Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։
Aravot.am-ի հետ զրույցում ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինը, նրա շահերի պաշտպան Զարուհի Մեժլումյանը տեղեկացրեց՝ լսվել է քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը, քանի որ երկու դրական զեկույցներ է պետությունը ներկայացնում՝ քրեակատարողական ծառայությունը և պրոբացիայի ծառայությունը․ «Այս պարագայում քրեակատարողական հիմնարկն է դիմում դատարանին պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը լսելու համար։ Դատարանում լսվեցին երկու դրական զեկույցները։ Դատախազությունն առարկեց՝ համարելով, որ դեռևս պայմանական վաղաժամկետ ազատումը վաղ է։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ներկայացրեց իրենց դիրքորոշումը, որը նույն էր, ինչ նախորդ անգամ՝ բացասական։ Մենք սկսեցինք ներկայացնել մեր դիրքորոշումը՝ միանալով պրոբացիոն և քրեակատարողական ծառայությունների դրական զեկույցներին։ Աշխատանքային ժամն ավարտվեց»։
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 22-ին։ Հաջորդ նիստին կշարունակվի Մհեր Ենոքյանի և Զարուհի Մեժլումյանի դիրքորոշման ներկայացումը։
Զարուհի Մեժլումյանը նշեց՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ իրավական հնարավորություն կա դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար․ «Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը պայմանական վաղաժամկետի համար սահմանում է 17 չափորոշիչներ, և ընդամենը 3-ը ստատիկ են, մնացածը՝ դինամիկ։ Մհեր Ենոքյանին անցյալ անգամ մերժել էին անփոփոխ երեք հիմքերով, որոնք որևէ կերպ փոփոխության ենթակա չեն կարող լինել, ինչը ՄԻԵԴ-ը գնահատում է որպես Կոնվենցիայի խախտում։
Կարդացեք նաև
Այսինքն՝ մարդուն զրկում են իրական հույսից երբևէ ազատություն վերադառնալու։ Ֆորմալ հիմքը պահպանվում է, կարող ես վեց ամիսը մեկ դիմել, բայց այն իրական հույս չի ենթադրում, քանի որ չկան հիմքեր, որոնք փոփոխության ենթակա են։ Մարդը գնա ևս վեց ամիս ի՞նչ անի։ Մենք պնդում ենք, որ Մհեր Ենոքյանի համար առկա են բոլոր հիմքերը, և պրոբացիայի ու քրեակատարողական ծառայություններն արդեն տվել են դրական զեկույցներ՝ ինչը հաշվի առնելով պետք է կայացվի դրական որոշում իր նկատմամբ ևս։ 2018-ից ի վեր կայացվել են նման որոշումներ 4 ցմահ դատապարտյալների նկատմամբ, որոնք նույնիսկ պատիժ էին կրել փակ և կիսափակ ռեժիմում, իսկ Մհեր Ենոքյանը միակն է այս պահին, որ պատիժ է կրում բաց քրեակատարողական հիմնարկում, ցածր անվտանգային գոտում, մեղմ պայմաններում։ Արդեն երկրորդ տարին է շփվում է բաց հասարակության հետ, երկրորդ բուհն է գերազանցությամբ ավարտել։ Այդտեղ որոշակիության հարց է առաջանում»։
Ըստ նրա՝ տուժողի չներկայանալը, սակայն պատշաճ ծանուցված լինելը չի կաշկանդում դատարանին դատական ակտ կայացնել անձին պայմանական ազատել կամ չազատելու վերաբերյալ․ «Այս առումով ևս չի կարող դրվել տուժողի բացասական դիրքորոշումը դատապարտյալի լեգիտիմ ակնկալիքների և իրավունքների սահմանափակման հիմքում։ Ունենք դատական ակտ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված։ Սա շուրջ 3 տասնամյակ է, ավելի քան քառորդ դար։ ՀՀ-ում ես չգիտեմ մեկ այլ անձ, որը շուրջ 28 տարի պատիժ է կրում։ Բազմաթիվ օրենքներ են փոխվել, պետությունը բազմիցս փոփոխություն է կատարել վերասոցիալականացման գործընթացներ է մշակել, պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք առհասարակ չի եղել, ինչի՞ մասին է խոսքը»։
Զարուհի Մեժլումյանը պնդեց՝ ցմահ դատապարտյալի համար բազմաթիվ են Մհեր Ենոքյանի ձեռքբերումները․ «Եթե մենք այլ պետությունում լինեինք, պետությունը ցույց կտար, թե ինչպես է տեղի ունենում վերասոցիալականացման գործընթացը։ Հիմա մեզ ասում են՝ մշակութային միջոցառումը հիմք չէ, սա հիմք չէ, բայց դրանք օրենքներով սահմանված հնարավոր գործառույթներն են։ Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկ էլ պետք չէ, ոչինչ պե՞տք չէ։ Իսկ օրինակ ինչպիսի՞ չափորոշիչներ պետք է լինեն մարդու՝ վերասոցիալականացված լինելու հետ կապված։ Անձը բաց քրեակատարողական հիմնարկում է, շփվում է բաց հասարակության հետ, այնուհանդերձ, չի կարողանում լիարժեքորեն իրացնել իր՝ աշխատելու իրավունքը»։
Զարուհի Մեժլումյանը հիշեցրեց՝ Մհեր Ենոքյանը հստակորեն է նշել ու նշում է, 2011-ին իր հրապարակած գրքում էլ է իր ներողությունը հայտնել, պարբերաբար հարցազրույցներում իրենք նշել ենք իրենց դիրքորոշումը, և այդ ամենը շահարկել, վարկաբեկման փորձ կատարել, որտեղ չի քննարկվում 1996 թվականի դեպքն առհասարակ․ «Սա կրկնակի դատապարտման չպետք է վերածենք։ Այնուամենայնիվ, այդպիսի փորձ կատարվեց՝ անընդհատ փորձելով այս խնդիրը շահարկել։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի մասին է։ Եթե ընդունենք, որ, օրինակ, արդար դատական ակտ է եղել 1996-ին, միևնույն է՝ անձն ուներ այդ իրավունքը, անձի մեղքի ընդունել-չընդունելը չի կարող նույնիսկ պատժի խստացման հիմք լինել․ դա մարդու իրավունքն է։ Անձը գրել է, և պրոբացիայի զեկույցում էլ արտացոլված է, նախորդ և այս նիստերին էլ խոսվեց այս մասին, մեջբերվեց, որ Մհեր Ենոքյանը զղջում է անդառնալի կորստի համար, ունի մեղավորության իր բաժինը, որ չի կարողացել կանխել գործողությունները, դրա համար ներողություն է խնդրում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այսինքն՝ անընդհատ վերքը բացում են»։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկա է եղել նաև սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան: Aravot.am-ը առաջիկայում կներկայացնի նաև նրա տեսակետը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արդարադատություն իրականացնում է ոչ թե տուժողի ընտանիքը այլ պետությունը։ Եվ պետությունն էլ հենց այս դեպքում պետք է անկաշկանդ գործի ու հաշվի առնելով անձի լավագույն շահը և ոչ թե 30 տարվա վրեժի ծարավը