Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դպրոցահասակ երեխաները դպրոցում «արա» բառի համար իրար դանակահարել են». Արթուր Հովհաննիսյանը՝ քրեական ենթամշակույթի մասին

Հունվար 30,2024 20:02

Այսօր ԱԺ-ում քննարկվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով արգելվում է քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը, հաղորդումները հանրային մուլտիպլեքսում ցուցադրել ցերեկային ժամերին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց. «Միանգամից մտքիս գալիս են համաշխարհային կինոարվեստում հետք թողած ֆրանսիական «Պրոֆեսիոնալը», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», ռուսական մշակույթից «Հանդիպման վայրը չեն փոխում» ֆիլմը, որտեղ Վիսոցկին է խաղում ու այդտեղ սահմանը այնքան նուրբ է՝ դրակա՞ն ազդեցություն են թողնում այդ ֆիլմերը՝ դաստիարակչական իմաստով, թե՞ ռոմանտիզացնում կամ քարոզում են քրեական ենթամշակույթը: Ես ոչ միայն երեխաների իրավունքներն եմ պաշտպանում, այլ նաեւ՝ մեծերի, դուք ինձ հարկադրում եք, որ ես գիշերը չքնեմ ու ժամը 24-ից մինչեւ առավոտվա 6-ը իմ սիրած ֆիլմերը նայեմ»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը բերելիս ելել են այն երեւույթներից, որոնք կան մեր հասարակությունում. «Օրինակ, դպրոցահասակ երեխաները դպրոցում «արա» բառի համար իրար դանակահարել են: Մենակ էս մի դեպքը բավական է, որ մենք բոլոր հնարավոր տեղերում փակենք քրեական ենթամշակույթի մուտքը: Մենք բոլորս տեսնում ենք մարդիկ իրար հետ ինչ լեքսիկոնով են խոսում, հեռուստաեթերում հումորային հաղորդումներում ինչ լեքսիկոնի վրա է դրված խաղադրույքը, մենք պետք է կանխարգելենք այս ամեն ինչը որեւէ կերպ: Ինչ վերաբերում է հայտնի ֆիլմերին՝ «Կնքահայրը» եւ այլն, այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս օրվա ցանկացած ժամին աշխարհի ցանկացած երկրում դիտել ցանկացած ֆիլմ՝ ցանկացած լեզվով, հետեւաբար պարտադիր չի հանրային մուլտիպլեքսով ստիպել երեխային, որ դաստիարակվի «Կնքահայրը» ֆիլմի մոտիվներով, որքան էլ արժեքավոր է: Այն արժեքավոր չի երեխաների դաստիարակության տեսանկյունից»:

Ըստ նրա, այս փոփոխությունները կարեւոր են, որ հանրային հարաբերությունները չվերածվեն բանտային հարաբերության:

Լիլիթ Գալստյանը հորդորեց գոնե ժամը 22-ից ցուցադրել, որ աշխատող հասարակությունը գեղագիտական կրթություն ստանա դրանցով: Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց, որ այդ ժամային սահմանափակումը միշտ եղել է. «Ձեր ասածից կարող է լինել՝ մեծահասակներին թույլատրենք ժամը 10-ից էրոտիկ ֆիլմեր նայել: Կներեք, չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031