Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում, որ Սպայդերմենի տեղը գողերը լինեն». Քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերը կցուցադրեն 18+ էրոտիկ ֆիլմերի ժամին. Ալեն Սիմոնյանի ու Արթուր Հովհաննիսյանի նախագիծը

Հունվար 30,2024 19:11

Քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը, հաղորդումները այսուհետ հանրային մուլտիպլեքսում՝ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն այն ժամանակ, երբ 18+ էրոտիկ կամ սարսափ ֆիլմերն են ցուցադրում՝ ժամը 24-ից մինչեւ առավոտյան 6-ը: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը օրենքի նախագիծ են մշակել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին:

Այսօր գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ Արթուր Հովհաննիսյանը բացատրեց, թե ինչ նկատի ունեն՝ քրեական ենթամշակույթի քարոզ ասելով. Ըստ էության, խոսքը այսպես ասած «գողականների» ռոմանտիզացված կերպարների տարածման մասին է, որոնք ազդում են անչափահասների վրա, պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, քարոզում են անբարո ապրելակերպ:

ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկեց, որ catch up-ի հնարավորության ժամանակ կոդ հավաքեն երեխաների համար, ինչպես 18+ ֆիլմերի դեպքում է: Նա նաեւ ասաց, որ հանցագործ աշխարհի բարքերի հետ կապված սահմանափակումներ օրենքում կան, ի՞նչ նպատակ ունի սա բերել, նորից օրենքում ֆիքսել. «Ես հիշեցի բոլորին հայտնի «Բրիգադա» ֆիլմը, որտեղ ամբողջ սերիալում այդ կերպարների ռոմանտիզացիա է, իրենք ընկերներով հաջողություններ են ունենում, հարստանում են, վերջում ընկերներին կորցնում է, հիմա սա քարո՞զ է, թե՞ հակաքարոզ է: Այս չափորոշիչը շատ հստակ պետք է լինի ո՞ր ֆիլմն է քարոզ, որը՝ ոչ»:

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ «Բրիգադայի» վերջում լավ ավարտ չի ունենում ֆիլմը ու ըստ էության, այդ կյանքը լավ տեղ չի տանում. «Հեռուստաեթերում, եթե անգամ մեկ սերիա ցուցադրվի, որտեղ չկա ձեր ասած վատ վերջաբանը, այդ կերպարների ռոմանտիզացիա կա, այդքանը արդեն հերիք է, որ անչափահաս երեխան դրանից ոգեւորվի: Երեխաներ կան, որ «Սպայդերմենն» են նայում ու հետո բավականին բարդ է լինում նրան համոզել, որ չկրկնի այդ կերպարի գործողությունները: Հիմա ես չեմ ուզում, որ Սպայդերմենի տեղը գողերը լինեն: Կամ «Կառլսոնը», նու, ֆռռիկի պահը մի քիչ դժվար է, բայց, ամեն դեպքում…»:

Ինչ վերաբերում է catch up-ին, նա ասաց, որ կա կաբելայինը ու ամբողջությամբ հնարավոր չէ կարգավորել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեկ հոդված էլ իմ կողմից ավելացրեք՝ցանկացած հաղորդման ընթացքում գովազդը ավելի բարձր ձայնով չպետք է լինի քան հիմնական հաղորդումը….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031