Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն մերժում է Փաշինյանի առաջարկները, հորդորում վերջ տալ ՀՀ Սահմանադրությունում իր դեմ «ոտնձգություններին»

Հունվար 29,2024 23:03

«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի հայտարարություններին։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի և չհարձակման պայմանագիր

Հաջիզադեն այսօր ասել է, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրից և միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից:

«Չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում, 44-օրյա պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններին հասցեագրված դիմումներում, միջազգային կազմակերպություններում տարածված պաշտոնական նամակագրություններում, Հայաստանը դեռևս որևէ գործնական քայլ չի արել այս ուղղությամբ», – պնդել է Հաջիզադեն:

Նրա փոխանցմամբ, այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն գործնական նշանակություն չունեցող առաջարկներ հնչեցնելը թյուրիմացություն է ստեղծում և անընդունելի է։

«Հայտնի է, որ Հայաստանը անցած 30 տարիների ընթացքում կոպտորեն ոտնահարել է մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչող միջազգային պայմանագրերը, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ընթացքում իր ռազմական տեխնիկայի մեծ մասը թաքցրել է միջազգային վերահսկողական մեխանիզմներից՝ դրանք անօրինական տեղակայելով մեր երկրի տարածքում», – ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանցի դիվանագետը քաղաքական շահարկում է որակել հավաստիացումները, որ Երևանը լուրջ է տրամադրված խաղաղության գործընթացի նկատմամբ։ Որպես ասվածի ապացույց Հաջիզադեն մատնացույց է անում վարչապետ Փաշինյանի կիրակի օրը արած հայտարարությունը սպառազինության գնման ու ռազմարդյունաբերության ընդլայնման վերաբերյալ։

«Այսօրինակ կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանի հետագա զարգացումն ու առաջընթացը՝ հիմնված միջազգային օրենքի սկզբունքների վրա», – հայտարարում է պաշտոնական Բաքուն՝ պնդելով, թե Ադրբեջանը շարունակելու է խաղաղության հաստատման ջանքերը և ակնկալում է, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի ոչ թե խոսքով, այլ գործով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031