Լրահոս
Օրվա լրահոսը

Սա իրավիճակ է, որ հետագայում բերելու է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ադրբեջանական նպատակներին. Արա Պողոսյան. «Փաստ»

Հունվար 30,2024 11:40

Սահմանադրության շուրջ ծավալվող իրադարձություններին հետևելիս պարբերաբար այն միտքն է հնչում, որ դրա փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի երաշխիքն է լինելու Ադրբեջանի համար՝ «խաղաղության դարաշրջան» բացելու գործընթացում, նշվում է, որ այս փոփոխության «պարտադրանք-պահանջը» գալիս է հարևան երկրից: Քաղաքագետ Արա Պողոսյանը խորհուրդ է տալիս դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանի և Արսեն Թորոսյանի բանավեճը՝ հասկանալու համար իրակա՞ն է այն թեզը, թե Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Ալիևից:

«Արսեն Թորոսյանը բավականին բաց հայտարարում է, որ «մենք մեր առաջ սխալ ազգային նպատակներ ենք դրել, ինչը չի ապահովում մեր ազգային անվտանգությունը»: Այնուհետև իշխանական տարբեր պատգամավորներ, գործիչներ, այդ թվում՝ մերձիշխանական, սկսեցին քննարկել հետևյալ հարցը՝ եթե ուզում ենք խաղաղություն, իմաստ չունի՞ փոխելու Սահմանադրության այս կամ այն դրույթը, եթե, այսպես թե այնպես, չենք կարողանալու դա սպասարկել: Սա նշանակում է, որ եթե ոչ հրապարակային, ապա կուլիսային պայմանավորվածություն կամ պահանջ եղել է հայկական կողմի առաջ: Հրապարակային Ալիևը և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ դա հնչեցրել են, փորձագիտական շրջանակներ դրա մասին խոսել են, հիմա ավելի շատ են խոսում: Սահմանադրություն փոխելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական ամբողջ տեղեկատվական դաշտը ոգևորված է և առաջարկում է «խաղաղության պայմանագրին» անդրադառնալ բացառապես Հայաստանում Սահմանադրություն փոխելուց հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա կարծիքով, սա իր հետ բերելու է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու Ադրբեջանի նպատակը լեգալիզացնելու վտանգ: «Ի՞նչ նկատի ունեմ՝ լեգալիզացնել ասելով: Եթե քո օրենսդրության մեջ թշնամի կամ պատերազմի մասնակից կողմի պահանջով կատարում ես իրավական, այս դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ, նշանակում է, որ նա իրավունք ունի քո օրենսդրության մեջ խոսք ասելու: Առաջին նախադեպը գրանցելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ հետագայում մեր պետական ամբողջ օրենսդրությունը փորձելու են համապատասխանեցնել իրենց քիմքին: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ Ադրբեջանին ձեռնտու չէ կենսունակ Հայաստան: Իսկ որ Հայաստանը կենսունակ չլինի, անհրաժեշտ է, որ նրա օրենսդրությունը, ներքին իրավական ակտերը, տնտեսությունը լինեն թույլ և իրենցից կախված:

Սա իրավիճակ է, որ հետագայում բերելու է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ադրբեջանական նպատակներին: Հայաստանի իշխանություններն օրերս հայտարարեցին, որ առաջարկել են սպառազինությունների փոխզսպման մեխանիզմ: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու զսպել կամ վերահսկել ադրբեջանական սպառազինությունը, բայց լավ եմ պատկերացնում, թե Ադրբեջանն ինչպես կարող է ցանկացած մանրուք օգտագործել Հայաստանին մեղադրելու սպառազինություն ավելացնելու մեջ և այլն: Հնչեց ևս մեկ թեզ, որ «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի ունենալ մարտունակ զինված ուժեր»: Չեմ հիշում, որ երբևէ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ «Հայաստանն իրավունք ունի…»: Նշանակում է, որ առնվազն քննարկվում է Հայաստանի իրավունք չունենալու հարցը, եթե սկսել ենք այսպես բարձր խոսել, որ իրավունք ունենք: Մտավախություն ունեմ, որ եթե Հայաստանի իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, ապա Ադրբեջանի հաջորդ պահանջը Հայաստանին կոնկրետ ձևի զինված ուժեր պարտադրելն է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031