Նիկոլ Փաշինյանը Գավառում կայացած ՔՊ նիստի ժամանակ ասել էր, որ մի խումբ ուսուցիչներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը, առաջարկել, որ Հայոց պատմությունը վերափոխվի Հայաստանի պատմության:
Aravot.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվել էր՝ հնարավո՞ր է տրամադրեն այդ մանկավարժների տվյալները, որպեսզի իրենց հետ եւս հարցազրույցներ վարենք ու իրենց հիմնավորումները ներկայացնենք՝ հանրային հնչեղություն ստացած խնդրի վերաբերյալ: Նազելի Բաղդասարյանը պատասխանել է, թե ճշտել է վարչապետից, որ առարկան վերանայելու առաջարկը եղել է տարբեր ձեւաչափերում եւ մասնավոր զրույցներում:
Թեեւ օրերս ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն փոխելու առաջարկով հանդես եկած ուսուցիչների տվյալները նախարարությունը չի կարող տրամադրել, այնուամենայնիվ Aravot.am-ը գրավոր հարցում է ուղարկել՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով, խնդրել ենք պատասխանել՝ իսկապես այդ մանկավարժները գոյություն ունե՞ն, եթե այո, որ մարզում, որ քաղաքում կամ գյուղում են աշխատում, ինչ առարկայի մասնագետներ են, ինչ տեսքով են իրենց առաջարկը ներկայացրել՝ բանավո՞ր, գրավո՞ր, անձամբ են եկել ԿԳՄՍ նախարարություն, կառավարություն եւ քանի մանկավարժ է նման առաջարկով դիմել:
ԿԳՄՍ նախարարությանն ուղարկած մեր գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ