Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանում տեղի ունեցող գործընթացներին

Հունվար 30,2024 23:13

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանում տեղի ունեցող գործընթացներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադարձում նշված է. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը իր կարգավիճակով և աշխարհագրական դիրքով մշտապես մեծ կարևորություն է ունեցել ադրբեջանական իշխանական ընտրանու համար, հետևապես Նախիջևանի քաղաքատնտեսական առաջնորդության և փոխվասալության խնդիրը ներքաղաքական գլխավոր իրողություններից մեկն է։

27 տարի փաստացի Նախիջևանը ղեկավարել է Վասիֆ Թալիբովը, ով 2022 թ․ հեռացվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնից։ 27 տարիների ընթացքում Նախիջևանը փակ գոտի է եղել ոչ միայն արտաքին աշխարհի համար, այլև շարքային ադրբեջանցու՝ ծառայելով որպես բռնատիրության լավագույն փորձի ձևավորման յուրահատուկ լաբորատորիա: Նախիջևանը, որպես ֆեոդալական կալվածք, Իլհամ Ալիևը որոշեց այս անգամ դնել ուղղահայաց կառավարման տակ՝ անվտանգային կառույցների խիստ վերահսկողության ներքո, սակայն ոչ թե բացահայտ, այլ վասալական ստորակարգության սկզբունքի համաձայն՝ հիշյալ կառույցների հետ սերտորեն փոխկապակցված անձանց բաժնետիրության «թափանցիկ» օրինականության միջոցով։ Նման քաղաքատնտեսական «կենտրոնացման» միտումները կարծես համապատասխանում են Նախիջևանի ինքնավարության կարգավիճակը վերացնելու այն քաղաքական ձգտումներին, որոնք տարբեր խոսափողներով հնչում են Ադրբեջանում։

Նախիջևանի՝ ինքնավար հանրապետության կարգավիճակի չտրամադրման խնդիրը օրգանապես կապված է 1921 թ․ Մոսկվայի ռուս-թուրքական, և Կարսի՝ թուրք-անդրկովկասյան պայմանագրերի և դրանց հիմքով ձեռք բերված քաղաքական կարգավորումների հետ։ Ուստի, Նախիջևանի կարգավիճակի լուծարումը կարող է համարվել վերոնշյալ պայմանագրերի միակողմանի խախտում։ Նման աշխարհաքաղաքական կարևորության խնդրի նկատմամբ ադրբեջանական ձգտումներին համապատասխան լեգիտիմություն հաղորդելու ճանապարհին իշխող վարչակազմը իրականացնում է ինչպես համապատասխան պատմույթի, այն է՝ հանրային պահանջի ձևավորման գործընթաց, այնպես էլ քաղաքատնտեսական կենտրոնացման, այսինքն՝ նախիջևանյան ավանդական կլանին կերակրատաշտից հեռացնելու և այդ կերակրատաշտի շահառուներին անմիջապես քաղաքական-ուժային կենտրոնին ուղղահայաց կերպով կապելու և ենթարկեցնելու բազմաբովանդակ քաղաքականություն։

Սա է ողջ ճշմարտությունը այն գործընթացների մասին, որոնք ընթանում են հայաթափված, էթնոցիդի ենթարկված և մեկ դար առաջ ընթացիկ քաղաքական նպատակահարմարությամբ, սակայն անարդարացիորեն Ադրբեջանի վերահսկողության տակ դրված հայկական Նախիջևանի շուրջ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031