Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանություններն այդ բարոյական լեգիտիմությունը չունեն՝ գնալ այդ քայլին»․ Վիկտոր Մնացականյանը՝ թենիսի կորտերը քանդելու մասին

Հունվար 30,2024 19:50

«Այսօրվա իշխանություններն այդ բարոյական լեգիտիմությունը չունեն՝ գնալ այդ քայլին»,-Երևանի քաղաքապետարանում «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից կազմակերպված Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումների ընթացքում հայտարարեց քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերը քանդելու՝ քաղաքային իշխանության մտադրություններին։

Նա ենթադրում էր՝ քաղաքային իշխանություններից որևէ մեկը ներկա կլիներ այս քննարկմանը։ Նրանց բացակայությունը Վիկտոր Մնացականյանը համարում է անարգանք երևանցու հանդեպ․ «Անգամ ներկա չեն պրոֆիլային մի քանի վարչություններ՝ բնապահպանություն, քաղաքաշինություն, բարեկարգում, ներդրումներ և այլն։ Էլ չեմ ասում, որ իշխող ավագանու ներկայացուցիչները, նաև Կենտրոնի թաղապետարանից ներկա պիտի լինեին, մինչդեռ տեսնում եմ՝ քաղաքապետարանից միայն հասարակայնության հետ կապերի վարչությունն է ներկա։ Երևում է, իրենք հիշում են, որ ընդամենը ինը տոկոս քաղաքական քվե ունեցող կուսակցություն ու իշխանություն են, և եթե ինչ-որ մի ձև իրենց ձեռքը ընկել է կնիքն ու աթոռը, իրենք պետք է նվազագույն հարգանք ունենային երևանցու հանդեպ։ Անգամ, եթե երևանցիների 10 տոկոսը իդենտիֆիկացնում է թենիսի կորտերը՝ որպես մեր պատմության, ինքնության մաս, իրենք պետք է հարգեին ու դադարեցնեին այդ բոլոր քննարկումները։ Ինը տոկոսը նշում եմ՝ մենք էլ արդեն սկսել ենք մոռանալ, որ ինը տոկոսի ու զարտուղի ճանապարհներով են զբաղեցրել այդ պաշտոնը, բայց նրանք չունեն նաև բարոյական լեգիտիմություն անելու նման չարաբաստիկ չակերտավոր բարեկարգումներ»։

Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ հերթական անգամ ցույց են տալիս, որ Երևանի քաղաքապետարանի մի ձեռքը չգիտի՝ մյուսն ինչ է անում․ «Մի տեղ տալիս են շինթույլտվություն, մյուս տեղում քանդում են, մի տեղ ապամոնտաժում են տաղավար, մյուսում դնում են բոքսի տանձիկ կամ դիմացը սարքում են ավտոկայանատեղի։ էլի ընկել ենք փողի հետևից․ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, մենք այդ ազդանշանները ամեն օր մամուլով ստանում ենք։ Երևանն ընկել է պսևդոկառավարիչների, շառլատանների և բանկիրների վարկային մտածողություն ունեցող մարդկանց ձեռքը»։

Վիկտոր Մնացականյանը փաստեց՝ Օղակաձև զբոսայգում թենիսի կորտերը մեր ինքնության կարևոր մասն է․ «Այն կառուցվել է 1966-ին, պետք է հասկանալ՝ ի՞նչ է եղել Երևանում այդ ժամանակ։ Այդ ժամանակ հիմք են դրվել Երևանյան լճի, ճոպանուղու, պատմական ԳՈՒՄ-ի, Երազ գործարանի։ Ինչ երազանքներ են ունեցել մեր ծնողները, որ սա կառուցել են»։ Վիկտոր Մնացականյանն ասաց՝ այն անձը, որը ներկայացվում է Թենիսի կորտերի տարածքի կառուցապատող, ոչ մի փաստաթուղթ չունի․ «Իրենք մի տեղ տնավարի կամ նախընտրական խոստումներով բաներ են խոսք տվել։ Կա պայմանավորվածություն։ Շնորհակալ ենք, որ այդ ներդրողը ժամանակին Արամ Խաչատրյանի հուշարձանն է ֆինանսավորել, լսեցի, որ Աղասի Խանջյանի ամառանոցն են ուզում վերանորոգել։ Կան բարոյական իմպերատիվներ․ չի կարելի մի բանի հաշվին մեկ այլ բան կառուցել»։

Ըստ նրա՝ բոլոր գործողությունները պետք է կազմել այն տրամաբանության մեջ, որ այս մարդիկ չեն ներկայացնում այսօրվա Երևանի շահը․ «Առաջարկում եմ հասկանանք մի բան, որ եթե իրենք՝ որպես քաղաքային իշխանություն բողոքում են՝ փող չունեն, որ նոր բերված ավտոբուսների անվադողերը փոխեն, դժվար է այդ մարդկանց հետ ռազմավարություն կառուցել։ Դժվար է այդ մարդկանց հետ ռազմավարություն կառուցել, որոնք թույլտվություն են տալիս Երևանի սրտում 18 հարկի շինթույլտվության՝ Աբովյան փողոցում՝ Ազնավուրի հրապարակում։ Մենք ժամանակին պարոն Մարությանի հետ այդ շենքի պատճառով ենք կառավարության հետ խնդիրներ ունեցել։ Նույնը Պարոնյան փողոցի վրայի շենքը։ Արժանահավատ չեն այն մարդկանց խոսքերը, որոնք հիմա քննարկում են քանդել Սարյանի Հայփոստի շենքը, չի կարելի այդ մարդկանց հետ բանակցությունների մեջ մտնել, երբ նրանք ճանապարհ են գծում Զվարթնոց օդանավակայանը քանդելու»։

Վիկտոր Մնացականյանն ասաց՝ անմիջապես թենիսի կորտերի դիմաց է ապրում, բայց խզվածություն է այդտեղ տեսնում․ «Մենք կարող ենք մեր մասնագետներով կազմել մի առաջադրանք։ Ճանապարհը թենիսի կորտի մինչև չկպնի համալսարանին, այդ խաթարումը չի լուծվի։ Ներկայացնենք այլընտրանքային մի նախագիծ, քանի որ հիմա Օղակաձևն ինքը՝ որպես կղզի է․ մոտ ապրողներս չենք կարողանում այդ այգում զբոսնել։ Եկեք վերաիմաստավորենք, առաջարկություն տանք։ Երբ նայում ենք՝ թենիսի կորտերի և համալսարանի մուտքի՝ շատրվանների մասը կտրված են իրարից։ Կարելի է դա միացնել։ Մենք թենիսի ակումբին կարող ենք խնդրել ու բացատրել, որ սոցիալական արդարության էլեմենտ կա․ ժամը 06-14․00-ը լինի անվճար։ Այդ դեպքում կարող է մի հատ էլ բասկետբոլի կորտ սարքենք։ Գրագետ բան անենք, որ զբաղվեն․ միայն թենիսի համար չգան։ Եթե քանդեն սրճարանները, դրա տեղը էս դարի օգտակար մի բան կառուցեն, դա լավ կլինի։ Պետք է քաղաքային իշխանություններին գրենք այս առաջարկությունները և ասենք՝ մինչև չլինի ռազմավարական մաստեր պլան, անիմաստ է խոսել նման բաների մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031