Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչվել է Անկախության Հռչակագրով ստեղծված պետության սահմաններով». Էդգար Ղազարյան

Հունվար 29,2024 17:57

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի մի քանի դրվագներին:

Հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետությունը ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա ճանաչվել է միջազգային հանրության կողմից, Էդգար Ղազարյանը հակադարձեց. «Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչվել է Անկախության Հռչակագրով ստեղծված պետության սահմաններով՝ Հայաստան եւ Արցախ: Այդ պետությունն է կոչվում Հայաստանի Հանրապետություն եւ դա է միջազգայնորեն ճանաչվել: Կարո՞ղ ես ասել միջազգային կազմակերպության որեւէ մի անուն, որը Հայաստանի տարածք է սահմանել եւ որն է այդ տարածքը: Միջազգայնորեն Հայաստանը Անկախության Հռչակագրով ասում է, որ Հայաստանի գերագույն խորհուրդը Արցախի հետ վերամիավորման հիման վրա ստեղծում է մի պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն: Քանի այդ տարածքը միջազգային պայմանագրերով հստակեցված չի, այդ պետության սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է եղել քո զինվորը եւ որը եղել է քո իրավազորության ներքո:

Միջազգային ոչ մի կազմակերպություն ու երկիր, բացի Ադրբեջանից, Թուրքիայից ու Պակիստանից, քո երկրի նկատմամբ սանկցիա չի կիրառել, չի ասել, թե ուրիշ երկրի տարածք ես օկուպացրել, դա քո երկրի տարածքը չի: Դա է մեր երկիրը: Դու, որ հիմա ասում ես՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այդ հանրապետությունը դու չես ստեղծել. ստեղծվել է Անկախության հռչակագրով, որտեղ գրված է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը:

Հետո Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, որից եմ մեջբերումներն անում, ասում է, թե Հայկական ԽՍՀ տարածքը նույնական է Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ: Եվ մենք պետք է հստակ ու աներկբա արձանագրենք, որ որեւէ այլ տարածքի նկատմամբ որեւէ հավակնություն չունենք եւ չենք ունենալու: Եվ սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական դիրքը:

Ո՞վ է քեզ այդպիսի բան ասել: Մենք երբեք որեւէ երկրի տարածքի վրա հավակնություն չենք էլ ունեցել: Արցախը, որ Հայաստան է եղել, դու մտածում ես, որ մենք տարածքի հավակնությո՞ւն ենք ունեցել: Մենք մեր տարածքի վրա պետություն ենք կառուցել, շենացրել ենք այդ երկիրը շենացրել ենք մեր ժողովրդի զավակների նվիրական արյան գնով, որը դուք անարգում եք»,-ասաց քաղաքական գործիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031