ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ամփոփել է իր մեկամյա գործունեության արդյունքները։
Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում նշված գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։
Թվով 86 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ 2022թ․ ընթացքում նման 36 քրեական վարույթի դիմաց: Կարճվել է 515 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187-ի դիմաց: Այսինքն՝ նախաձեռնված քրեական վարույթների քանակը, նախորդող տարվա համեմատ, ավելացել է 63%-ով՝ էականորեն ավելացնելով վարչության քննիչների ծանրաբեռնվածությունը, սակայն այդ պայմաններում դատավարական ավարտ ունեցած վարույթներն ավելացել են 169,5%-ով:
Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամ, որը, 2022թ․ համեմատ (23մլրդ. 185մլն. ՀՀ դրամ), ավելի է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ 2022թ․ միայն մեկ վարույթով է վերականգնումը կազմել շուրջ 19մլրդ. ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ 2023թ․ վերականգնվել է պետությանը պատճառված այնքան վնաս, որքան վերականգնվել է 2017-ից 2021 թվականներին միասին վերցրած։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ՝ գլխավոր վարչությունում քննվող տնտեսական բնույթի հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240 անձի վերաբերյալ։
Քննված վարույթները վերաբերել են՝
- Առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքերին,
- Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերին,
- Հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերին,
- Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տարբեր դեպքերին,
- Ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու դեպքերին,
- Փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքերին,
- Փողերի լվացման դեպքերին,
- Թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում` նաև ՀՀ տարածքով, որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման դեպքերին:
Էական արդյունքներ են ապահովվել հարկային պարտավորություններից խուսափելու հանցավոր սխեմաների բացահայտման առումով։ Մասնավորապես, վերականգնված՝ պետությանը պատճառված վնասից ավելի քան 8մլրդ. դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագրի ապահովման միջոցով մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում նաև՝ մանրածախ առևտրի ցանցերում ներգրավված առևտրային կենտրոնների ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի, իսկ 7.5 մլրդ. ՀՀ դրամ գումարը՝ ավտոներկրման և իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում:
Հարուցված քրեական վարույթներով գլխավոր վարչության քննիչների կողմից կայացվել են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներ։
Միաժամանակ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը տնտեսական հանցագործությունների վերաբերյալ վարույթներով ձեռնպահ է մնացել ընկերությունների հաշիվների և դրամական միջոցների վրա արգելանք կիրառելու ընդգծված պրակտիկայից:
Բացի այդ, իրականացվել է քրեաիրավական տիրույթում հայտնված տնտեսվարողների նկատմամբ, անհրաժեշտ հիմքերի առկայությամբ, խրախուսական նորմի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու մոտեցում, որոնք հետապնդել են տնտեսվարողների բնականոն գործունեությունը չխոչընդոտելու նպատակ։
Այս պրակտիկայի արդյունավետության և տնտեսվարողների հետագա հարկային վարքագծի գնահատման նպատակով ՀՀ քննչական կոմիտեում իրականացված ուսումնասիրությունը փաստել է, որ նշյալ սուբյեկտների կողմից հիմնականում դրսևորվել է շրջանառության էական ավելացում և օրինապահ հարկային վարքագիծ, ինչպես նաև չեն արձանագրվել կրկնահանցագործության դեպքեր:
ՀՀ քննչական կոմիտե