Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե 24 ժամվա ընթացքում դիմումը չստորագրի, գալիս ենք Ժաննա Անդրեասյանի հետեւից». նախարարի հրաժարականի դիմումը՝ սեւ թղթապանակով

Հունվար 29,2024 15:30

Ժաննա Արամի Անդրեասյանի դիմումը՝ ուղղված ՀՀ վարչապետին. «Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, հիմք ընդունելով 2022-ի դեկտեմբերի 13-ի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ ձեր առաջարկությամբ ինձ ՀՀ ԿԳՄՍ նախարար նշանակելու որոշումը, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, սույնով դիմում եմ, որ դուրս գամ աշխատանքից: Դիմումիս պատճառն այն է, որ ես՝ որպես ԿԳՄՍ նախարար, ձախողեցի պարտականություններս, որի հետեւանքով ոչնչացրեցի անձիս վերահսկողությանը վստահված ոլորտները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ սույն դիմումը ստանալուց հետո լուծել մեր միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը եւ ինձ ազատել աշխատանքից: Խնդրում եմ նաեւ աշխատանքի ազատման օրը հաշվարկել եւ ինձ վճարել վերջնահաշվարկի գումարները»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունից այս դիմումը շարադրել ու պատրաստի տեքստը նախարարություն են բերել «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները: Նրանք 72 ժամ էին տվել Ժաննա Անդրեասյանին՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի խոտանման որոշումը հրապարակելու համար:

Այսօր նրանք բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Նախաձեռնող խմբի անդամները թույլ են տալիս, որ Ժաննա Անդրեասյանը այս դիմումի օրինակի վրա շտկումներ անի, եթե դրանց կարիքը տեսնում է ու այն տանի կառավարություն. «Եթե 24 ժամվա ընթացքում դիմումը չստորագրի, գալիս ենք Ժաննա Անդրեասյանի հետեւից»:

Վազգեն Պետրոսյան

Շարժման նախաձեռնողներից Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս իշխանությունները Թուրքիայի պատվերն են կատարում ու Թուրքիայի պատվերով էլ Սահմանադրություն են փոխում. «Իրենք առանց ամաչելու ասում են՝ այո, իրենք պահանջել են, մենք էլ անում ենք: Եթե իրենք այդպես են վարվում հայ ժողովրդի նկատմամբ, մենք էլ իրենց նկատմամբ կվարվենք այդպես»:

Հարցին՝ դուք բողոքում եք, որ առանց ժողովրդին հարցնելու՝ պատմության դասագիրք են փոխել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդին հարցնելու, Արցախը հանձնեց, գուցե գնաք ի՞ր հրաժարականի հետեւից՝ Վազգեն Պետրոսյանը պատասխանեց. «Իր հետեւից էլ ենք գնալու: Քաղաքական գործընթացներն ունեն իրենց տրամաբանությունը: Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018-ին, այն էր, որ մի համակարգ՝ դրսից ներդրված, այնպես արեց, որ ժողովուրդը հավատա՝ ով որ ֆեյսբուքում կարողանում է մի քանի հազար լայք հավաքել, ուրեմն կարող է անել ամեն ինչ, այդպես ստեղծեցին քաոս Հայաստանի մեջ: Հիմա այդ քաոսը պետք է մաքրել: Հին հայկական ասացվածք կա, ասում են՝ ձուկը գլխից է հոտում, բայց մաքրում են պոչից: Մենք պետք է սկսենք մաքրել պոչից»:

Երբ նախաձեռնության անդամները սեւ թղթապանակով Ժաննա Անդրեասյանի հրաժարականի դիմումը փորձեցին տանել նախարարություն, այնտեղից հորդորեցին դիմումը գցել ԿԳՄՍՆ փոստարկղը: Հիմա սպասում են արձագանքին՝ մինչեւ չորեքշաբթի ժամը 15-ը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031