«Ձեր արարքով ընդգծել եք բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել». այս խոսքերով այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նվիրված և անձնվեր աշխատանքի համար շնորհակալագրի արժանացրեց և կատարած մասնագիտական սխրանքի համար երախտիքի խոսքեր հղեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանին:
Ինչպես գիտեք, երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել։
Բժիշկ Խաչատրյանը, չնայած տեղի ունեցածին, շտապօգնության մեքենայով հասնում է Հրազդանի բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում այն նորածնին, որի համար կատարվել էր կանչը և համալսարանական հիվանդանոցի արդեն երկրորդ ռեանիմոբիլով երեխային տեղափոխում է համապատասխան բժշկական հաստատություն:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իմ տեղում այդպես կվարվեր»,- ասաց Մերի Խաչատրյանը` Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի մասնակցությամբ հրավիրված հանդիպմանը:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ մասնագիտական սխրանքների նման օրինակները ընդգծում են առողջապահական համակարգի կարևոր բաղկացուցիչը` նվիրումը.
«Ձեզ սպասող, Ձեր օգնության կարիքն ունեցող փոքրիկի առողջությունը Դուք առավել բարձր եք դասել, և սա ուսուցողական է, ինչպես ապագա բժիշկների, այնպես էլ կոլեգաների համար»:
Նշենք, որ վթարի հետևանքով «Հերացի» հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ և վարորդի վիճակը համալսարանական մասնագետների, բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է:
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին