Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ալեքսանյանի քացով խփելը, Արթուր Հովհաննիսյանի՝ լեզուներ կտրելու սպառնալիքը ցույց տալու համար կարո՞ղ են տուգանվել. ԱԺ-ն ու քրեական ենթամշակույթը

Հունվար 30,2024 21:01

Համացանցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի նոր նախագծի հետ կապված, որով արգելում են բռնություն, քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերն ու հաղորդումները հեռարձակել ցերեկային ժամերին, տարածում են հայտնի ֆիլմերի անուններ, թե որ ֆիլմերը կարող են համարել այդպիսին ու արգելել՝ Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», որովհետեւ քրեական աշխարհում է ընդունված մինչ դատավարությունը տղերքով նստել ու դատի իմիտացիա անել, ինչպես դա անում են ֆիլմում հովիվները, «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Թռիչք կկվի բնի վրայով», «Դոգվիլ», «Սեւ կատու, սպիտակ կատու», «Լեոն», «Պրոֆեսիոնալը», «Խաղալիք» եւ այլն:

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Հովհաննիսյանը, հարցին՝ փաստորեն, այս ֆիլմերը չե՞ն կարողանալու դիտել սահմանված ժամից դուրս՝ պատասխանեց. «Ցավոք, այո: Հիմա ֆիլմերի անուններով խոսել չեմ ուզում, որովհետեւ ես ինքս այդ սահմանադրական մարմինը չեմ, ՀՌՀ-ի 7 հոգանոց խումբը ես չեմ: ՀՌՀ-ն ինքը պետք է չափորոշիչներ սահմանի եւ որոշակի իմաստով նաեւ հայեցողական գնահատական տա՝ ելնելով իրենց մասնագիտական մոտեցումներից: Մեր ասածը հետեւյալն է՝ հանրային մուլտիպլեքսով, որը մեծապես պետական միջոցներով է, այն ժամերին, որտեղ հեռուստաեթերը հասանելի է երեխաների համար, ցույց չտանք, չափահասները կարող են 12-ից հետո գիշերը դիտել»:

Հարցին՝ եթե ՀՌՀ-ի հայեցողությանն եք թողնում, չե՞ն կարող ընդդիմադիր հեռուստաընկերությունների նկատմամբ խտրական մոտեցում ցույց տան՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, այդպես կարելի է ամեն ինչի մասին ասել: ՀՌՀ-ն սահմանադրական մարմին է: Մենք օրինական, ժողովրդական երկրում ենք ապրում, դուք դրա մասին շատ լավ գիտեք: Իմ գործը օրենք գրելն է, ես եւ իմ ընկերները վերահսկողություն մշտապես իրականացնում ենք ՀՌՀ-ի աշխատանքի հետ կապված»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ հաճախ քրեական ենթամշակույթի տարրեր լինում են նաեւ Ազգային ժողովի նիստերի ժամանակ, սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱԺ նիստ լուսաբանելը դառնում է խնդրահարույց, որովհետեւ կարող է տեսագրությունը ցույց տան, որ Վահագն Ալեքսանյանը գալիս, քացով հարվածում է ընդդիմադիրներին, դա համարվի արդեն բռնություն: Նա պատասխանեց. «Չէի մտածել, միտք տվեցիք՝ մտածենք: Կատակը մի կողմ՝ պախարակելի է ցանկացած նման երեւույթի դրսեւորում ցանկացած տեղում, հատկապես՝ Ազգային ժողովում: Եղել են ԱԺ-ում միջադեպեր, որոնց վերաբերյալ մենք մեր հանրությունից ներողություն խնդրել ենք, անգամ այն դեպքում, երբ որ ինքներս էլ ենք եղել մեղավոր»:

Հիշեցրինք, որ Արթուր Հովհաննիսյանն ինքը ԱԺ հանձնաժողովի նիստում սպառնում էր մարդկանց լեզուները կտրել, ուստի ճշտեցինք՝ երբ դա հեռարձակեն, կարո՞ղ է տուգանվեն բռնության կոչի համար՝ նա պատասխանեց. «Դա արդեն գնում է քրեաիրավական տիրույթ, դրա գնահատականը կտրվի քրեաիրավական տիրույթում կամ չի տրվի»:

Դիտարկմանը՝ այսինքն, ձեզ լուսաբանելը դառնում է խնդրահարույց՝ Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Չէ, ինձ լուսաբանելը բացարձակ խնդրահարույց չի, ես ձեզ հորդորում եմ մշտապես ինձ լուսաբանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031