Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է Գյումրու կենդանասեր փոխքաղաքապետի արշավը․ քաղաքի կենտրոնում նոր լուսանկարներ են հայտնվել

Հունվար 30,2024 19:00

Գյումրու նորընտիր փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը շարունակում է իր նախաձեռնած գովազդային արշավը՝ թափառող կենդանիներին տուն տանելու, որդեգրելու թեմայով։

Անդրադարձել ենք, որ օրեր առաջ քաղաքի կենտրոնում հայտնվել էր սոցիալական գովազդ՝ շան նկարով, որտեղ կենդանին հորդում էր իրեն տուն տանել։

Այսօր թափառող կենդանիների նոր լուսանկարներն են հայտնվել՝ ավելի հուզիչ գրառումներով՝ «Որդեգրեք, մի գնեք մեզ․ Ես կլինեմ քո լավագույն ընկերը», «Ես քո սիրո ու ջերմության կարիքն ունեմ»։

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Գյումրիում թափառող կենդանիների խնդիրն ամենահրատապն է․ չկա որևէ ավագանու նիստ, որտեղ նրանց ապաստարանների անհրաժեշտության թեման չարծարծվի, գրեթե չկա նաև այդպիսի օր, որ շների հարձակման դեպքեր չգրանցվեն։

Ու քանի դեռ թափառող կենդանիների խնդրին խելամիտ լուծում տրված չէ․ թաղեր կան, որտեղ մարդիկ ահուդողով են մտնում․ Գյումրիում շարունակվում է հակասական վերաբերմունքը նրանց հանդեպ։

Բնակիչներից ոմանք իրենց բակի շներին տիրություն են անում, կերակրում, ոմանք էլ նյարդայնանում են, շներին սատկեցնելու, ոչնչացնելու կոչեր հնչեցնում։

Ու մինչ ապաստարանների հարցի լուծումը․ Գյումրու քաղաքապետարանն, իր հերթին, սոցիալական գովազդներով մարդասիրության կոչեր է հնչեցնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031