Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարույթ բացելու հաջորդ օրը եթերից հանեցին Տիգրան Քեոսայանի հաղորդումը»․ ՀՌՀ նախագահը՝ ռուսական ալիքների մասին

Հունվար 30,2024 14:13

«Մեր եթերում բավական բարձրացել է հայերեն լեզվով հաղորդումների թիվը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Մենք գիտենք դժգոհությունը, որ օտար լեզուներով, հատկապես ռուսերեն լեզվով շատ են հաղորդումները, բայց հավատացնում եմ ձեզ, որ ամեն ինչի պետք է նայեք զարգացման մեջ։ Եվ այսօր, եթե հետեւեք հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններին, կտեսենք, որ այնտեղ գրեթե ռուսական բովանդակություն չկա։ Այնինչ, 6-7 տարի առաջ մինչեւ 70-80 տոկոս բովանդակությունը՝ բոլոր ֆիլմերը, հաղորդումների մեծ մասը ռուսերեն լեզվով էր։ Այսինքն՝ մենք գտնում ենք, որ Հայաստանի լեզվական անվտանգությունն ապահովող բավական մեծ քայլեր ենք արել»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այն ինչ թույլատրված է հայկական հեռարձակողներին, չի կարող թույլատրվել օտարներին։ «Հայաստանը ձեւավորում է իր տեղեկատվական օրակարգը՝ իր քննադատությամբ, իր լուսաբանմամբ, բայց Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը նստած օտար ափերում ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, Հայաստանի ղեկավարությանը, անկախ նրանից, մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե ոչ»,- ասաց նա։

Հակոբյանն անդրադարձավ «Սպուտնիկ» ռադիոկայանի հեռարձակումը Հայաստանում 30 օրով կասեցնելու որոշմանը։ Նա նշեց, որ կար օրենքի խախտում՝ բռնության կոչեր, սպառնալիքներ, անթույլատրելի բառամթերքի օգտագործում։ «Դա շարունակական տեսնելով՝ մենք վարչական վարույթ հարուցեցինք, եւ մեզ այլ պատիժ չէր մնում, քան 30 օրով կասեցնել «Սպուտնիկ» ռադիոյի հաղորդումները, որը հեռարձակում է «Տոսպա» ռադիոընկերությունը։

Այստեղ անհասկանալի բան կա ինձ համար՝ «Տոսպա» ընկերությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշեց, որ դատապարտում է այդ բովանդակությունը։ Եվ մեր՝ վարչական վարույթ բացելու հաջորդ օրն իր եթերից հանեց Տիգրան Քեոսայանի հետ այդ հաղորդումը։ Նաեւ Ռուսաստանից պատվիրակություն եկավ, եւ մեր բանակցությունների ընթացքում նրանք նույնպես ափսոսանք արտահայտեցին այդ բառամթերքի համար եւ ասացին, որ դա չի համապատասխանում իրենց խմբագրական քաղաքականությանը։ Այսինքն՝ բոլոր հիմքերը ստեղծեցին, եւ մենք 30 օր հետո վերականգնեցին «Սպուտնիկի» հաղորդումները։ «Տոսպան» մեր կողմից լիցենզավորված ռադիոընկերություն է, եւ մենք իրավասություններ ունենք ստուգել իրենց բովանդակությունը, գործունեության համապատասխանությունը օրենքին եւ կիրառել այն սանկցիաները, որոնք անհրաժեշտ են»,- ասաց Հակոբյանը։

Տիգրան Հակոբյանը հավելեց․ «Ես Ռուսաստանի գործընկերներին եւ «Տոսպայի» ղեկավարությանն առաջարկեցի որեւէ բան չանել, ընդամենը փոխարինել հայ ժողովուրդը ռուս ժողովրդով, մեր ղեկավարի անունն իրենց ղեկավարի անունով եւ Հայաստանը Ռուսաստանով եւ նույն բովանդակությունը տարածել Մոսկվայում։ Դրանից հետո քանի՞ ժամ կապրեր այդ ռադիոն կամ հեռուստաընկերությունը։ Այսինքն՝ մեր վերաբերմունքը համարել կոշտ, ես կարծում եմ՝ որեւէ հիմք չունեն»։

Նա նշեց, որ այս խնդիրը լուծված է, ռուսական կողմից հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ցանկացած նման դեպքում խնդիրն արագ լուծել։

Ինչ վերաբերում է Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներին, Տիգրան Հակոբյանն ասաց․ «Մենք իրենց լիցենզիա չենք տվել, նրանք գործում են՝ համաձայն միջկառավարական պայմանագրի։ Իսկ այդ պայմանագրում որեւէ մեխանիզմ չկա այդ հեռուստաընկերության հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու մասին։ Մեր հանձնաժողովի վրա դրված է միայն մշտադիտարկման մեխանիզմը։ Եթե սրացումներ են լինում, մենք պարբերաբար հատուկ տեղեկանքը կազմում ենք եւ ուղարկում ենք ԲՏԱ նախարարություն, որպեսզի նրանք ռուս կոլեգաների հետ փորձեն այդ խնդիրը լուծել։ Ցավոք, ես կարծում եմ՝ ԲՏԱ-ն լավ չէր կատարում իր պարտավորությունները, որն ամրագրված էր այդ միջկառավարական համաձայնագրում։ Եվ ես մեծ հույսեր ու համոզմունք ունեմ, որ ԲՏԱ նոր նախարարն ավելի հետեւողականորեն կզբաղվի դրանով, որպեսզի Հայաստանի ներքին գործերին խառնվելու, Հայաստանին պախարակելու, ապատեղեկատվություն տարածելու այդպիսի հոսքերն այդ հեռուստաընկերություններում բացառվեն։ Բայց իմ տեսակետը գիտեք, ես հարյուր անգամ հրապարակավ ասել եմ՝ որեւէ օտար հեռարձակող, անկախ նրանից, բարեկամ երկիր է, թե ոչ, մեր հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի։ Հանրային մուլտիպլեքսը պետք է լինի միայն քո տեղական արտադրողների համար։ Ես հույս ունեմ՝ ուշ, թե շուտ մենք դա կանենք։ Աշխարհում որեւէ երկիր չկա, որտեղ հանրային մուլտիպլեքսում կլինեն օտար հեռարձակողներ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031