Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան․ «Հայաստանի 6 մարզերի բնակչությունը ոչ աղքատության, ոչ զբաղվածության, ոչ էլ ՀՆԱ-ի աճի էական ազդեցություն չի զգում»

Հունվար 29,2024 16:15

«Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի 95%-ն արտահանվում է, չենք կարող վերահսկել, թե դրանց վերջնական ծրագրերը որտեղ են օգտագործվում, այս առումով ռիսկեր կան»,-այս մասին այսօր քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ՏՏ ոլորտի այսքան մեծ արտահանման պատճառը, ըստ նրա՝ հետեւյալն է․ ներքին շուկայում պատվերի համար ՏՏ մասնագետը ցածր է վճարվում, ուստի նա գերադասում է դրսի համար պատվեր կատարել․ «ՏՏ ոլորտի ինտեգրումը ՀՀ տնտեսությանը, խոչընդոտային է։ Պետությունը պետք է անպայման սուբսիդավորի, որպեսզի ոլորտը լինի շահագրգռված աշխատելու ներքին շուկայի համար։ Գուցե պետք է քվոտա մտցնել, որ օրինակ՝ ընկերության պատվերների տասը տոկոսը լինի ներքին շուկայից»։

Մակարյանը մի ցուցանիշ ներկայացրեց, ասաց՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարեւոր ցուցանիշը STEM (գիտություն, տեխնոլոգիա, կրթություն, մաթեմատիկա) մասնագետների առկայությունն է․ «ԱՄՆ-ում STEM մասնագետներ թիվը աշխատաշուկայի եւ բոլոր մասնագետների մոտ 5,5% է, ՀՀ-ում՝ 7% է՝ ՏՏ ոլորտը ներառյալ։ Ընդհանուր STEM 40 հազար մասնագետներից 37 հազարը ՏՏ մասնագետներ են, որոնք, կրկնեմ, դրսի համար են աշխատում, իսկ իրական STEM-ը 3 հազար է՝ գիտնականներ, մաթեմատիկոսներ, ինժեներներ, որոնք աշխատում են Ակադեմիայի ինստիտուտների ներքո կամ գիտաարտադրական ձեռնարկություններում։ Մեզ մոտ տարօրինակ բաշխվածություն է՝ STEM-ի տոկոսը լավ է, բայց դա մեզ պետք չէ, որովհետեւ ներքին շուկայի համար չի օգտագործվում»։

Անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Մակարյանն ասաց՝ Հայաստանի վեց մարզեր անզգա են ՀՆԱ-ի աճի նկատմամբ․ «Նրանք այնքան ցածր զարգացման պոտենցիալ ունեն, որ իրենց շուրջ կատարվող զարգացումները չեն զգում։ Այդ մարզերում պոտենցիալ ստեղծելու խնդիր կա։ Հաշվարկ կա՝ ընդամենը մեկ դոլար աշխատավարձի ավելացումը Երեւանում առաջացնում է 15 մլն դոլար ՀՆԱ, չորս մարզերում՝ 1-2 մլն, իսկ մնացած վեց մարզերում՝ 300-500 հազար դոլար։

ՀՆԱ-ի աճի 50%-ը Երեւանում է, մնացածը՝ տասը մարզերում։ Վեց մարզերի բնակչությունը ոչ աղքատության, ոչ զբաղվածության, ոչ էլ ՀՆԱ-ի աճի տեսանկյունից էական փոփոխություն չի կրում։ Մենք եվրոպացիների հետ հաշվարկել ենք՝ եթե ուզում ես աշխատատեղ ստեղծել արտադրական միջավայրում, ապա դա կարժենա 7 հազար եվրո։ 100 աշխատատեղով գործարանը կարժենա մոտ 700 հազար եվրո։ Կառավարությունը ճիշտ կանի 100 միլիոն եվրո ծախսի, ստեղծի առնվազն 100-120 գործարան ու հատկապես այն մարզերում, որոնք չունեն զարգացման պոտենցիալ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031