ՀՀ փաստաբանական համայնքը դժգոհ է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից, ինչի վերաբերյալ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, իսկ այսօր երեկոյան փաստաբանները ակումբի նիստ են հրավիրել`քննարկելու ստեղծված իրավիճակը եւ որոշելու իրենց անելիքները:
Փաստաբան Աննա Ծառուկյանը Aravot.am-ին ասաց. «Այս նախագիծը եթե օրենք դառնա, առաջին հերթին վնասելու է քաղաքացիներին, որովհետեւ մեր հոնորարները բարձրանալու են նրա հաշվին, որ մենք կարողանանք 10 տոկոս, այնուհետեւ, 20 տոկոս վճարումները կատարել: Եթե չեմ սխալվում, նախագծով շրջանառվում է, որ անվճար խորհրդատվությունները եւ պաշտպանությունը եւ ներկայացուցչությունը սահմանափակվում են: Դա արդեն մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Առաջին հերթին դա սահմանափակում է մեր իրավունքները եւ մեր ազատությունը, որովհետեւ որպես իրավապաշտպան, ես եմ որոշում` քանի անվճար գործ ունենալ, մարդկանց ինչ հիմունքներով օգնել: Այս խնդիրներն են բարձրանալու քաղաքացիների համար»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է թիրախավորվում հատկապես փաստաբանական համայնքը, Աննա Ծառուկյանը պատասխանեց. «Կարծում եմ, այս տարի լինելու է սահմանադրության փոփոխություն եւ ընդվզումներ են լինելու: Ընդվզումները հիմնականում զսպում են փաստաբանները այն իմաստով, որ երբ լինում են ձերբակալություններ, փաստաբանները անվճար խորհրդատվություններ, անվճար օգնություններ են մատուցում: Այսպես սահմանափակում են մեր գործունեությունը: Եվ դրա արդյունքում քաղաքացուն կթողնեն միայնակ, առանց փաստաբանի: Եվ երկրորդ, փաստաբանները, թերեւս, իրավական դաշտում ամենակայացած, ամենաակտիվ եւ ամենաանկոտրում համայնքն են, եւ իրենց թաթերը մեզ չեն հասնում: Մենք ոչ ոքի չենք ենթարկվում, եւ մենք շատ ինքնուրույն ենք»:
Կարդացեք նաև
Իսկ փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշելով, որ իրենք առանց այդ էլ աշխատում են հարկային դաշտում, ասաց, որ սա առաջին փորձը չէ: «2018 թվականի իշխանափոխությունից հետո մի անգամ արդեն ֆինանսների նախարարությունը ի դեմս, փոխնախարարի, որի անունը չեմ հիշում, այդ փորձն արել է: Բայց այն ժամանակ արդարացիորեն մերժվեց: Հիմա կրկին են ներկայացրել: Սա անձանց` սահմանադրությամբ ամրագրված` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի խոչընդոտման փորձ է այն առումով, որ այդ ծառայությունները թանկանալու են, ըստ այդմ, որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու` քաղաքացիների իրավունքները սահմանափակվելու են: Այսինքն, սա որեւէ տրամաբանական բացատրություն ունենալ չի կարող:
Նախագծով միայն փաստաբանները չեն: Այնտեղ նաեւ նոտարներն են, որոնց մասով, եթե չեմ սխալվում, նույնպես ծառայությունները թանկանալու են: Այնպես որ քաղաքացիները թող դրան էլ պատրաստ լինեն: Բայց փաստաբանների նկատմամբ երեւի թե որոշակի հատուկ վերաբերմունք ամեն դեպքում կա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ