Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

Հունվար 30,2024 12:04

ԿԸՀ 2023 թ. Հայաստանի և այլ երկրների արդյունքները

Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է 2.54-ի (2022թ․-ին այն հավասար էր 2.47-ի), ավելի մեծ է, քան ԿԸՀ արժեքի աճը (1 միավոր), կարելի է պնդել, որ այս փոփոխությունը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում (տե՛ս նաև ԹԻՀԿ-ի կայքի «Ռեսուրսներ» բաժնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» ենթաբաժնի «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջում ներկայացված Հաճախակի տրվող հարցեր նյութը):

Ինչպես նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ․ «2018թ․ թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների։ Սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։ Չնայած նրան, որ Հայաստանն, ինչպես և տարածաշրջանի շատ այլ երկրները, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիան»։

2023թ․-ի Հայաստանի ԿԸՀ-ի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս վերը նշված «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջի 2023թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ երկու տարիներին՝ 2021 և 2022 թվականներին։ Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2023թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2022թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2023թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի (VDEM) 2023 թ-ի հրապարակումը և Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2023թ. հրապարակումը:
Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ․-ից մինչև 2023թ. ընկած ժամանակահատվածում:

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը (2022 թ.-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր 63-ից 64-րդ տեղերը): Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի 2023 ԿԸՀ արժեքները։

Ինչպես երևում է Գծապատկերից, որ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

Ինչպես և նախորդ երեք տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2023 թվականին (47) ևս ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից, որը, ինչպես և անցյալ երկու տարիներին, հավասար է 43-ի։ Միևնույն ժամանակ այն ցածր է ԿԸՀ այն արժեքից (50), որից ցածր ԿԸՀ արժեք ունեցող երկրներում, համաձայն հակակոռուպցիոն փորձագետների, կոռուպցիան հանդիսանում է լուրջ հիմնահարց։ Այն նաև գերազանցում է իր հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵՍՏՄ մյուս բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզսստան) 2023 ԿԸՀ արժեքներից։ Արդյունքում, բացի Վրաստանից, որը 2023 ԿԸՀ համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է Հայաստանից ավելի բարձր տեղ (այդ աղյուսակում այն իր ԿԸՀ 53 միավորով կիսում է 49-ից 52-րդ տեղերը), նշված բոլոր երկրները այդ նույն դասակարգման աղյուսակում զբաղեցնում են Հայաստանից շատ ավելի ցածր տեղեր։ Մասնավորապես, իր մյուս հարևաններից Թուրքիան (34) կիսում է 115-ից 120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղեր, իսկ Ադրբեջանը (23)՝ 154-ից 157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (39) զբաղեցնում է 93-ից 96-րդ տեղերը, Բելառուսը (37)՝ 98-ից 103-րդ տեղերը, Ռուսաստանը և Ղրղզստանը (26-ական միավոր)՝ 141-ից 144-րդ տեղերը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Գծապատկեր 3-ում բերված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2023թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը` ներառյալ նրա բոլոր երկրների բոլոր աղբյուրների հաշվարկված համաթվերը։

ԹԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031