մխիթարը հաճախակի զանգում է ինձ ու խոստովանում, որ փողոցում երբ հարազատ արցախյան բարբառով խոսակցություն է լսում, մի պահ ամեն ինչ մոռանում է, կարծես մի այլ հարազատ աշխարհ է ընկնում, այնպիսի մի բերկրանք է ապրում, որ կարծես իրեն լրիվ անծանոթ այդ հայրենակիցների մեջ հարազատ ու արյունակիցների է գտել…

-Հայաստան տեղափոխվելու առաջին օրերդ, թե մայրդ, թե դու հիվանդանոցներում անցկացրեցիք: Կարողացա՞ր դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, հարմարվե՞լ ես իրականության հետ:

– Հաճախ են այդ հարցը տալիս՝ ինչ-որ չափով արդեն հարմարվե՞լ եք։ Ու ամեն անգամ ցավով խոստովանում եմ, որ դա անհնարին է։ Մարդ մատղաշ ծառ չէ, որ արմատներով ձգես-հանես եւ տանես մի այլ հողում տնկես։ Չեմ կարծում, թե ամեն ինչ՝ իր մանկությունը, կյանքը, հայրենի օջախը, տարիների ողջ կարողությունն ու ունեցվածքը եւ, վերջապես, հայրենիքը՝ հարազատների ու նախնիների գերեզմաններով թշնամուն թողած որեւէ հասուն արցախցի կարող է մոռանալ իր ապրած ողջ կյանքն ու հայտնի-անհայտ բախտախնդրի պես հայտարարի, թե ամեն ինչ զրոյից եմ սկսում։ Այս վերջին տարիներին կատարվածը մոռանալու համար մանկուրտ կամ խելագար պիտի լինել։ Նորմալ, բանական մարդը չի կարող ծալել, մի կողմ դնել իր ապրած ողջ կյանքն ու ասել, թե նոր, դատարկ էջից եմ կենսագրություն գրում։

– Աշխատո՞ւմ ես, ունե՞ս աշխատանք:

– Աշխատանքի տեղավորվելու մասին։ Արցախցի ընկեր-բարեկամներիս մեծ մասն այդպես էլ չեն կարողացել իրենց մասնագիտությամբ աշխատանք գտել։ Ասում են՝ խոստումներով կերակրում են, սպասել տալիս ու մի պատրվակ մոգոնում։ Անգամ մրցույթով հաղթած իմ ծանոթներից մեկին, որ որոշված օրը պիտի աշխատանքի ընդունեին, մի օր առաջ զանգել են ու ասել՝ «կներեք, չենք կարող ձեզ ընդունել, ՀՀ քաղաքացի չեք»։ Իսկ շատերին պարզապես չեն թույլատրել մասնակցել մրցույթներին, քանի որ Հայաստանի քաղաքացի չեն…

– Շատերը հույս են փայփայում, թե Վերադարձ լինելու է, կվերադառնան իրենց բնօրրան, հավատո՞ւմ ես:

– Կրկին Արցախ վերադառնալու մասին խոսողները կամ իրոք հիմար են, կամ փորձում են մեզ հիմարի տեղ դնել։ Վերջին կես հազարամյակում, ինչ թուրք-սելջուկները միջինասիական անապատներից եկել, հասել են Փոքր Ասիա, զավթել Կոստանդնուպոլիսն ու ներառյալ պատմական Հայաստանի տարածքը, կառուցել իրենց պետությունը, չի եղել դեպք, որ թուրքը ետ վերադարձնի զավթածը կամ հաջողվի նրանից ետ գրավել կորցրածը, թեկուզ մի մետր հող։ Հողը նրանց համար սրբություն է, ամեն ինչ է։ Մեզ՝ հայրենի հողն առուծախի առարկա դարձնող, հողի արժեքը չհասկացողներիս ու չգնահատողներիս համար է միայն, որ հողն արոտավայր է, որտեղ մարդիկ արածում են, ամայացնում, թալանում, ավերում ու փող շինում, որը մի օր մսխում են կամ բաժին է հասնում նույն այդ թուրքին։

Արցախյան 1991-94 թթ. պատերազմն էր եզակի բացառությունը, երբ հայը կարողացել է թուրքի երախից հող խլել, ազատագրել։ Եվ ազգովի, մի անհայրենիք արարածի գլխավորությամբ, մենք «ուղղեցինք» մեր սխալը՝ Արցախը ստորաբար, դավաճանաբար ծախեցինք, պարզապես նվիրեցինք թշնամուն։

– Դու բավական ակտիվ դիրքորոշում ունեիր, երբ Արցախում էիր: Հիմա հետեւո՞ւմ ես քաղաքական անցուդարձերին, ընդդիմության հայտարարություններին:

– Երբ ընդդիմության, հայ ընդդիմադիրների մասին խոսք է լինում, մնում եմ ապշած։ Առնվազն վերջին երկուսուկես տասնամյակում չեմ հիշում, որ մեզանում ընդդիմություն եղած լինի։ Իսկ ներկայիս, այսպես կոչված, խորհրդարանական ընդդիմությունն՝ իր «կարկառուն» ղեկավար-առաջնորդներով, նույնիսկ հեռավոր կապ չունի «ընդդիմություն» հասկացության հետ։ Այն ներկայիս հանցավոր վարչախմբին լեգիտիմացրած, լեգիտիմացնող հենարանն է։ Ու նրանք այնքան են իջեցրել քաղաքական պայքարի նշաձողը եւ զավեշտ ու խեղկատակություն սարքել, որ իրենք իրենցով հիացած, երկրի ղեկին նստածին տխմար հարցեր տալը համարում են հերոսություն։ Անինքնասեր, փողի համար ամեն սրբություն ծախծխած մարդիկ են սրանք, եւ Արցախը ծախած ու այսօր արդեն Հայաստանը վաճառասեղանին դրած ներկայիս իշխանությունների հանցակիցն են։

– Ադրբեջանում ունենք գերիներ, նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից: Ի՞նչ ես կարծում, այս մեր լռության պայմաններում հնարավո՞ր է նրանց վերադարձը Հայաստան:

– Դա էլ շատ ծանր թեմա է։ Ես ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր հայտնվել են Բաքվի բանտախցերում, որովհետեւ նրանք այնտեղ են հայտնվել ոչ թե իրենց կատարած սխալների կամ հանցանքների համար, այլ որովհետեւ հայ են, արցախցի են, Արցախի բարձր պաշտոնյաներն են։ Միայն սրիկան, հայ տականքը եւ թուրքը կարող է հրճվել, որ այդ մարդիկ Բաքվի բանտում են։

Իսկ Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի ու Լեւոն Մնացականյանի համար շատ ավելի եմ ցավում։ Արցախի վերջին, այս դաժան, բռնագաղթի օրերին ես հաճախ էի լինում Դավիթ Իշխանյանի մոտ։ Զրուցում էինք, քննարկում ստեղծված ծանր իրավիճակը, երբ անգամ հեռախոսային կապ չկար արտաքին աշխարհի հետ, իսկ երեւանյան իշխանությունները շարունակ ձգձգում էին մարդկանց Հայաստան տեղափոխելու համար ավտոբուսներ ուղարկելը։ Իսկ ուղարկած ավտոբուսների ստվար մասը երեւանյան երթուղային խարխուլ ավտոբուսներ էին՝ առանց բեռների համար նախատեսված հարմարության։ Մարդիկ իրենց մեծ ու փոքր կապոցներով գրեթե իրար վրա էին մի կերպ տեղավորվում…

Ռուբեն Վարդանյանի համար եմ շատ ցավում։ Մինչ այդ նրան եւս հանդիպել էի, մոտ մի ժամ զրուցել էինք։ Նրան ես ողբերգական կերպար եմ համարում, որը երիտասարդ տարիներին հեռացել էր Հայաստանից, ռուսաստաններում, արտերկրում իր խելքի ու տաղանդի շնորհիվ մեծ կարողության տեր դարձել ու եկել՝ իր հնարավորությունների սահմաններում օգնելու արցախցիներին։ Բայց ամենեւին չգիտեր, որ սա արդեն իր իմացած նախկին հայկական միջավայրը չէ, երբ Հայաստանում մարդկայինն ու բարոյականը դեռեւս հարգի էին, օրենք, օրինականություն կար… Ու Հայաստանից որքա՛ն կեղտ ասես, որ չթափեցին խեղճ մարդու վրա, ամեն դուրսպրծուկ իր սուրբ պարտքն էր համարում օրուգիշեր բամբասել, զրպարտել, ցեխաջրել այդ մարդուն, որին հարգում ու սիրում էր գրեթե ողջ Արցախը, եւ հավատում էին նրան…

Այսօր Հայաստանում ապաստանած արցախցիների երեւի թե ստվար մասի համար շատ ծանր է տեսնել, որ հայաստանցի շատերի համար Արցախը ոչ միայն Հայաստան ու հայկական հող չէր, այլ ծանր բեռ էր։ Ու շատերն իրոք չեն հասկանում, թե ինչ ասել է հայրենի տունուտեղի, ամեն ինչի ու հայրենիքի կորուստ։ Այդ անտարբերությունն ու ցավը ոչ պակաս է Արցախի կորստի ցավից։

Վերջում ուզում եմ մեջբերել մի հատված իմ հայրենակից Վահե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից. «Իմ սիրելի ժողովուրդ, դուք երեւի արդեն մոռացել եք, չէ՞, Արցախում թշնամու արկերից զոհված հայ մանուկների դեմքերը, էլ չեմ ասում՝ մնացած զոհերի մասին։ Հետաքրքիր է, ձեր աչքերից մի կաթիլ արցունք գլորվե՞լ է այդ լուրերն իմանալուց։ Իսկ հիշո՞ւմ եք տասնյակ վիրավոր մանուկներին՝ Արցախից, էն որ թշնամին ուղիղ նշանակետով արկը գցել էր փախստականների քարավանի մեջ (երեւի տեղյակ էլ չեք դրա մասին)։ Ցավ ապրե՞լ եք նրանց համար։ Իսկ դուք նայե՞լ եք մահի, ցեղասպանության ճիրաններից փրկված, դժոխային ճանապարհով մի կերպ Կոռնիձոր հասած արցախցի մանուկների աչքերին։ Հետաքրքիր է, ի՞նչ եք զգացել։ Գեթ մի րոպե գոնե ցավ ապրե՞լ եք…»։

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031