Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական ենթամշակույթի դեմ եք պայքարում, ֆինանսավորեք այնպիսի սերիալները, որտեղ դրա դեմ պայքար է գնում»․ Տիգրան Հակոբյան

Հունվար 30,2024 13:26

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձավ հարցին, որ մի շարք հեռուստաընկերություններ մեծ պարտքեր են կուտակել։ «Այո, մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին եւ «Արմենիա» հեռուստաընկերությունը, եւ «Ա ԹԻՎԻ» հեռուստաընկերությունը, «Ֆրի Նյուզ», «Դար-21» հեռուստաընկերությունները, մարզային «Ֆորտունան», որոնք մեծ պարտքեր էին կուտակել։ Մեղադրել հեռուստաընկերություններին մենք չենք պատրաստվում։ Սա առիթ է ձեզ ներկայացնելու այն շատ տխուր պատկերը, որն այսօր կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունների բոլորի համար։ Նույնիսկ «Արմենիա»-ն, որը մեծ շահույթ ուներ, այսօր նույնիսկ այդ հեռուստաընկերությունն աշխատում է վնասով։ Եվ վնասով են աշխատում բոլոր հեռուստաընկերությունները»,- նշեց նա։

Տիգրան Հակոբյանն ասաց, որ մի քանի պատճառներ կան։ Նախ` հեռուստաընկերություններն արդեն մենաշնորհ չունեն, դիտելիությունն ընկնում է, եւ գովազդատուները շատ ժամանակ նախընտրում են այլ հարթակներ։ «Մեր հաշվարկով՝ ամեն տարի հեռուստաընկերությունների դիտելիությունը 3-5 տոկոսով ընկնում է։ Եվ ամբողջ աշխարհում դա տեսնելով եւ հաշվի առնելով, որ հանրային մուլտիպլեքսը միակ հարթակն է, որի հեռարձակողները սպասարկում են քո հանրային շահը, պետական շահերը, տեղեկատվական պատերազմների հիմք չեն հանդիսանում, մեխանիզմներ են գտել, որպեսզի հեռուստաընկերությունները նորմալ շահույթով աշխատեն։ Մեզ մոտ լրիվ հակառակը գնաց։ Մի քանի տարվա մեջ Հանրային հեռուստաընկերությանը տվեցին գովազդի իրավունք, որին հանձնաժողովը դեմ էր։ Քանի որ իրենց տվեցին այդ հնարավորությունը, օրինակ, 2023 թվականին Հանրային հեռուստաընկերությունը գովազդի միջոցով աշխատել է մոտ 700 մլն դրամ գումար։ Դա նշանակում է, որ այդ 700 մլն գումարի մեծ մասը գնաց այլ հեռուստաընկերություններից։ Երկրորդ, նախանցած տարի ուժի մեջ մտած շահումով խաղերի գովազդի արգելքը, շատ ճիշտ է, բայց մենք առաջարկում էինք, որպեսզի այդ արգելքը գոնե մի երկու տարի չգործեր հեռուստաընկերությունների համար։ Այնինչ, հանվեց գովազդը, եւ հեռուստաընկերությունները մեկ տարվա մեջ կորցրեցին մոտ 800-900 մլն դրամ գումար։ Սա եւս ծանր վիճակի մեջ է դրել հեռուստաընկերություններին, նաեւ մարզային։ Երբ մենք նայում ենք մարզային հեռուստաընկերությունների գովազդի անկումը, սոսկալի անկում է»,- ասաց նա։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ խնդիրը լուծելու համար ՀՌՀ-ն հետեւյալ լուծումն է առաջարկում։ Ամբողջ աշխարհում հանրօգուտ հաղորդումներ նկարահանելու համար ստեղծվում են ֆոնդեր՝ մասնավոր կամ պետական, որոնց միջոցով ֆինանսավորվում են հեռուստաընկերությունները՝ մանկական, կրթական, մշակութային հաղորդումներ ստեղծելու համար։ «Օրինակ՝ քրեական ենթամշակույթի դեմ եք պայքարում, ֆինանսավորեք այնպիսի սերիալները, որտեղ դրա դեմ պայքար է գնում։ Շատ-շատ են ձեւերը, որպեսզի օգնենք հեռուստաընկերություններին՝ կատարելու իրենց առաքելությունը։ Եվ հստակ է այնտեղ, որ քաղաքական բովանդակությունը չպետք է ֆինանսավորվի, հեռուստաընկերություններն ազատ են իրենց քննադատության մեջ, եթե չեն խախտում օրենսդրությունը»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ առանց պետության աջակցության որակյալ բովանդակություն ապահովելը շատ դժվար է։ «Ամբողջ աշխարհում է այնպես, ոչ որակյալ բովանդակությունը միշտ ավելի մեծ տարածում ունի, քան որակյալը։ Այսինքն՝ եթե Արմենչիկի համերգը կհավաքի 10 միավոր, կբերի շատ գումարներ, ապա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» այդքան չի հավաքի։ Եվ այստեղ պետության աջակցությունն է պետք, որպեսզի հեռուստաընկերությունները կարողանան այդպիսի բովանդակություն ստեղծել»,- ընդգծեց նա։

Հակոբյանն ասաց, որ իր նշած հեռուստաընկերությունների մի մասը փակել են պարտքերը, միայն «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերությունն է շարունակում մեծ պարտքեր ունենալ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031