Մի շարք չափանիշների դիտարկման տեսանկյունից մեր երկիրը չի դիտարկվում որպես գրավիչ ՏՏ ոլորտի աշխատողների ներհոսքի համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ դրսի ներհոսքով պայմանավորված՝ անշարժ գույքի, վարձով տների, այլ ապրանքների ու ծառայությունների գները անհամաչափ ու արհեստականորեն բարձրացվում են։ Մյուս կողմից էլ՝ թվային ենթակառուցվածքների ապահովման հարցը մնում է բաց։
Այսինքն՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի համար անհրաժետ է ստեղծել զարգացած թվային միջավայր, որը դեռևս բացակայում է։ Բացի այդ, թվային ենթակառուցվածքների առումով Հայաստանն ինքնաբավ չէ։ Հայաստանում աշխատող ՏՏ ընկերությունների մի ահռելի մասը ծառայություններ է մատուցում միայն արտերկրի կազմակերպություններին կամ ընկերություններին, այսինքն՝ հավել յալ արժեք չի ստեղծվում մեր երկրի զարգացման համար։
Ստացվում է, որ մեր երկիրը խնդիր ունի հայաստանյան ընկերությունների ստեղծման հետ, որոնք իրենց առանձին և մրցունակ թվային արտադրանքը կստեղծեն, ինչն էլ պահանջարկ կունենա նաև երկրից դուրս։ Լուրջ խնդիր է նաև այն, որ դոլարի նկատմամբ դրամի արժևորման ստեղծած խոչընդոտները չեն վերացել։ Դրա արդյունքում բազմաթիվ ընկերությունների եկամուտները նվազեցին, ու կառավարությունը որոշեց, որ կարող է սուբսիդավորել, որ չփակվեն, բայց պարզվեց, որ ՏՏ ոլորտի որոշ ընկերություններ իրենց տրամադրվող գումարները վերցրել են ու սնանկացել։ Իսկ այստեղ արդեն կոռուպցիոն ռիսկեր են նկատվում։ Բացի այդ, մյուս հարցն էլ կապված է նրա հետ, որ լավագույն մասնագետները նախընտրում են հեռանալ երկրից ու արտերկրում աշխատել։
Ուստի պետք է պայմաններ ստեղծել, որ պրոֆեսիոնալները ոչ միայն մնան մեր երկրում, այլև նպաստեն նաև ավելի ցածր մակարդակի մասնագետների մասնագիտացմանը։ Կառավարությունը պետք է մտածի նաև այն մասին, թե ինչպես կարող է արտերկրյա լավագույն մասնագետներին ներգրավել մեր տեղեկատվական ոլորտ ու այնպիսի միջավայր ստեղծի, որ արտերկրյա տարբեր ընկերությունները Հայաստանում մասնաճյուղեր բացեն ու ներդրումներ կատարեն։ Այսինքն, ահռելի աշխատանք կատարելու դաշտ է բացվել, բայց ՀՀ իշխանությունները հիմնականում գույնզգույն ֆոն են ստեղծում, որի տակ բովանդակություն չկա։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։