Լրահոս
Օրվա լրահոսը

Որ վիտամիններն ու հանքանյութերը չարժե ընդունել միասին, և որոնք են լավ «աշխատում» իրար հետ

Հունվար 30,2024 09:30

Շատերն են վիտամինների ու հանքանյութերի հավելումներ ընդունում իրենց առողջությունը բարելավելու և հիվանդությունները կանխարգելելու համար, սակայն մարդիկ երբեմն հաշվի չեն առնում, որ անգամ առանց դեղատոմսի վաճառվող հավելումներն ընդունելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ օրգանիզմն ունի՞ արդյոք այդ սննդանյութերի կարիքը, և եթե այո՝ ապա արդյո՞ք դրանք ճիշտ են կիրառվում, համադրվում են իրար հետ, թե՞ ոչ։

Որ վիտամինները խորհուրդ չի տրվում համադրել

Վիտամին С-ն և վիտամին B-12-ը

Վիտամին С-ն իմունային համակարգին անհրաժեշտ հակաօքսիդանտ է, իսկ վիտամին B-12-ը կարևոր դեր ունի նյարդային համակարգի խթանման և էրիթրոցիտների ստեղծման գործում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ երկու վիտամինների միաժամանակյա ընդունումը նվազեցնում է վիտամին B-12-ի յուրացումն օրգանիզմի կողմից։ Մասնագետները խորհուրդ են տալիս այդ վիտամիններն ընդունել 2 ժամից ոչ պակաս միջակայքում։

Վիտամին A-ի հավելումներն ու վիտամին A-ով հարուստ մթերքները

Քանի որ վիտամին A-ն ճարպալույծ վիտամին է, այն կուտակվում է օրգանիզմում, և այս սննդանյութի ավելցուկը կարող հանգեցնել ոսկրերի թուլացման՝ տարիքի հետ մեծացնելով կոտրվածքների հավանականությունը։ Վիտամին A-ի ավելցուկը վնասակար է նաև պտղի համար, ուստի հղիները պետք է զգուշությամբ ընդունեն այդ վիտամինը, իսկ եթե այն նշանակվել է, ապա խորհուրդ է տրվում հավելումը չզուգակցել վիտամին A-ով հարուստ մթերքների հետ, օրինակ՝ լյարդի։

Վիտամին Е-ն և վիտամին К-ն

Հայտնի է, որ վիտամին Е-ի ընդունումը կարող է որոշ մարդկանց մոտ արյունահոսություն առաջացնել։ Իսկ վիտամին К-ի հավելումները կարող են նշանակվել արյան մակարդելիությունը բարելավելու համար։ Վիտամին E-ի միաժամանակյա ընդունումը վիտամին K-ի հետ կարող է չեզոքացնել վերջինիս ազդեցությունը։

Այլ հավելումներ ու սննդանյութեր, որոնց համադրությունը ցանկալի չէ

Պղինձ ու ցինկ

Թե՛ պղինձը, թե՛ ցինկը կարևոր հանքանյութեր են, և մարդկանց մեծամասնությունն այդ սննդանյութերը ստանում է սննդի միջոցով։ Պղինձն անհրաժեշտ է գլխուղեղի զարգացման, նյարդային համակարգի առողջության, հյուսվածքների ստեղծման համար, իսկ ցինկը խթանում է իմունային համակարգը։ Տարատեսակ հանքանյութերը կարող են մրցակցել միմյանց հետ՝ մարսողական համակարգում ներծծվելու համար։ Օրինակ՝ ցինկն ու պղինձը միասին ընդունելու դեպքում երկուսն էլ լավ չեն յուրացվում օրգանիզմի կողմից, կամ ցինկն է հաղթում՝ խանգարելով պղնձի յուրացմանն ու նպաստելով այս հանքանյութի անբավարարության զարգացմանը։

Ցինկի աղբյուր է համարվում, օրինակ, ատամների պրոթեզների համար նախատեսված սոսինձը, որի ամենօրյա օգտագործմանը զուգահեռ առաջացող նյարդաբանական բնույթի խնդիրները կարող են հուշել պղնձի անբավարարության մասին։

Կանաչ թեյ և երկաթ

Երկուսն էլ շատ օգտակար են օրգանիզմի համար․ կանաչ թեյը պարունակում է հակաբորբոքային միացություններ, իսկ երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար, բայց միասին օգտագործվելու դեպքում կանաչ թեյի հակաօքսիդանտները կապվում են երկաթի հետ՝ նվազեցնելով կանաչ թեյի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա։

Կալցիում և այլ հանքանյութեր

Կալցիումը կարևորագույն հանքանյութ է ոսկրերի համար, սակայն կալցիումի հավելումների ընդունումը կարող է ազդել օրգանիզմի կողմից այլ հանքանյութերի՝ երկաթի, մագնեզիումի, ցինկի յուրացման վրա։

Փոխազդեցությունը դեղամիջոցների հետ

Որոշ վիտամիններ փոխազդեցության մեջ են մտնում դեղամիջոցների հետ։ Օրինակ, վիտամին A-ն և K-ն նվազեցնում են արյունը նոսրացնող դեղամիջոցների ազդեցությունը։ Բուսական որոշ միջոցներ նույնպես կարող են փոխազդեցության մեջ մտնել վարֆարին հակակոագուլյանտի (արյան մածուցիկությունը նվազեցնող) հետ, օրինակ՝ լոռամրգին, սխտորը, գինկգոն, ժենշենը, ձկան յուղը և այլն։

Վիտամին D-ի բարձր չափաբաժինները բացասական փոխազդեցության մեջ են մտնում խոլեսթերինի մակարդակի ու զարկերակային ճնշման նվազեցման համար նախատեսված դեղորայքի հետ։

Որոշ հավելումների ու հակադեպրեսանտների, հանգստացնող դեղամիջոցների համադրությունը ևս կարող է կողմնակի ազդեցություններ ունենալ։

Որ վիտամիններն են միասին լավ աշխատում

Որոշ վիտամիններ միասին ավելի լավ են աշխատում, օրինակ՝ երկաթն ու վիտամին C-ն, ինչպես նաև Ֆոլաթթուն (վիտամին B9) և վիտամին B12-ը։ Սակայն այս երկուսի հետ կապված կարևոր է իմանալ, որ մեծ քանակով ֆոլաթթվի ընդունումը կարող է քողարկել վիտամին B12-ի անբավարարության ախտանշանները։ Այս վիտամինն ընդունելուց առաջ անպայման պետք է ստուգել վիտամին B12-ի մակարդակն օրգանիզմում։

Եթե չկան հակացուցումներ, ապա միասին ընդունվելու դեպքում վիտամին B12-ը սերտորեն փոխազդում է B9-ի հետ՝ նպաստելով էրիթրոցիտների արտադրությանը, իմունային գործառույթի բարելավմանը և այլն։

Վիտամիններ ու հանքանյութեր ընդունելիս կարևոր պայման է հետևողականությունը։

B խմբի վիտամինները խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան, քանի որ դրանք էներգիա են պարգևում, իսկ վիտամին E-ն՝ երեկոյան, քանի որ կան տվյալներ, որ այդ վիտամինը նաև օգնում է անքնության դեպքում։

Ճարպալույծ վիտամինները (A, D, E, K) նախընտրելի է ընդունել սնվելու ընթացքում, քանի որ այդպիսով դրանք ավելի հեշտությամբ կտեղափոխվեն սննդում առկա ճարպերի միջոցով։

Ջրալույծ վիտամինների գերդոզավորումը վտանգավոր չէ, քանի որ դրանց ավելցուկն օրգանիզմից դուրս է գալիս մեզի միջոցով, իսկ ճարպալույծ վիտամինները կուտակվում են բջիջներում՝ բարդացնելով դրանց դուրսբերումն օրգանիզմից։ Այդ վիտամինների ավելցուկը կարող է թունավոր լինել։

Վիտամին B6-ի ավելցուկը ևս վտանգավոր է և կարող է առաջացնել նյարդաբանական ախտանշաններ՝ վերջույթների թուլություն կամ ծակծկոց։ Ահա թե ինչու է հարկավոր խորհրդակցել բժշկի հետ որևէ վիտամին և հանքանյութ ընդունելուց առաջ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ 

Աղբյուր՝ MedicineNet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031