Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը՝ Նիկոլին, Հայրենիքը՝ թյուրքերին, և 3 մատի կոմբինացիա՝ հայ ժողովրդին

Հունվար 29,2024 22:22

Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է պետությունը Հայրենիքին հակադրելու կեղծ և քայքայիչ քարոզը, ինչը զարմանալի չէ: Անգրագետ և ֆեյք հիմնավորումները «պետականակենտրոն» նոր գաղափարախոսություն ստեղծելու փորձեր են, որոնց շարժառիթը շատ պարզ է. հազարամյակների պատմություն ունեցող Հայոց ինքնության մեջ նա տեղ չունի, ուստի բոլոր ջանքերը գործադրելու է սեփական հագով գաղափարական հիմք կարելու և հայ ժողովրդին դրա մեջ զոռով ճխտելու ուղղությամբ

Հիշում եք, որ Նիկոլի խոստովանությամբ նրանք չունեին «իզմ»-եր, չունեին արժեհամակարգ, և ահա ազգային պետությունը տապալելուց հետո նա փորձում է սինթեզել այդպիսի մի համակարգ, որով հիմնավորի իշխանության ղեկին սոսնձվելու սեփական տենչանքը: Այս ռազմավարության մի մաս է, օրինակ, ՔՊ-ի ակտիվացած ներկուսակցական գործունեությունը և զավեշտի հասնող «ձմեռային լսումները» ՔՊ գրասենյակում:

Անտեսելով դասագրքային ճշմարտությունները, որ պետությունը նախևառաջ Հայրենիքի պաշտպանության գերագույն կազմակերպչական ձևն է, Նիկոլը նախաձեռնել է Հայրենիքի ոչնչացման բազմաքայլ օպերացիա, և այդ օպերացիայի մի մասն է, օրինակ, նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը: Նոր Սահմանադրությամբ Փաշինյանն ուզում է կտրել պետությունը Հայրենիքին կապող պորտալարը:

Նիկոլը զավթել է պետությունը Հայրենիքը թշնամուն հանձնելու շնորհիվ: Նրա պատկերացմամբ՝ պետությունն իրենն է, իսկ Հայրենիքը՝ թյուրքերինը: «Հայրենիքը տանք, որ պետությունում հանգիստ ապրենք». սա է նիկոլական քարոզչական հիմնական թեզը, որով նա փորձում է քողարկել հայ ժողովրդին ուղղված երեք մատի կոմբինացիան:

Սակայն իրականում Փաշինյանը նաև այստեղ է ստում: Նա չի սիրում պետությունը, նա իշխանություն է սիրում, իսկ սա խիստ տարբեր երևույթ է: Նա համաձայն է ցանկացած տիպի իշխանության, ուստի իր պատկերացրած մոդելում Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ, օրինակ, կոլխոզ, ինչ է թե՝ ինքը լինի կոլխոզի նախագահ: Կամ գիշերային ակումբ, կարևորը՝ ինքը լինի դրա տնօրենը:

Իսկ Հայրենիքը նրան պետք չէ, քանզի Հայրենիքում չկա իշխանություն, փող, պաշտոն, տենդեր, օխրանա: Հայրենիքին պիտի տաս սեր, տաղանդ, քրտինք, կյանք, իսկ պետությունից կարող ես վերցնել, պոկել, քերել, լափել: Նա պետությունը փորձում է իրենով անել, բայց Հայրենիքը սեփականացնել չի կարող, ուստի որոշել է վերացնել Հայրենիքը

Ի դեպ, կիսագրագետ Փաշինյանի ջանքերը՝ հանդես գալ որպես գաղափարաբան, մտածող (անգլ.՝ thinker) ևս մեկ ապացույց են, որ նա սրընթաց ընկնում է ավտորիտարիզմի գիրկը: Քաղաքականությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ավտորիտար կառավարիչները փորձել են ներկայանալ ազգի առաջնորդներ և իրենց ժողովուրդների համար նոր էության ստեղծողներ: Ամենահայտնի օրինակներից են Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կորեան և այլն: Եվ ահա հիմա՝ նաև Հայաստանը:

Վերջերս կառավարական նիստերից մեկի ընթացքում Նիկոլը բողոքում էր, որ «փող ունեն, բայց բախտ չունեն»: Իրականում Փաշինյանը փոքր հարցերում խելք չունի, իսկ մեծ հարցերում՝ խիղճ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուրաբարաշեն» ՔԿՀ

29.01.2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031