Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատման դիմումներ են ստացել, բաժինը լուծարել են՝ Հայոց պատմության դասագրքի սխալները նշելու համար

Հունվար 29,2024 19:12

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի գրառումից  տեղեկանում ենք, որ պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանուցում է ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի (Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի) տնօրենից այն մասին, որ նրա ղեկավարած բաժինը մարտի 27-ից լուծարվում է, ու շատ հավանական է, որ Արման Մալոյանը եւ իր ղեկավարած բաժնի աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Պարոն Բադալյանը նշել է, որ Արման Մալոյանն այն գիտնականն է, որը հանգամանալից գրախոսական էր գրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակները:

Aravot.am-ը կապվեց պարոն Մալոյանի հետ, որը ֆեյսբուքի իր էջում մատնանշել էր աղմուկ հանած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի թերություններն ու սխալները: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր ղեկավարած Վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի լուծարումը կապ ունի՞ իր հայտնած մասնագիտական կարծիքի հետ:

«Անկեղծ ասած, ես էլ չեմ ուզում հավատալ, որ կապ կա, բայց փաստն այն է, որ բաժինը լուծարվում է: Իհարկե, խոսակցություններ անցյալ տարվանից կային՝ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին էլ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է փոփոխությունների նոր կառուցվածքը, 26-ին էլ հաստիքացուցակն է հաստատվել, այնպես որ մարտի 26-ով մեր բաժնի մասնագետներին ծանուցում են տվել, որ մարտի 27-ից ազատվում են աշխատանքից»,-ասաց Արման Մալոյանը: Նրա ղեկավարած բաժնում իրենից բացի աշխատում է եւս 9 հոգի:

Հարցրինք՝ իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում լուծարված բաժնի աշխատակիցներին: «Փորձագետների շտեմարան է ստեղծվելու, ասում են այդտեղ կրթության ոլորտի հետ կապված աշխատանքներ կլինեն՝ նյութեր ստեղծելու, մշտադիտարկումներ իրականացնելու, հավանաբար կառաջարկվի կամ պայմանագիր կկնքվի»,-ասաց մեր զրուցակիցը:

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանից հետաքրքրվեցինք՝ իբրեւ պատմաբան, մասնագետ շարունակո՞ւմ է մնալ դասագրքի վերաբերյալ հայտնած իր կարծիքին: «Իհարկե: Այսօր նորից երկրորդ մասն եմ դրել, այն որ հեղինակը համարում էր վրիպակներ, մասնագիտական լուրջ սխալներ են, եւ մասնագետ պատմաբանների մեկնաբանությունները եւս կարող եք կարդալ, որ այդ տեսքով, այդ վիճակով դասագիրքը կիրառության, գործածության մեջ թողնելը ճիշտ չէ»,-ասաց ԿԶՆԱԿ-ի՝ լուծարված բաժնի պետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. ԿԶՆԱԿ-ի պարզաբանումը՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031