Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եռաբլուրի երեկվա մեքենաները նոր, ամենավերջին մոդելի էին, ասես, Forbes ամսագրի միլիարդատերերի ժողով էր կազմակերպված»

Հունվար 29,2024 16:20

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում նախորդ շաբաթվա իրադարձությունների ավանդական ամփոփման ժամանակ անդրադարձավ Հայոց բանակի կազմավորման տարելիցի կապակցությամբ ՄՀՀ-ում կազմակերպված միջոցառմանը: «Պիտի արձանագրենք, որ բանակում բարեփոխումներ են իրականացվում եւ մեր բանակն ուժեղանում է: Միլենա Գեւորգյանը մեկնել է ժամկետային զինվորական ծառայության: Ու հենց երդման օրը, երբ երդում տվեց վարչապետի ներկայությամբ՝ ոչ թե զորամասում, բոլորի հետ միասին, ու դեռ ծառայության չանցած, միանգամից պարգեւատրվեց վարչապետի հուշամեդալով:

Ի դեպ, բանակի կազմավորման 32-ամյակի կապակցությամբ ոչ մի զինվորական՝ արցախյան պատերազմի ոչ մի մասնակից, երկրապահ կամավորական, աշխարհազորային, որոնք կարող են լինել զինվոր կամ սպա, նախագահի հրամանագրով չի պարգեւատրվել»,-ասաց պարոն Ղազարյանը:

Նա նաեւ անդրադարձավ Եռաբլուր փառքի պանթեոն բարձրաստիճան պաշտոնյաների այցելությանը եւ իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի պահվածքին, որը լրագրողին դիմել էր «արա» արտահայտությամբ:

«Եթե իրենք գնացին Եռաբլուր, ուրեմն լրագրողների մուտքը պանթեոն արգելված է: Այս օրերին մեր երկրում ամենաօգտակար գործն անում են լուսանկարիչներն ու օպերատորները: Այս կադրերը, որ հիմա ֆիքսվում են, գիտե՞ք ինչ հարուստ նյութ են լինելու հետագա գործունեության համար: Ամեն ինչ նկարված է:

Թող մտնեն YouTube ու Եռաբլուրի երեկվա մեքենաները նայեն: Այնտեղ 2017 թվականի մեքենա չկա: Բոլորը՝ նոր, ամենավերջին մոդելի: Ասես, Forbes ամսագրի միլիարդատերերի ժողով է կազմակերպված: Եթե միայն տեսանյութերը նայես ու չիմանաս՝ ովքեր ուր են գնում, երբեք չես մտածի, թե հետպատերազմյան երկրի պատերազմ ստեղծած, պատերազմը տանուլ տված, աղքատ երկրի ղեկավարները գնացել են զոհվածների հուշահամալիր, այլ կմտածես, թե «Լուկ Օյլ»-ի կամ «Գազպրոմի» բաժնետերերի ընդհանուր ժողով է: Ու հետաքրքիր է, որ մեքենաների մեծամասնությունը «Տոյոտա» է կամ «Լեքսուս»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով ԱԺ ամբիոնից այս մակնիշի մեքենաների եւ Եռաբլուրի «առնչության» մասին արված քննադատական հայտարարությունները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031