2023-ին Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 47 է, նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով։ Բացարձակապես կոռումպացված երկիր է համարվում 0 միավոր գրանցած երկիրը, կոռուպցիայից բացարձակապես մաքուր է համարվում 100 միավոր գրանցած երկիրը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ ԿԸՀ-ն, որը ցույց է տալիս կոռուպցիայի մակարդակը ողջ աշխարհում։
180 երկրների շարքում լավագույն վիճակում է Դանիան, այստեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 90 է, որեւէ երկրում 100 միավոր չի գրանցվել։ Դանիայից հետո Ֆինլանդիան է, 87 միավոր, ապա Նոր Զելանդիան՝ 85 միավոր։
Կարդացեք նաև
Կոռուպցիայի ընկալման համաթվի ամենացածր միավորը Սոմալիում է գրանցվել, 11 միավոր, Վենեսուելան՝ 13, Սիրիան նույնպես՝ 13։
Մեր հարեւան Վրաստանում ԿԸՀ-ն 53 է, Մոլդովան՝ 42 միավոր, Կոսովոն՝ 41, Ուկրաինան՝ 36, Ուզբեկստանը՝ 33 միավոր։ Այս երկրները վերջին 10 տարիներին զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ արժեքները։
Թուրքիայում ԿԸՀ-ն 34 միավոր է, Ռուսաստանը՝ 26 միավոր։ Այս երկրներն, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի, գրանցել են իրենց ԿԸՀ-ի երբեւէ ամենացածր միավորները։
Տարածաշրջանում ամենացածր ԿԸՀ միավորներն ունեն Ադրբեջանը՝ 23, Տաջիկստանը՝ 20, Թուրքմենստանը՝ 18 միավոր:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ցուցանիշը 50-ից ներքեւ է, ապա կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է այդ երկրների համար»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նրա խոսքով՝ կարեւորն այն է, որ այդ խնդիրը լինի կառավարելի, այսինքն, հնարավոր լինի այնպես անել, որպեսզի կոռուպցիան պետությանը մեծ վնաս չհասցնի․«Եթե միավորը 50-ից ցածր է, նշանակում է՝ չի կառավարվում։ Մենք մոտ ենք այս սահմանին, երբեք չենք հատել այդ սահմանը։ Մենք ունենք պոտենցիալ ի վերջո գալ այն վիճակի, որ կոռուպցիան կդառնա կառավարելի երեւույթ։ Կոռուպցիան վերացնել, արմատախիլ անել մի քիչ տհաճ են իմ ականջին, աշխարհում նման դեպք չի եղել։ Բայց որպեսզի այն չդառնա երկրի տնտեսական աճի, սոցիալական իրավիճակի, բարօրության խաթարող երեւույթ, պետք է միավորը բարձր լինի»։
Հոկտանյանի խոսքով՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի բեռլինյան կենտրոնակայանի ուսումնասիրությամբ՝ բոլոր այն երկրներում, որտեղ կա հակամարտություն, կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակը վատանում է։ Ըստ Հոկտանյանի՝ 2020-ին Հայաստանում ԿԸՀ-ն 14 միավոր աճել էր 2017-ի համեմատ, դա 2018-ին եւ դրան հաջորդող իրադարձությունների հոգեբանական ազդեցություններ է, որի արդյունքում հանրության մոտ կոռուպցիայի ընկալման համաթիվը բարելավվեց։
Վերջին երեք տարիներին ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի լուրջ փոփոխություն չկա, մեծ հաջողություններ կամ վատթարացում էլ չկա։ Այս իրավիճակ որքանով է արտացոլում իշխանության կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանքը կամ կամքը։ Այս հարցին ի պատասխան Հոկտանյանն ասաց՝ միջազգային փորձագետները հիմնվելով զեկույցի վրա, փաստում են՝ 2018-ի հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին ՀՀ- ն ականատես եղավ զգալի ժողովրդավարական եւ հակակոռուպցիան բարեփոխումների, սակայն հետագա տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների սահմանափակ ծավալների պատճառով։
«Խնդիրն այն է, որ կարող են լավ օրենքներ ընդունել, բայց պետք է քաղաքական կամք, որ այդ օրենքները կյանքի կոչվեն։ Կամք եւ ռեսուրներ են պետք, ինչպես նաեւ ռեսուրսները տեղաբաշխել այնպես, որ արդյունք լինի։ Մինչեւ չարվեն լրջագույն քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, մենք կոռուպցիայի դեմ պայքարում իրավիճակի լավացում չենք գրանցի»։
Լրագրողի հարցին՝ վարչապետը կառավարության նիստերից մեկում հայտարարեց՝ որտեղ պատահի կաշառք են վերցնում, ապա սլաքներն ուղղեց դատաիրավական համակարգին, ո՞վ է մեղավոր՝ իսկապե՞ս դատաիրավական համակարգը, թե՞ քաղաքական իշխանությունը, Հոկտանյանը պատասխանեց՝ եթե քաղաքական թիմն իր տեղում լինի, ապա այդ խնդիրը կչեզոքացնի, միայն մեղադրել համակարգին, ճիշտ չէ, մեղավոր է նաեւ քաղաքական իշխանությունը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի