Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան․ Ըստ 1000 խոշոր հարկատուների ցանկի՝ տնտեսության զարգացման եւ արտադրողականության բարձրացման միտում չկա․ ՀՀ-ն պետք է նոր ապրանքներ ստեղծի

Հունվար 29,2024 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի վճարած հարկերը կազմում են բյուջեի մոտ 20%-ը, օրինակի համար՝ Գերմանիայում առաջին տասնյակը վճարում է ընդամենը 2,5%-ը։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ներկայացնելով 2023 թվականի խոշոր հարկատուների ցանկը։

Մակարյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված է 63700 իրավաբանական անձ, որից 56 հազարը միկրոձեռնարկություն է, որի 70%-ը աշխատող չունի, անհատներ են, այսինքն` էական տնտեսական ներդրում չունեն, դրանք ավելի շատ զբաղվածություն են ապահովում։ Ընդհանրապես, ըստ Մակարյանի, Հայաստանում 63700 ընկերություններից 7650- են, որոնք ունեն էական ազդեցություն տնտեսության զարգացման եւ տնտեսության ուղղությունների վրա։

Անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված արտահանող ընկերություններին, Մակարյանն ասաց՝ էական փոփոխություն չկա, տարիներ շարունակ նույն ոլորտի ընկերություններն են ու նույն ապրանքները․ «Արտահանման մասով թոփ 15-ը նույնն է՝ հանքարդյունաբերական մետաղներ, խմիչք, ծխախոտ, երկաթյա մշակված իրեր, ալյումին, հագուստեղեն, ձկնեղեն, բանջարեղեն, բանջարեղեն եւ այլն։

Ցանկում առաջին տասնյակում գերակշռում են ծխախոտի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող ընկերությունները, որոնք, ըստ Մակարյանի, էական տնտեսական, արդյունաբերական ցուցանիշ չեն ապահովում։

Ցանկում ավելացել են բանկերը, դրանք ցանկում են առաջ են մղվել, ըստ Մակարյանի՝ բանկերն ավելի շատ վարկերի եւ տոկոսադրույքների բարձրացման արդյունքում իրենց ցուցանիշները լավացրել են, դարձել խոշոր հարկատուներ։

Հայաստանում, ինչպես ասաց Մակարյանը, շատ են խոսում շինարարական բումի մասին, մինչդեռ խոշոր հարկատուների ցանկում շինարարական ընկերությունները 60-րդ տեղից հետո են․ «Այսինքն, դրանք այնքան շինարարական ծավալ չունեն, որ ավելի բարձր տեղերում լինեն»։

Խոշոր հարկատուների ցանկում ընդհանուր առմամբ 1010 ընկերություններ են, որոնք վճարում են բյուջեի 82%-ը, ցանկի առաջին 100 ընկերությունները՝ 2,6մլրդ դոլար հարկ են վճարել։ «Բոլորը միասին վճարել են 4 մլրդ դոլարի չափ, այսինքն՝ միկրոձեռնարկությունները քիչ դերակատարություն ունեն։ Ցանկում ամենավերջին ընկերությունը 800 հազար դոլարի հարկ է վճարել, սա միջին ընկերություն է։ Իհարկե, այս 1010-ի մեջ կան նաեւ մի քանի փոքր ընկերություններ, դրանք, ունենալով մինչեւ 50 աշխատող, իրենց ֆանտաստիկ մենեջմենթի շնորհիվ հայտնվել են խոշոր հարկատուների ցանկում։ Հայաստանի տնտեսական բաշխվածությունն այնպիսին է, որ խոշոր հարկատուների ցուցակը դուրս է մղել փոքր ձեռնարկություններին»։

Ցանկում ընդգրկվել է կենցաղային տեխնիկայի առեւտրով զբաղվող խանութ։ Այս առնչությամբ Մակարյանն ասաց՝ ըստ էության ՌԴ քաղաքացիներն են այդ տեխնիկան գնում եւ ուղարկում դուրս, քանի որ ՌԴ-ն պատժամիջոցների տակ է։

Ցանկում առաջատարներից են առցանց առեւտրով զբաղվող ռուսական wildberries-ն ու բուքմեյքերական ընկերությունը՝ «Աջարաբեթը», կահույք ներմուծող եւ վաճառող «Դեկորա» խանութը, խմիչքներ ներմուծող եւ իրացնող «Անդակո» խանութը։ Այս առնչությամբ էլ Մակարյանն ասաց՝ տնտեսության զարգացման կամ արտադրողականության ցուցանիշներ չեն։

Միության նախագահի խոսքով՝ ցանկում հայտնվել են ծխախոտ իրացնող նոր ընկերություններ․ «Զարմանալի է՝ Հայաստանում այդքան ծխող կա՞, ծխելն էլ արգելել են»։

«Երբ խոսում ենք տնտեսական կառուցվածքի փոփոխության մասին, շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, դա պայմանավորված է ապրանքների դիֆերսիֆիկացիայով։ Հայաստանն արտահանում է հիմնականում չորս տեսակի ապրանք՝ խմիչք, հանքարդյունաբերական ապրանքներ, պահածոներ, հյութեր։ Նաեւ մի քիչ էլ ադամանդ է արտահանում, բայց նախկինում 300 միլիոն դոլարի ադամանդե հումք էինք ներմուծում, 350 միլիոնն արտահանում։ Հիմա էլ են նույն թվերը, ուղղակի եթե մեզ ձեռնտու է, որ հումքի արժեքն էլ են մտցնում ու տնտեսական մեծ ցուցանիշ ստանում, բայց երբ նայում ենք ինչ ենք արել, փոքր թիվ է ստացվում, որն էլ եղած աշխատուժի քանակին չի համապատասխանում։ Չի բացառվում, որ պատրաստի ադամանդը բերում ու վերաարտահանում ենք»,-ասաց Մակարյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ն պետք է գնա տնտեսական նոր ճյուղերի զարգացման, շուկայի դիվերսիֆիկացիայով պայմանավորված նոր ապրանքների ստեղծումով, ինչը թույլ կտա նոր գործընկեր երկրներ գտնել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031