«Պաշտպանի՛ր պատմությունդ Ժաննայից», «Կրթենք արժանապատիվ սերունդ». այսօր այս ցուցապաստառներով ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները բողոքի ցույց էին կազմակերպվել՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը:
Օրեր առաջ նրանք կլոր սեղան քննարկում էին արել, ներկայացրել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի խնդրահարույց մեջբերումները ու պահանջել չեղարկել, խոտանել այն:
Շարժման անդամները 72 ժամ էին տվել Ժաննա Անդրեասյանին՝ դասագիրքը խոտանելու որոշումը հրապարակելու համար: Քանի որ նման որոշում չկա, այսօր արդեն Ժաննա Անդրեասյանի հրաժարականի տեքստը գրած՝ եկել էին նախարարություն:
Շարժման նախաձեռնող, «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատմության այդ դասագիրքն իսկապես խնդրահարույց է, պատմաբանները, ուսուցիչները, բոլորը դեմ են դրան. «Նախարարին ժամանակ տվեցինք, որպեսզի խոտանի այն, ինչը որեւէ բանի պիտանի չի: Իրենցից պատասխան չստացանք, որեւէ արձագանք չեղավ նախարարությունից, դրա համար այսօր հավաք կազմակերպեցինք, որպեսզի նախարարին հանձնենք իր դիմումը, որի տակ պետք է ստորագրի ու հրաժարական տա: Եթե հրաժարական չտվեց, արդեն մենք մեր քայլերը գիտենք, թե ինչ ենք անելու, հետեւողական ենք լինելու ու հասնելու ենք նրան, որ անպայման հրաժարական տա ու խոտանվի դասագիրքը: Կեղծ գրքով, կիսատ ճշմարտություններով սերունդներ դաստիարակել չի լինում, կիսաճշմարտություն չպետք է ասել սերունդներին, դրանով մենք կործանելու ենք մեր ապագան»:
Կարդացեք նաև
Ըստ նախաձեռնողների, Ժաննա Անդրեասյանը կիսատ-պռատ է աշխատում, դասագիրքը նախ ներկայացրեց ուշացած, սխալներով, հետո ասաց՝ ներդիր կավելացնեն, ուղղումներ կարվեն, մինչ օրս չի արվել:
Հարցին՝ օրեր առաջ կոչով հանդես եկավ նաեւ եկեղեցին, եթե իրենք հոգեւոր առաջնորդներին չեն լսում, ձեզ կլսե՞ն՝ Վազգեն Պետրոսյանը պատասխանեց. «Եկեղեցին բարոյական դեմքն է մեր ժողովրդի, եկեղեցին իրավունք չունի մի քիչ կոշտ միջոցների դիմի: Շատ անկեղծ ասեմ՝ մենք կատակ չենք անում եւ գնալու ենք մինչեւ վերջ: Պետական լծակները բոլորն այսօրվա իշխանությունների ձեռքում են: Կարող ենք ասել՝ այս իշխանությունները որոշել են ամեն ինչ հանձնել, այդ թվում՝ Սյունիքը, գնանք մեր տներում նստենք: Եթե մենք՝ որպես ժողովուրդ, համակերպվում ենք այն ամենին, ինչ բերում են մեր գլխին, այդ ժամանակ մենք չպիտի մեղադրենք ոչ մեկի, պիտի մեղադրենք մեզ, որ ենթարկվում ենք»:
Դիտարկմանը՝ Արցախի հանձնմանը համակերպվեցիք՝ նա արձագանքեց. «Արցախի հանձնմանը ոչ մեկը չի համակերպվել, Արցախի հարցը նոր սկսվում է, ես ձեզ խոստանում եմ: Ճիշտ է, Արցախից բնակչությունը դուրս եկավ՝ իր անվտանգությունից ելնելով, բայց դա չի նշանակում, որ Արցախի էջը փակվել է: Այդ էջը մենք շուռ ենք տալու ու սկսելու ենք նորովի գրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ