«Եթե թենիսի կորտերը պետք է մնա, պետք է ծառայի՝ որպես հանրության շահ, և մեկ կամ երկու կորտեր ինչ-որ օրերի պետք է անվճար հիմունքներով հանրությանը հասանելի լինի»,- Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից կազմակերպված Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումների ընթացքում կարծիք հայտնեց բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը։
Ըստ նրա՝ կորտերը հանրային շահ չի հետապնդում․ դա բիզնես շահ է․ «Տվյալ դեպքում դա հանրային շահ չեմ համարում, կողմ եմ, որ այդ կորտերը պետք է տեղափոխվեն։ Կորտերը ցանկապատ է, որը հնարավոր է հենց վաղն էլ հանել, բայց փոխարենը Երևանի քաղաքապետարանից հնչեց ներդրումային ծրագիր, որը, բնական է, որ շահ պետք է հետապնդի՝ ռեստորան կամ շենքեր։ Կորտերը վաղն էլ կարող են քանդել, բայց որ անհայտ է՝ ռեստորան, թե շենք է լինելու, դա լավ չէ։ Ես դեմ եմ, որ այգում նման շինություններ լինեն»։
Ըստ Արթուր Չախոյանի՝ երբ խոսում ենք հանրային շահից, ինքը պատկերացնում է հանրությունից բխող շահ․ «Օրինակ՝ այդտեղ տեսնում եմ միանշանակ կոռուպցիա, և բազմիցս հանրայնացրել են լրատվամիջոցները Էվոկաբանկի հետ կապված խնդիրը։ Հանրային շահ են ուզում հետապնդել, խնդրեմ՝ Կոնսերվատորիայի այգին․ այնտեղ լրիվ չորացած ծառեր են։ Թող Երևանի քաղաքապետարանը երևանցիներին վերադարձնի հանրային շահ կանաչ այգի։ Բայց այդ քայլերը չեն ձեռնարկվում։ Խոսում են ներդրումային ծրագրերից, կորտերը հանենք, ներդրումային ծրագիր դնենք, բարեկարգենք։ Ոնց որ Մերգելյանի այգի՞ն արեցին։ Այնտեղ էլ էր չէ՞ հանրային շահ։ Երկրորդ-երրորդ տարին է ծառերը կտրեցին, քանդեցին, անցյալ տարի այնտեղ անախորժ պատմությունից մարդ է մահացել։ Ես չեմ վստահում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, քանի որ Երևանի քաղաքապետարանից բազմիցս ամպագորգոռ հայտարարություններ են հնչել, որոնք վերջնական արդյունքին չեն համապատասխանել․ ասում են մեկ բան, անում՝ ուրիշ։ Տվյալ դեպքում չեմ վստահում, որ կորտերը հանելուց հետո կորտերի հատվածում օրինակ երեսուն հարկանի շենք չեն սարքի։ Եթե կորտերը հանում եք, բարեկարգեք, դա այլ բան է, եթե հանում եք, ներդրումային ծրագրի անվան տակ ռեստորան, սրճարան, շենք կառուցում, որը դեռ հայտնի էլ չէ, նախագիծ էլ չկա, դա անհասկանալի է»։
Արթուր Չախոյանը այս հանրային քննարկման նախաձեռնող Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությանը հորդորեց հանրային քննարկում կազմակերպել նաև քաղաքաշինության, շինբարեկարգման աշխատանքների վերաբերյալ և վստահեցրեց՝ շատ բան ունի ասելու․ «Հավաստիացնում եմ՝ Երևանի քաղաքապետարանում լիքը փող կա, որը ծախսվում է ոչ նպատակային, որը կարելի էր նպատակային ուղղել հանրության իրական շահի համար, գոնե Կոնսերվատորիայի այգին հանրային շահ ճանաչեին ու բարեկարգեին»։
Կարդացեք նաև
Բլոգերը նաև նորմալ չի համարում, որ հանրային քննարկմանը չեն մասնակցում Երևանի քաղաքապետարանից, ներկա չէ նաև թենիսի կորտերի տնօրենը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ