Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները բողոքի ցույց էին կազմակերպել ու պահանջում էին նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը: Նրանք 72 ժամ էին տվել Ժաննա Անդրեասյանին՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի խոտանման որոշումը հրապարակելու համար:
Նախաձեռնության անդամները ներկայացրեցին, թե ինչ խնդրահարույց հատվածներ կան մեր դասագրքերում ու խոսքը միայն պատմության դասագրքի մասին չէ. «Հայ գրականության դասագրքում Թումանյանին, չգիտես ինչի, ծնվեցրել են Համամլուում, Սպիտակում է ծնվել այդ մարդը: Զուտ նրա համար են արել, որ ադրբեջանական տեղանուն օգտագործեն: Րաֆֆին ընդհանրապես դասագրքից դուրս է եկել, դրա փոխարեն՝ թուրք-ադրբեջանական գրողներ են թարգմանվել, մտել մեր հայ գրականության մեջ: 5-րդ դասարանի դասագրքի մասին է խոսքը: Իսկ 2-րդ դասարանի մայրենիի դասագրքի կողքը նայում ես՝ ադրբեջանական դրոշի գույներն են: Դրանք սիմվոլներ են, որ քայլ առ քայլ մտցնում են: Ի՞նչ եք կարծում, չգիտե՞ն, որ Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում: Մենք մանկապարտեզից սկսած՝ գիտեինք: Իսկ դասագրքում գրված է, որ Համամլուում է ծնվել Թումանյանը»:
Լիբանանում հրատարակվող «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Առաջին եւ վերջին պատասխանատուն նախարարն է: Դասագրքի հեղինակը գործիք է՝ անպայման վճարված ու իր սեւ գործն արած: Բայցեւայնպես, նախարարն է պատասխանատու ու այս ամեն ինչը իրեն է ուղղվում»:
Դիտարկմանը, որ նախարարությունը այլ առաջնահերթություն ունի, հիմա առաջարկում են «Հայոց պատմություն» անունը փոխել, դնել «Հայաստանի պատմություն»՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «Մենք սփյուռքի մեջ որ հայ մնացինք, դա Հայոց պատմության դասագրքով է, որ հայ մնացինք: Հայաստանի պատմություն՝ կնշանակի դուրս բերել ամբողջ սփյուռքը եւ խոսել գուցե 2018-ից հետո պետության մասին: Բայց չի կարելի այդպիսի կատակներ անել հայ ժողովրդի հետ»:
Կարդացեք նաև
Սեւակ Հակոբյանը զարմացած է, թե ինչու ժողովրդական լայն զանգվածներ դուրս չեն գալիս փողոց ու չեն մասնակցում ցույցերին. «Մենք ընդամենը հայ ժողովրդի նոր սերունդը դաստիարակող գրքի մասին ենք խոսում: Չեմ հասկանում՝ տակավին ի՞նչ է ուզում ժողովուրդը, որ դուրս գա փողոցային պայքարի: Այսօր բացակայում է ժողովրդի այն մասսան, որ ուսուցիչ է, աշակերտ է, ծնող է, անմիջականորեն առնչվում է դասագրքի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
5 ֊րդ դասարանի գրականության մասին տեղեկատվությունը սուտ է։ Ցավում եմ, որ թացն ու չորը խառնում եք իրար։ Դասագրքի հեղինակները պրոֆեսիոնալներ են։ Հղումն այստեղ է` https://krtadarak.am/mayreni-5-kens-tumanyan/