Հայաստանում «նշվեց» Հայկական բանակի օրը: (Ի դեպ՝ հայկակա՞ն, թե՞ Հայաստանի): «Նշվեց» բառը ես չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ այս կառույցը, որը կայացել է 32 տարվա ընթացքում, եւ որով մենք պետք է իրավամբ հպարտանանք, այլ վերաբերմունքի է արժանի:
Ելույթը, որով հանդես եկավ վարչապետ Փաշինյանը այդ օրվա կապակցությամբ, կարող էր հնչել ՊՆ-ում՝ «Ինչպես բարեփոխել Զինված ուժերը» թեմայով խորհրդակցության շրջանակներում: Բայց հանդիսավոր նիստում, վստահ եմ, պետք է ասվեր, թե երբ, ինչպես եւ ինչի համար էր ստեղծվել Հայոց բանակը եւ ինչերի էր այն հասել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում: Մեր բանակը (նույն ինքը՝ մեր պետությունն ու ժողովուրդը) կարողացել էր ազատագրել Արցախը եւ մինչեւ 2020 թվականը անառիկ պահել ՀՀ սահմանները:
Արտաքին քաղաքական կոնյունկտուրան, մասնավորապես՝ Ալիեւի դժգոհությունն առաջացնելու վախը, խանգարում են Փաշինյանին արձանագրել այս ակնհայտ պատմական իրողությունը: Ներքին քաղաքական կոնյունկտուրան («մինչեւ 2018 թվականը ամեն ինչ վատ էր, թալանած էր, եւ այդ պատճառով մենք պարտվեցինք») դրդում է իշխանությանը՝ բանակը ներկայացնել որպես կառույց, որտեղ բացի բազում թերություններից եւ, մասնավորապես, կոռուպցիայից, էլ ոչ մի բան չկար: Նույն նպատակով, ի դեպ, Փաշինյանն անազատության մեջ է պահում իրեն դուր չեկող գեներալներին: Երբ ես ասում եմ, որ այս իշխանությունն աշխատում է բանակը թուլացնելու վրա, ես նկատի ունեմ նաեւ այս քարոզչությունը:
Այո, բանակը չպիտի լինի էժանագին կենացների օբյեկտ: Բայց եկեք ընդունենք, որ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը եւ հատկապես «տավուշյան դեպքերի» ժամանակ ամենաքաղցր կենացներն արտասանում էր հենց ինքը՝ Փաշինյանը:
Կարդացեք նաև
…Իմ համոզմամբ, բանակի հանդեպ վերաբերմունքը չպիտի պայմանավորվի քաղաքական հայացքներով, նախկին կամ ներկա իշխանության հանդեպ վերաբերմունքով: Մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիներս, լայն իմաստով, այդ բանակի զինվորներն ենք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ի սկզբանե իմացել է որ պատերազմ պետք է լինի, և Հայաստանն էլ պետք է պարտվի,մտածված հաղթող ի կերպար են են ձևաորել որ ավելի մեծ օգևորությամբ գնան կռվելու։