Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգալ ո՞ր մեկնաբանությամբ է սահմանվում, որ թքելը չի համարվում խուլիգանություն, իսկ անձի գլխին մաքուր խմելու ջուր լցնելը համարվում է խուլիգանություն

Հունվար 30,2024 15:06

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազը ներկայացրեց Գալեյանին առաջադրված մեղադրանքն ու նրա կատարած արարքի մանրամասները:

Ըստ դատախազի, 2022 թվականի հունիսի 30-ին Գալեյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ, եւ այդ ժամանակ վավերագրական ֆիլմի նկարահանումներ իրականացնող խմբի անդամներից մեկի՝ Դավիթ Ստեփանյանի նկարահանումները դադարեցնելու ոչ իրավաչափ պահանջներից հետո, նրան ստորացնելու նպատակով իր ձեռքի շշի պարունակությունը լցրել է վերջինիս գլխին: Հետո այլ ցուցարարների հետ հայհոյել են Ստեփանյանին, պատռել վերջինիս շապիկը, նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառել:

Մեղադրող դատախազը նաեւ հայտնեց, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Գալեյանը ձեռք է բերել ու անձնական օգտագործման նպատակով պահել թմրամիջոց, որը եղել է երեք միանման փաթեթներում, ինչը հայտնաբերել են իրավապահները նրա անձնական խուզարկությամբ:

Գալեյանը` ի պատասխան նիստը նախագահող դատավորի, հայտնեց, որ չի ընդունում հանրային մեղադրողի ներկայացրած մեղադրանքը, իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատավորի ճշտող հարցին, թե ոչ փաստական հանգամանքները, ոչ իրավական որակումը չե՞ք ընդունում, այս հարցին պատասխանեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

«Մենք մեղադրանքը չենք վիճարկում (խմբ. թմրամիջոց պահելու մասով), բայց որոշ հանգամանքներ ենք ցանկանում ներկայացնել: Երբ Գարիկ Գալեյանի մոտ հայտնաբերվել է նվազ չափով թմրամիջոց, պետք է քրեական հետապնդումն իրականացվեր ի սկզբանե 396 հոդվածով (անձնական օգտագործում), ոչ թե 393 հոդվածով, այն է՝ իրացնելու նպատակով թմրամիջոց պահելը: Այդ հիմքով է ի սկզբանե քրեական հետապնդումն իրականացվել, որ Գարիկ Գալեյանը պիտակավորվի, նրան փակցվի թմրամիջոց իրացնողի պիտակ, նրա անունը, բարի համբավն ու պատիվը արատավորվի, նսեմացվի հասարակության աչքում, քանի որ նրա խոսքն ընդունելի ու ընկալելի է հասարակության համար, ինչը ձեռնտու չէ իշխանությանը: Ամբողջ այդ մասով հետապնդման նպատակը Գալեյանին թմրամիջոց իրացնողի պիտակ կպցնելն է: Քանի որ ի սկզբանե ինքը թմրամիջոց պահել էր իր օգտագործման համար, իսկ առողջական հիմքերն էլ ներկայացրել էի»,- ասաց պաշտպանը:

Անդրադառնալով իր պաշտպանյալին մեղսագրվող խուլիգանության մեղադրանքին, Վահան Հովհաննիսյանը զուգահեռներ տարավ Գալեյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու երեսին թքելու արարքի միջեւ, ինչը , ըստ պաշտպանի, խուլիգանություն էր, բայց իրավապահներն այդ իրավական որակումը չտվեցին. «Նախաքննության ընթացքում միջնորդություն ու բողոք ենք ներկայացրել , որ վարույթ իրականացնող մարմինն ու դատախազությունը մեկնաբանի մեզ այդ խտրական վերաբերմունքի պատճառներն ու հիմքերը։ Լեգալ կամ դոկտրինալ որ գրականությամբ է, կամ լեգալ որ մեկնաբանությամբ է սահմանվում, որ թքելը չի համարվում խուլիգանություն, իսկ անձի գլխին մաքուր խմելու ջուր լցնելը համարվում է խուլիգանություն: Ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում խուլիգանություն է, մեկ այլ դեպքում՝ ոչ: Չէինք ստացել մեկնաբանություն, հետեւաբար, դատարանն էլ ներկայիս քրեադատավարության օրենսգրքով մեղադրանքի պարզաբանում ներկայացնելու պարտավորություն ունի։ Հետեւաբար մինչեւ այս պահը մեզ համար մեղադրանքն անորոշ է, իսկ անորոշ մեղադրանքի մասով դիրքորոշում հայտնելը իրավաչափ չէ: Հետևաբար` խուլիգանության մասով մենք դիրքորոշում չենք հայտնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031