Aravot.am-ը «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ)-ի տնօրեն Արտաշես Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արման Մալոյանի ղեկավարած Վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի լուծարումը կապ ունի՞ իր հայտնած մասնագիտական կարծիքի հետ:
Հիշեցնենք, որ այդ բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը հանգամանալից անդրադարձել էր Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի թերություններին ու սխալներին:
«Հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի է ունեցել ԿԶՆԱԿ-ի կառուցվածքի փոփոխություն, եւ այդ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ իրենց բաժինը լուծարվել է։ Հիմա ԿԶՆԱԿ-ի կառուցվածքն ուրիշ է, եւ ունենք հաստիքների էական կրճատումներ… Մասնագիտական կարծիք այդ աշխատանքի ընթացքում մարդիկ հայտնում են եւ ազատ են այդ իմաստով, նման խնդիր բոլորովին դրված չէ»,-ասաց Արտաշես Թորոսյանը:
ԿԶՆԱԿ-ի տնօրենը հավելեց. «Այս կառուցվածքային փոփոխությունները նման բաների հետ կապված չեն։ Կառուցվածքային փոփոխությունը կապված է նրա հետ, որ սկզբնական փուլում ԿԶՆԱԿ-ը հիմնականում կենտրոնացած էր հանրակրթության պետական չափորոշչի լրամշակման, փորձնական ծրագրի ներդրման վրա, որն իրականացվեց, հիմա էլ ավարտվում է Տավուշում: Դրա հետ կապված՝ ԿԶՆԱԿ-ի կառուցվածքն ամբողջությամբ համապատասխանեցված էր հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ուղղություններին:
Կարդացեք նաև
Հիմա այդ չափորոշիչը եւ ծրագրերը վերանայվեցին, հիմնական ուղղությունները հստակ են։ Արդեն փոփոխություններ կարող են լինել միայն որոշակի ժամանակ հետո, երբ նոր անհրաժեշտություն առաջանա: Մենք արդեն կարիք ունենք բովանդակային, ավելի՝ դասավանդման մեթոդիկայի, դպրոցի ուսումնական պրոցեսի կազմակերպման հետ կապված խնդիրներով զբաղվելու։ Այդ պատճառով հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ վերանայվել է կառուցվածքը: Նոր կառուցվածքով մենք կրճատել ենք բաժինների թիվը։ Դրա փոխարեն մեծ հնարավորություն է առաջացել աշխատանքում ներգրավել փորձագետների»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ․ Գ․ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ցավով տեղեկացա, որ ԿԶՆԱԿ-ը որոշել է լուծարել Արման Մալոյանի ղեկավարած բաժինը: Պարզից էլ պարզ է, որ իրական պատճառն արհեստավարժ պատմաբանի քննադատությունն է Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի տխրահռչակ, անհաշիվ սխալներով լի նոր դասագրքի վերաբերյալ և նրա քաղաքացիական ազնիվ, անաչառ դիրքորոշումը: Տխուր է իրականում և մտահոգիչ, կարծես թե 37 թ. ոգին վերաարթնացել է… Փոխարենը գնահատեն և շնորհակալություն հայտնեն նման մարդկանց, փորձում են վարչական լծակներով լռեցնել: Ցավոք, սա էլ վերջը չէ…»։
Արտաշես Թորոսյանի լուսանկարը՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջից