«Ամենամեծ հարցականը եւ լրատվամիջոցների, եւ քաղաքական ուժերի, եւ հասարակության մոտ այն խնդիրն է, որ կասկած կա, որ մեր հանձնաժողովն անկախ չի աշխատում, եւ որոշումներն ինչ-որ չափով գալիս են վերեւից։ Պարզ է, որ այստեղ հանձնաժողովի ոչ մի անդամ չի կարող երդում տալ, հավատալը կամ չհավատալը ձեր իրավունքն է, բայց եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ոչ մի կառույց որեւէ անգամ չի կանխատեսել ՀՌՀ որոշումներն ու աշխատանքը։ «Ճիշտ է, փորձեր եղել են, բայց վերջերս նույնիսկ այդ փորձերը չկան, որովհետեւ բոլորը հասկանում են, որ դա առաջինն արդյունավետ չէ, երկրորդն էլ հակասում է այն արժեքներին, որը փորձում է որդեգրել մեր հանձնաժողովը»,- ասաց նա։
Տիգրան Հակոբյանը հավելեց․ «Մեր կազմը վերջին երկու տարվա մեջ փոխվեց, եւ հանձնաժողովի ամենահին անդամը ես եմ։ Եվ ես ձեզ պետք է անկեղծ ասեմ, որ այն կազմը, որը հավաքվել է, ունակ է անկախ աշխատելու։ Շատ դժվար է Նունե Հախվերդյանին, մեր Գոհարին, Հակոբ Մովսեսին համոզել ինչ-որ բան անել, դա անհնարին է, հավատացնում եմ ձեզ։ Մեզ համար շատ կարեւոր է հանրային վստահությունը մեր հանդեպ բարձրացնելը։ Միշտ փորձեք հասկանալ՝ ի՞նչ կա այս կամ այն որոշման հիմքում, ոչ թե ասեք՝ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Մենք որեւէ ցանկություն չունենք Հերոստրատի համբավ ունենալ եւ լիցենզիայից զրկել որոշ հեռուստաընկերությունների, դա մեր գործելաոճը չէ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ