Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանապետի 35-ամյա դստեր սպանության գործով հարեւանը դեպքից մեկ ժամ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է պատմել

Հունվար 30,2024 21:44

2022 թվականին Կոտայքի մարզային վարչության նախկին պետի 35-ամյա դստեր սպանության գործով դատաքննությունը շարունակվում է, դատարանը հարցաքննում է գործով անցնող վկաներին: Մեղադրյալը սպանվածի նախկին ամուսինն է՝ Նարեկ Սարգսյանը:

Նրա պաշտպան Աննա Ծառուկյանը (լուսանկարում) Aravot.am-ին հայտնեց, որ վկաների 70 տոկոսն արդեն հարցաքննվել է, ու այդ հարցաքննությունների արդյունքում մի շարք կարեւոր հանգամանքներ են բացահայտվել.

«Շատ հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունեցել: Օրինակ՝ մեկը կարող եմ մեջբերել, նախ հիմնավորվել է, որ բացի Նարեկ Սարգսյանից, դեպքի վայրում եղել է կին, որովհետեւ իրեղեն ապացույցների վրայից անջատվել է կնոջ ԴՆԹ, որի ուղղությամբ, սակայն, վարույթ իրականացնող մարմինը քննություն չի կատարել: Այդ ուղղությամբ միջնորդություններ արել էինք, որեւէ ձեւով ընթացք իրենք չէին տվել: Պարբերաբար ես ասում էի, որ բացի այն, որ հնարավոր է՝ եղել է  խեղդամահություն, չնայած դա էլ եմ վիճարկում, բայց կարող է լինել նաեւ բժշկական անփութություն: Այդ վարկածը գնալով հիմնավորվում է, որովհետեւ Շտապ օգնության մուտք գործող բժիշկը ցուցմունք տվել ու ասել, որ ինքը ստուգել է տուժողի վիճակը, արդյոք սրտի կանգ գրանցվել է, թե՝ ոչ համապատասխան «ԿՏ» անելու արդյունքում, այսինքն՝ դիակին միացրել է «ԿՏ»-ն, հարցնում ենք ՝ բա ուր հետազոտության պատասխանը, պատասխանեց, որ թողել է դիակի կողքին ու հեռացել է, որովհետեւ մտավախություն է  ունեցել, որ այդտեղ անվտանգ չէ: Դեպքի վայրի զննությամբ մենք գիտենք՝ նման փաստաթուղթ չկա, այսինքն՝ բժիշկը ստում է, ինչու է ստում, ապագայում կպարզենք»:

Իսկ թե ով է այն կինը, որը բացի Նարեկ Սարգսյանից եղել է  դեպքի վայրում, պաշտպանն ասաց՝ իրենց հայտնի չէ. «Գործի նյութերի մեջ կա , որ քննիչը տվել է  օպերատիվ հանձնարարություն  գործողություններ կատարելու, պարզելու ու շտապողականություն է ցուցաբերել , չի համբերել, որ պարզեն, այդ ուղղությամբ քննություն չի կատարել, որովհետեւ նախաքննության ժամկետներն ավարտին են մոտեցել ու արագ ավարտել են գործը՝ Նարեկ Սարգսյանին մեղավոր ճանաչելու հիմքով մտել են դատարան»:

Պաշտպանի խոսքով, դիակի փորձաքննության եզրակացությամբ տրված ժամանակահատվածը, թե կնոջ մահը երբ է  վրա հասել, չի համապատասխանում մեղադրանքի մեջ առկա ձեւակերպումների հետ: Ըստ փաստաբանի՝ դատաբժիշկը չի բացառել նաեւ, որ մահը լիներ բժշկական անփութության արդյունք: Նարեկ Սարգսյանը կալանքի տակ է, չնայած այս ընթացքում պաշտպանը սկսած  տնային կալանքից մինչեւ այլընտրանքային խափանման այլ միջոցներ միջնորդել է, սակայն դատարանը մերժել է:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի մայիսի 04-ին՝ժամը 21:15-ից մինչև 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6-րդ շենքի 100-րդ բնակարանում իր նախկին կնոջ՝ Տաթևիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր՝ Լիանա Սարգսյանի ներկայությամբ բռնություն գործադրելով և խեղդամահ անելով սպանել է Տաթևիկ Աբրահամյանին:

Աննա Ծառուկյանը մեզ նաեւ հայտնեց, որ բոլոր վկաների ցուցմունքները վերաբերում են սպանվածի ու սպանության մեջ մեղադրվողի նախկին հարաբերությունների մասին, միայն մեկ վկան՝ հարեւանն է պատմում դեպքից մեկ ժամ առաջվա իրադարձությունների մասին, ինչը ըստ փաստաբանի, գործի նյութերին չի համապատասխանում: Մեր հարցին, թե հատկապես ի՞նչ է պատմել հարեւանը, որ լսել է աղմուկ, աղաղակ, վեճի ձայնե՞ր, ի պատասխան Սարգսյանի պաշտպանն ասաց՝ մարտավարական առումով չի կարող գաղտնազերծել, որովհետեւ էական հակասություններ կան այդ վկայի ցուցմունքի եւ գործի նյութերի միջեւ:  Նարեկ Սարգսյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Տուժողի իրավահաջորդ Հովիկ Սուքիասյանը մեզ փոխանցեց, որ այս փուլում իր վստահորդի հետ համաձայնություն չունի մամուլին գործից տեղեկություններ տրամադրել: Նա միայն հայտնեց, որ երեխան մորական տատի ու պապի խնամքին է այս պահին հանձնված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031