Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարում կայուն խորհրդարանական մեծամասնությունից, «փոքրամասնության կառավարության» ձեւավորում, նախագահի, ԱԺ-ի լիազորությունների ավելացում. ի՞նչ է առաջարկվում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով

Հունվար 29,2024 21:40

Կայուն խորհրդարանական մեծամասնությունից հրաժարում, ԱԺ լիազորությունների ընդլայնում, նախագահի ինստիտուտի ամրապնդում, փոքրամասնության կառավարություն ձևավորելու հնարավորություն, արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերանայում եւ այլն. սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգով առաջարկվող դրույթներն են:

Հիշեցնենք, օրերս ՀՀ արդարադատության նախարարության կողմից կառավարություն ուղարկվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգը, որի վրա հանձնաժողովն աշխատել է մոտ երկու տարի: Օրեր առաջ, սակայն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, այլ նոր սահմանադրություն:

Գործող Սահմանադրությամբ ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունը կամ դաշինքը կարող է կոալիցիա կազմել խորհրդարան անցած առավելագույնը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե հանրագումարում նրանց օգտին տրված ձայները բավարարում են մեծամասնություն ձեւավորելու համար եւ վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնություն կա: Ներկայացված հայեցակարգով առաջարկվում է՝ չսահմանափակել կոալիցիայի մասնակիցների թիվը, այն հիմնավորմամբ, որ այս տարբերակը կխթանի քաղաքական երկխոսությունը, կնվազեցնի բեւեռացումը եւ կապահովի քաղաքական համախոհություն՝ իշխանության շուրջ։ Հայեցակարգի հեղինակները հնարավոր են համարում դիտարկել փոքրամասնությանը լրացուցիչ մանդատների տրամադրման տարբերակը, եթե կուսակցությունը կամ դաշինքը ընտրություններում ստացել է ձայների 2/3-ից ավելին:

Կայուն մեծամասնության սկզբունքից հրաժարվելու պարագայում, հայեցակարգի հեղինակներն առաջարկում են՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու տարբերակ: Դրան հասնելու երկու եղանակ է առաջարկվում. երկրի նախագահը կարող է ԱԺ՝ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կամ,  կիրառել Երևանի քաղաքապետի ընտրության մոդելը, որտեղ վարչապետ կընտրվի առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Հայեցակարգով առաջարկվում է նաեւ երրորդ տարբերակ, որը տրամագծորեն հակառակն է եւ բացառում է «փոքրամասնության կառավարության» հնարավորությունը: Տվյալ պարագայում, խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն կամ չի ձևավորվի կոալիցիա։

Նախագահի ինստիտուտի ամրապնդման համար առաջարկվում է նախագահին վերապահել ներում, քաղաքացիություն, պարգեւներ շնորհելու ուղղակի հայեցողական լիազորություն: Գործող սահմանադրությամբ, նախագահին վերապահված է փակուղային իրավիճակներից լուծումներ առաջարկելու հնարավորություն՝ նշանակման ձեւով: Առաջարկվում է սահմանադրությամբ արձանագրել, որ նախագահի կողմից նշանակված պաշտոնյան պետք է պաշտոնավարի ոչ պակաս քան երկու տարի: Առաջարկվում է նախագահին տալ ուղերձով ժողովրդին դիմելու հնարավորություն, ԱԺ-ի, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների նիստերին մասնակցելու, ելույթ ունենալու հնարավորություն:

Անդրադարձ կա նաեւ խաղաղ ժամանակ երկրի գլխավոր-գերագույն հրամանատարի հարցին, վարչապետ-ՊՆ-ԳՇ փոխհարաբերությունների կարգավորման հարցին: Գործող սահմանադրությամբ բաց է մնում հարցը, թե խաղաղ ժամանակ ո՞վ է երկրի գլխավոր-գերագույն հրամանատար: Հայեցակարգով առաջարկվում է հստակ արձանագրել՝ թե պատերազմի ժամանակ, թե խաղաղ պայմաններում վարչապետն է հանդիսանում գլխավոր-գերագույն հրամանատարը:

Հայեցակարգով առաջարկվում է վերանայել նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները. գործող դրույթով, արտահերթ քվեարկությունը կազմակերպվում է խորհրդարանը ցրելուց հետո՝ 30-45 օրվա ընթացքում, այժմ առաջարկվում է այդ ժամկետը երկարեցնել՝ դարձնելով 50-60 օր։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031