Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք լինի՝ բուլդոզերների տակ էլ ենք պառկելու․ միակ բանը որ փոխվել է՝ մի քիչ ծերացել ենք․ բուլդոզերի տակ որ պառկենք, մեջքներս կցավա»․ Հայկ Մարության

Հունվար 30,2024 17:08

«Ուզում եմ արձանագրել, որ 2018-ից վեց տարի անց նորից հավաքվել ու զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին բոլորս հավաքվել ու հեղափոխություն էինք իրականացնում ՀՀ-ում։ Այսինքն՝ փաստացի այդ բոլոր երազանքներն ու նպատակները, որ մենք դրել էինք 2018-ին՝ արագ հօդս ցնդեցին, ու նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել ու պայքար ենք մղում մեր կանաչ տարածքների համար այս դեպքում, տարբեր կետերում տարբեր խնդիրների շուրջ։ Մինչդեռ 2018-ին թվում էր, թե բոլոր այս խնդիրները քայլ առ քայլ կսկսվեն ուղղվել»,- Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային լսումների ընթացքում հայտարարեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։

Նշենք, որ հանրային լսումը կազմակերպվել է այս խմբակցության նախաձեռնությամբ։

Հայկ Մարությանը ներողություն խնդրեց ուշացման համար և ասաց՝ ինչպես կյանքը ցույց է տալիս՝ կարմիր գծերի թանկացումը ոչ մի օգուտ չբերեց այս քաղաքին․ «Խցանումները նույն ձև են, ձնամաքրման ու փոսերի մասին չխոսենք՝ կարծում եմ՝ երևանցիները տեսնում են առանց մեր ասելու էլ»։

Ըստ Հայկ Մարությանի՝ Օղակաձև այգին վեց հատված ունի, և դրանք պետք է դիտարկել ընդհանրության մեջ։ Նա Օղակաձև այգին համարեց Երևանի թոքերը, որոնք հիմա թոքախտով են հիվանդացել ու մոտենում են քաղցկեղին, ուստի ըստ նրա՝ հասել ենք մի կետի, որ այլևս չի կարելի թույլ տալ ոչ մի քառակուսի մետր ավել այդ տարածքները խլել երևանցուց։

Ըստ Հայկ Մարությանի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության դիրքորոշումն է այն, որ բոլոր այն հանրային կանաչ տարածքները, որ դեռ պատկանում են համայնքին, դեռ սեփականաշնորհված չեն, պետք է մնան հանրությանը․ «Կներեք՝ 50-99 տարով վարձակալությունը սեփականության պես մի բան է»։ Ըստ նրա՝ այն հույսով, որ մասնավորը մի երկու ծառ կտնկի այդքան երկար վարձակալության տալն անընդունելի է։ Հայկ Մարությանի համոզմամբ՝ դա համայնքը պիտի անի, մանավանդ, որ երևանցին արդեն զգում է իր վրա գույքահարկի թանկացումը, հետևաբար պետք է այդ գումարի էֆեկտը զգա։

Հայկ Մարությանն ասաց, որ չպետք է բացառել նաև բարերարների մասնակցությունը․ «Բարերարների ներգրավումը եղել է իմ պաշտոնավարումից առաջ, իմ պաշտոնավարման ընթացքում։ Օրինակները կան։ Այն մոտեցումը, որ դե այս տարածքը տանք մի մասնավորի, ինքը սրճարան կսարքի, կբետոնապատի, մի երկու հատ էլ ծառ կտնկի՝ անընդունելի է։ Փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, պետք է մի բան ինքն էլ անի, որ մեզ տա։ Ոչ մի բան էլ չպետք է անի մասնավորը, ոչ էլ պետք է․ համայնքը պետք է դա անի։ Մեր պաշտոնավարման ընթացքում Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը սիրուն ձևով համայնքի բյուջեով բարեկարգել ենք․ գույքահարկի այդ գումարները չկային։ Բարերարները մեզ հետ համատեղ Սքեյթ պարկը կառուցեցին, կառուցեցինք շների համար այգին, դրանք անվճար տրվել են երևանցուն։ Այդ մարդիկ դրա դիմաց ոչ մի բան չեն ստացել։ Սկզբից եղել են խոսակցություններ՝ իսկ կարո՞ղ է այստեղ մի փոքրիկ օֆիս ունենանք թեկուզ 20-30 քմ, բայց կտրուկ պատասխան է եղել՝ հարգելիներս, ձեզ շատ շնորհակալ ենք, որ անում եք, բայց չի լինելու։ Եկեք ձեր տարածքները մի այլ տեղ անենք։ Փայլուն օրինակներից մեկը Վարդանյանների ընտանիքի նվերն է։ Այդ մարդիկ մի ամբողջ սիրուն այգի են նվիրել Երևանին, բայց այնտեղ ոչ մի սրճարան, տարօրինակ շինություններ, որոնք չպետք է լինեն այգում, չկան»։

Ըստ Հայկ Մարությանի՝ չկա գումար այս մի հատվածը կամ այն մյուսը վերականգնելու, ապա պետք չէ ձեռք տալ․ խնամել՝ ոնց կա, հետո հնարավորության դեպքում նոր անդրադառնալ։

Երևանում թենիսի կորտերի փոխարեն, թե ինչ է առաջարկվում դրա մասին խոսելով՝ Հայկ Մարությանն ասաց․ «Ամֆիթատրոն, շինություններ․ այն, ինչ ես տեսել եմ, խայտառակություն է, տալ, որովհետև երկու ծա՞ռ են տնկելու։ Դա աբսուրդ է»։

Հայկ Մարությանն ասաց, որ իրենք շատ կանաչ տարածքներ են վերադարձրել Երևանին․ «Խոսքը օպերայի հատվածի մասին է։ Այնուհետև հանեցինք շինությունները, որոնք ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չունեին, և փաստացի մնացին փաստաթուղթ ունեցողները։ Մեր տրակտորները մինչև վերջ կարող էին քանդել ամեն ինչ, բայց միակ խնդիրն այն էր, որ այդ մարդիկ կմտնեին դատարան, բավականին մեծ գումարներ կպահանջեին քաղաքից։ Իսկ ես՝ որպես քաղաքապետ մեր ժողովրդից այդ մանդատը չունեի, որ միլիոնավոր դոլարները ծախսեի այդ տարածքները հետ բերելու համար։ Մեր թիմը որդեգրեց այն սկզբունքը, որ մենք կսպասենք․ 2017-ին ավարտվում է պայմանագրի ժամկետը, այդ պահին արդեն բոլոր տարածքները կվերադարձնենք համայնքին։

Հայկ Մարությանն ուրախ է, որ վերականգնվում է ակտիվ քաղաքացու ինստիտուտը, որը խեղդվել էր․ «Մեր թիմը ոնց պայքարել է 10,15,6 տարի առաջ անգամ հեղափոխությունից հետո, ոնց պայքարել ենք, նույն ձև պայքարելու ենք ամեն քաղաքացու համար, բոլոր հանրային շահերի համար։ Մենք խնդիր չունենք։ Եթե պետք լինի, մենք փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի բուլդոզերների տակ էլ ենք պառկելու։ Միակ բանը, որ փոխվել է մեր թիմի մոտ, տարիքն է․ մի քիչ ծերացել ենք։ Բուլդոզերի տակ որ պառկենք, մեջքներս կցավա, հուսով եմ, որ մեր երիտասարդները մեզ կօգնեն, կբարձրացնեն ու կշարունակենք մեր պայքարը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031