Ադրբեջանի նախագահ Ալիեւը որքան կոշտացնում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը, տարածքային նկրտումներն իրագործելու սպառնալիքներ հնչեցնում, այնքան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նահանջում է եւ աբսուրդային զիջումների գնալու պատրաստակամության մասին է խոսում։
Իսկ բանակի օրվա տոնական միջոցառման ժամանակ Փաշինյանը զարգացրեց այս միտքը` նոր առաջարկով հանդես եկավ. սահմանի ապառազմականացման մասին, նաեւ պատրաստակամություն հայտնեց մինչեւ խաղաղության պայմանագիրը ստորագրելը «չհարձակման մասին փաստաթուղթ» կնքել։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասում է՝ չի ուզում «ապուշ» մտքեր մեկնաբանել, հիշեցնում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ դառնալուն պես արդեն իսկ ստորագրել են այն փաստաթղթի տակ, որով հնարավորություն է տրվում սպառազինությունների վերահսկման, բայց դա ոչ թե փոխադարձ վերահսկողության մասին է, այլ՝ ԵԱՀԿ-ի կողմից։ «ԵԱՀԿ-ն ուսումնասիրում է իր անդամ հանդիսացող երկրների սպառազինությունը, հիմա ասում եք՝ ինչի՞ ա նման բան ասել, իրեն հարցրեք, ասեք` այ մարդ, ինչի՞ ես նման բան հայտարարում, երբ ավելի բարձր մակարդակ ունեցող փաստաթուղթ կա։ Բայց դա էլ պիտի ասեմ, որ այդ փաստաթուղթն էլ չի գործում, չի գործել, մենք 5 անգամ գերազանցել ենք թույլատրելի սպառազինության սահմանը, բայց ո՞վ է մեզ ինչ ասել` ոչ ոք, որովհետեւ թղթի ստորագրումը որեւէ բան չի նշանակում, թուղթը դառնում է սովորական մի բան, որի վրա գրում եք, սանհանգույցում օգտագործում, եթե դրա հետեւում չկա լուրջ ուժ, որը կարող է կյանքի կոչել գրածը»,- ասում է Մովսես Հակոբյանը: Ապա շարունակում է, որ Փաշինյանի բոլոր մտքերի վերաբերյալ համապատասխան մասնագետները խոր աշխատանքներ պետք է տանեն եւ դիսերտացիա պաշտպանեն․ «Ասում է՝ ապառազմականացնել, եւ ի՞նչ, օրինակ` ձեր կարծիքով, դա ինչի՞ է բերելու․․․»: Դրանից հետո չի պատերազմելու Ալիեւը` շքերթով շարժվելու են դեպի Երեւան։ «Փաստորեն, Դուք ավելի ճիշտ եք գնահատում, քան Նիկոլ Փաշինյանը»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: