Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց

Հունվար 30,2024 12:40

«2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր վերահսկողության տակ են եղել 28 հեռուստաընկերություններ։ Դրանք եւ մայրաքաղաքային ծածկույթի հեռուստաընկերություններն են, եւ մարզային, եւ ռուսական երեք հեռուստաալիքը։ Մենք անցյալ տարի արդեն բոլոր 10 մարզերում ունեինք սեփական հեռուստաընկերություններ։ 2019 թվականին մեզ մոտ գործում էր 6 մարզային հեռուստաընկերություն, հիմա գործում են 10-ը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում գործում է 35 ռադիոկայան։ Եթե մինչեւ 2020 թվականը մարզային ռադիոկայաններ էին գործում միայն Գյումրիում ու Վանաձորում, այսօր գրեթե բոլոր մարզերում դրանք կան։ «Շատ կարեւորում ենք, որ հատկապես սահմանամերձ մարզերում, օրինակ, Տավուշում ու Սյունիքում արդեն գործում են տեղական ռադիոընկերություններ»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Հակոբյանի՝ մշտադիտարկման արդյունքում 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, որից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ։ «Ասեմ, որ ամբողջ աշխարհում հակառակ պատկերն է, վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, ֆիզիկական անձանց բողոքների հիման վրա։ Մեզ մոտ, ցավոք, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ թերությունների մասին միայն ահազանգում են կամ մամուլում, կամ սոցիալական ցանցերում՝ չդիմելով կարգավորող մարմին։ 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, իսկ 2013-2018 թվականներին, այսինքն՝ վեց տարվա ընթացքում հարուցվել էր ընդամենը 13 վարույթ։ Համեմատության համար նշեմ, որ 2019-2023 թվականներին հարուցվել է 232 վարույթ։

Եվ այստեղ է, որ շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը։ Այնինչ, այդպես չէ, որովհետեւ վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով, օրինակ, Գովազդի մասին, Լեզվի մասին օրենքները խախտելու համար, շատ են հարուցվում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու դեպքերով։ Եթե մենք կողքից հանում ենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա եւ ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ նախագահն ասաց, որ 2019-2023 թվականներին Վարչական դատարան է ուղարկվել 33 գործ։ Իսկ 2011-2019 թվականներին դատարան էր ուղարկվել ընդամենը մեկ գործ։ «Ինչի՞ մասին է դա խոսում, որ բացի դատական ատյաններից, իրավական հարաբերություններից, մենք չենք փորձում որեւէ ազդեցություն ունենալ մեդիայի վրա։ Մեդիան էլ, եթե գտնում է, որ մեր որոշումները սխալ են, որեւէ խնդիր չունի՝ դիմելու դատարան, ինչը շատ կարեւոր է իրավական պետություն ստեղծելու համար»,- ասաց նա։

Հակոբյանը նաեւ ասաց, որ 2019-2023 թվականներին տրամադրվել է 92 լիցենզիա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031