Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրում էի որդուս տանը՝ Երևանում և բոլոր ծախսերը իմ գրպանից էի վճարում․ իմ նախագահության օրոք խնայել եմ հայ հարկատուի ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար»․ Արմեն Սարգսյան

Հունվար 29,2024 16:58

«Վերջերս մի նամակ եմ ստացել, որում հարցում էր արվում ընտանիքիս ակտիվների մասին՝ մի լրագրողից, որը կապված է ադրբեջանական թինք-թանքի հետ և որը պնդում էր, թե գործում է հայ գործընկերների տրամադրած տեղեկատվության հիման վրա»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը և նշել, որ հրապարակային տեղադրում է լրագրողի հարցմանն ուղղված պատասխանը։

Արմեն Սարգսյանը տարակուսելի է համարում, որ լուրջ ռեսուրսներ են ծախսում թիրախավորելու իրեն ու իր ընտանիքի անդամներին իր՝ թոշակի անցնելուց հետո՝ հիշեցնելով, որ իր ընտանիքի անդամները մասնավոր անձինք են և երբեք պաշտոն չեն զբաղեցրել։

ՀՀ 4-րդ նախագահը նշում է, որ իր քույրը՝ Կարինեն, բարձրակարգ սրտաբան է և ունենալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ նա ՀՀ-ում սրտի բաց վիրաբուժության առաջին և ամենահեղինակավոր կլինիկայի հիմնադիրն է, որը հիմնադրումից ի վեր փրկել է բազմաթիվ կյանքեր․ «Նա աշխատել է մի շարք հեղինակավոր հաստատություններում Հայաստանում և արտերկրում: 1990-ականներին նա խոշոր միջազգային դեղագործական ընկերությունների ներկայացուցիչ էր: Դա խոսում է նրա՝ որպես անհատի փայլի մասին, որ նա կարողացավ բժշկությամբ զբաղվել և նույն հաջողությամբ գործել նաև բիզնեսի աշխարհում։ Այս ամենը ես նշում եմ՝ որպես հպարտ եղբայր»։

Արմեն Սարգսյանը նշում է, որ 1990-ականներին, երբ իր ձևակերպմամբ գիտնականից վերածվեց հասարակական գործչի, որոշում կայացրեց քրոջը վստահել ծրագրային ապահովման և տեսախաղերի մշակման արդյունքում վաստակած իր հարստությունը․ «Իմ պարտականությունները՝ նախ որպես դիվանագետ, ավելի ուշ՝ որպես Հայաստանի վարչապետ, պահանջում էին բացարձակ նվիրում։ Իմ ընտրությունը, որը սովորական պրակտիկա չէ հասարակական կյանք մտնող մարդկանց համար, արդարացվեց, երբ 1997-ին ինձ մոտ ախտորոշվեց անբուժելի հիվանդություն, և անցա ինտենսիվ թերապիայի: Քույրս էր իմ ունեցվածքը տնօրինողը, հոգ էր տանում ընտանիքիս՝ կնոջս, երկու երիտասարդ տղաներիս և տարեց մորս մասին։ Կարինեն էր իմ հիմնադրած ընկերությունների հիմնական շահառուն։ Այս ընկերությունները, որոնք ներգրավված են մի շարք ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների, էլեկտրաէներգիայի բաշխման և այլնի մեջ, ղեկավարվել են պրոֆեսիոնալ մենեջերների կողմից և խորհրդատվություն են տրամադրել և աուդիտ են իրականացրել միջազգային խոշոր իրավաբանական ընկերությունների և աուդիտորների կողմից: Դրանցից մի քանիսը գտնվում էին Բրիտանական Վիրջինյան կղզիներում. սա հարստությունը կառավարելու միանգամայն ստանդարտ միջոցառումների շարք էր, որի վերաբերյալ ստացվել էին մասնագիտական խորհրդատվություն և փորձ: Գույքի մի մասի գնումն իրականում ֆինանսավորվել է վարկերով։ Տարիների ընթացքում դրանց արժեքի արժևորումը հուշում է խելացի ներդրումների, այլ ոչ թե, ինչպես թվում է, շռայլ ծախսերի մասին: 2022 թվականին քաղաքականությունից իմ՝ թոշակի անցնելուց հետո, և երբ քույրս մոտենում էր իր 70-ին, երկու անշարժ գույք նվիրեց իմ որդիներին, մինչդեռ շարունակում էր մնալ մնացածի սեփականատերը»։

Խոսելով Միացյալ Թագավորությունում իր՝ ՀՀ-ի դեսպանի կարգավիճակում լինելու տարիների մասին՝ Արմեն Սարգսյանը նշում է․ «Ինչ վերաբերում է ինձ, ես 1999 թվականին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի կարճատև պաշտոնում էի, իսկ 1997-2013-ին մասնավոր քաղաքացի եմ եղել։ Այդ 16 տարիների ընթացքում ես միջազգային տարբեր կազմակերպություններում եղել եմ խորհրդատու, օրինակ՝ EBRD-ն, Bank of America/Merrill Lynch, BP, Alcatel, և Telefonica։ Ես շատ լավ փոխհատուցում էի ստանում իմ աշխատանքի համար և ժամանակին վճարում էի բոլոր հարկերը։ 2013-ին, երբ ընդունեցի ՀՀ կառավարության հրավերը՝ վերադառնալու որպես Միացյալ Թագավորությունում երկրի դեսպանի պաշտոնին, կրկին աշխատեցի առանց վարձատրության։ Փաստորեն, ես ֆինանսավորել եմ դեսպանատան վերանորոգումը, իմ հաշվին ապահովել դրա հագեցումը նոր համակարգիչներով ու մեքենաներով։ Չելսիի՝ իմ բնակության հասցեն դարձավ դեսպանի՝ պաշտոնապես գրանցված նստավայրը և, հետևաբար, հայկական առաքելության մի մասը, որտեղ էլ մենք ընդունեցինք կարևոր պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, բրիտանական խորհրդարանի անդամներ և Հայաստանի կառավարության պաշտոնյաներ: Այն, որ Հայաստանի դեսպանի նստավայրը գտնվում էր ընտանիքի սեփականություն հանդիսացող շենքում, ընդհանուր առմամբ հայտնի էր հանրության, և դրանով խնայվեցին ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունը պետք է աներ վարձակալության համար»։

Արմեն Սարգսյանը հիշեցնում է, որ ՀՀ նախագահ լինելու չորս տարիներին չի ապրել պաշտոնական նստավայրում, և իր աշխատավարձը տրամադրվել է բարեգործությանը․ «Ապրում էի որդուս տանը՝ Երևանում և բոլոր ծախսերը, որոնք աննշան չէին, իմ գրպանից էի վճարում։ Եթե հավատանք մամուլի հրապարակումներին, ապա Հայաստանի բարձրագույն ղեկավարության պահպանման ծախսերը հայկական գանձարանին արժենում է ամսական 90 հազար ԱՄՆ դոլար։ Այս հիմքով, թվում է, թե ես իմ նախագահության օրոք խնայել եմ հայ հարկատուի ավելի քան չորս միլիոն ԱՄՆ դոլար, իսկ դեսպան աշխատելիս՝ մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար»։

Արմեն Սարգսյանի համար տարօրինակ է՝ ինչո՞ւ պետք է բացատրի, որ ապրում էր իր քրոջը պատկանող տանը ու նշում․ «Ավելի քան 30 տարի քույրս ապրում էր իմ տանը՝ Երևանում։ Բայց մենք երբեք դրան այդպես չենք նայել: Մենք ընտանիք ենք։ Մեր երեխաները, քույրերն ու եղբայրները մեզ հետ են ապրում, իսկ մենք՝ նրանց հետ»։

Պարզաբանելով իր քրոջն ու որդուն՝ Հայկին ուղղված նամակներում նշված այն միտքը, թե իր որդու հիմնադրած և ղեկավարած ընկերությունը (և որում ընտանիքը սկզբում ներդրում է ունեցել) ժամանակին այլ ձևով է եղել, Արմեն Սարգսյանը նշում է․ «Պարզ չէ, թե ինչ եք առաջարկում, քանի որ ընկերության կայքում հստակ գրված է, որ այն «ի սկզբանե եղել է ընտանեկան գրասենյակի մի մասը, որը Եվրասիայում ներդրումային և գործառնական փորձ ունի ավելի քան 30 տարի տարբեր ոլորտներում»: Հուսով եմ, որ սա կօգնի ձեզ բացահայտել ցանկացած պատմություն, որն արդեն հասանելի չէ ընկերության կայքում»։

Դիմելով լրագրողին՝ ՀՀ 4-րդ նախագահը նշում է՝ նրա բազմաթիվ նամակներից դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ եք ցանկանում պնդել․ «Հատկապես, որ Դուք հաստատում եք, որ իմ պաշտոնավարման ընթացքում ես որևէ հայտարարագրելի շահ չեմ ունեցել: Ձեր նամակները եկել են հենց այն ժամանակ, երբ իմ նոր գիրքը՝ «Փոքր պետությունների ակումբը», որը հրատարակվել է ընդամենը շաբաթներ առաջ, արժանանում է միջազգային ուշադրության և լայն քննարկումների տեղիք տալիս: Իմ գիրքը դիտարկում է այնպիսի փոքր պետությունների հաջողության աղբյուրներին, ինչպիսիք են Էստոնիան, Իռլանդիան, Սինգապուրը, Բոթսվանան, Քաթարը, Շվեյցարիան և ԱՄԷ-ն, ի թիվս այլոց։ Գրքի վերջին գլուխն ուսումնասիրում է այն պատճառները, թե ինչու Հայաստանը չի կարողացել միանալ այս խմբին վերջին երեք տասնամյակների ընթացքում. այն է՝ հստակ տեսլականի և հիմնարար ազատությունների բացակայություն, սխալ կառավարում, կոռուպցիա և ժողովրդավարության արժեքները պաշտպանելու հավակնություն: Պատահակա՞ն է այս ամենի ժամանակը։ Ես սովորաբար չեմ հավատում զուգադիպություններին, բայց ես պատրաստ եմ ընդունել, որ դա կարող է լինել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031