2023-ի օգոստոսի 23-ից սկսած, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարեց, որ ՀՀ Անկախության մասին հռչակագրում առկա է «կոնֆրոնտացիոն» խոսույթ, իշխանականները հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության վերստեղծումը ազդարարող փաստաթուղթը: Դրա ենթադրյալ բացթողումների մասին խոսակցությունները նոր թափ հավաքեցին Արդարադատության նախարարությունում հունվարի 19-ին Փաշինյանի արած հայտարարությունից հետո:
Վերջին օրերին իշխանական պատգամավորները իրենց հարցազրույցներում պնդում են, որ Անկախության հռչակագիրը այդքան էլ Հայաստանի և հայաստանցու մասին չէ, նպատակն էլ հայոց պետականության վերակառուցումն ու ամրապնդումը չէ:
Իսկ հայերի քանի՞ տոկոսն է կարդացել Անկախության հռչակագիրը: Քանի՞ տոկոսն է ծանոթ այդ հատկանշական փաստաթղթի 12 սկզբունքներին:
Ինչո՞ւ հասարակ քաղաքացու մտքով չի անցնում համացանցում բացել և կարդալ Հռչակագիրը՝ ինքնուրույն դատելով ՔՊ-ական շահարկումների համապատասխանությունը իրականությանը: Այսօր այդ Անկախության հռչակագիրը կարդալու անհրաժեշտ պահն է:
Կարդացեք նաև
Ցավալի է, որ մեր պետության ստեղծման մասին այդ հռչակագիրը, ըստ արժանվույն չի գնահատվում, մի բան էլ քարկոծվում է: Կոնֆրոնտացիոն հռչակագրի օրինակ է Միացյալ Նահանգների՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու մասին հռչակագիրը, որը ձեռնոց է նետում բրիտանական գահին: Սակայն, ամերիկացիները մեծ ակնածանք են տածում այդ Հռչակագրի նկատմամբ և փոխելու մասին չեն մտածում, թեպետև բրիտանա-ամերիկյան հարաբերությունները ամբողջությամբ կարգավորված են և կրում են դաշնակցային բնույթ:
Մի՛ ալարեք, այսօր ընթերցե՛ք Անկախության հռչակագիրը, որը մեր պետության հիմնադիր փաստաթուղթն է և ընդունվել է քաղաքական բացառիկ կոնսենսուսով:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ