Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում. Համաեվրոպական 2-րդ խոշոր ձեռնարկն՝ ի պաշտպանություն Արցախի

Հունվար 29,2024 15:52

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը 2024թ․ հունվարի 27-28-ը անցկացրեց երկրորդ համաեվրոպական համախմբումը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023թ․ հոկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում և եվրոպական 13 քաղաքներում կազմակերպված բողոքի համաժամանակյա ցույցերն էին։

Այս անգամ, ավելի քան 50 եվրոպական քաղաքներում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների միջոցով, «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը Եվրոպական միության, եվրոպական երկրների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավարությունից պահանջում էր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, զորակցություն հայտնել բռնի տեղահանված արցախահայությանն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։

Եվրոպահայ հարյուրավոր կազմակերպություններ միասնականությամբ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին։ Համայնքային խորհուրդները, եկեղեցական, քաղաքական, բարեգործական, մարզական, երիտասարդական, մշակութային, տեղական և համահայկական միություններն իրենց կարևոր դերն ունեցան երկօրյա միջոցառումների հաջողության մեջ։

Եվրոպահայության այս զորաշարժի հիմնական նպատակն էր մերժել հուսալքությունն ու պարտվողական կեցվածքը, զգաստության և պայքարի կոչ ուղղել Եվրոպայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությանը՝ պաշտպանելու իր շահերը։ Հայության բազմահազար ներկայացուցիչների մասնակցությունը ցույց տվեց, որ եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում և վճռական է շարունակելու պայքարը։

Կազմակերպված ձեռնարկները ներառում էին հավաքներ, ցույցեր, իրազեկման գործողություններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություն և այլն, որոնց մասնակցություն են ունեցել նաև բազմաթիվ օտար քաղաքական կուսակցություններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դեմքեր, ինչպես նաև մեծաթիվ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նույնպես արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն արցախահայության իրավունքների վերականգնման։

Հավաքների ընթացքում ընթերցվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը, որով վերջիններս զորակցություն էին հայտնում «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժմանը և ավելացնում․ «Այս աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են» և արցախահայության անունից «երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որը ցուցաբերում են եվրոպական հարյուրավոր կազմակերպություններ՝ Արցախի օժանդակության նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով»։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ընդլայնելու է իր ցանցը և 2023թ․ հունիսին իր պահանջներին միացած եվրոպական 470 կազմակերպությունների ցանկին ավելանալու են հայկական և օտար բազմաթիվ կազմակերպություններ։

Շուտով հանրությանը կներկայացվի Եվրոպական միության և եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված նոր պահանջագիր և դրան միացած հարյուրավոր կազմակերպությունների նոր ցանկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031