Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագծի կարգավորումները խնդրահարույց են. նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար»

Հունվար 29,2024 12:37

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 01-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 01-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, և որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) տարբերությունից:

Նախագծով հարկման դաշտում իրավաբանական օգնության տրամադրելուն ուղղված իրավապաշտպան փաստաբանական գործունեությունը հավասարեցվում է խաղատների շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի, գործունեության հետ:

Միաժամանակ նախագծի կիրառման արդյունքում փաստորեն սահմանափակվելու է քաղաքացիներին անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը մասնավոր դաշտում գործող փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների կողմից:

Նախագծի կարգավորումները խնդրահարույց են և անընդունելի:

Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների հարկային բեռը ներկայիս համեմատ կտրուկ և անհամաչափ աճելու է, ինչը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի զգալի աճին:

Արդյունքում, նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար:

Նշվածով պայմանավորված հրավիրվել է Փաստաբանների ակումբի նիստ:

 ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031