Այսօրվա ընդդիմադիր դաշտում բազում թերություններ կան։ Բոլորի մասին խոսել հիմա չեմ կարող, միայն մի թերության մասին ասեմ։ Խոսքը վերաբերում է մեկը մյուսին հղում անելու չկամեցողությանը։ Չափազանց հազվադեպ ենք հանդիպում այնպիսի դրվագների, երբ ընդդիմադիր գործիչներից որևէ մեկը հղում կատարի մեկ այլ ընդդիմադիր գործչի ասածը կամ պաշտպանի ընդդիմադիր գործչի տեսակետը որևէ հարցում։ Փոխարենը, շատ հաճախ ենք լսում այսպիսի արտահայտություններ․ «ինչպես մեկ այլ առիթով ես ասել եմ», «ես դեռ տասը տարի առաջ եմ ասել», «ես դա միշտ եմ ասել», «ցավոք սրտի իմ ասածները տեղի ունեցան», «ասել եմ ու կասեմ» և այլ նմանատիպ խոսքեր «ես» – ի ու «իմ» – ի շուրջ։
Թերևս այս թերությունը կա նաև իշխանության շրջանակում, բայց ես մասնավորապես կարևորում եմ նման մեթոդով, այսինքն մեկը մյուսին հղում անելու մեթոդով, ընդդիմադիր դաշտի գործունեությունը։ Պետք չէ վախենալ հղում անել գաղափարակցին, թեկուզ այլ կուսակցությունից, դրանով դուք չեք ստորադասվում նրանից, հակառակը, ավելի եք բարձրանում և միասնությանը միտված քայլ եք կատարում։
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության հեռուստաալիքով վերջերս փորձ կատարվեց արհամարհել եկեղեցական կոչումը՝ աղանդավորականներին հատուկ ձևով «պարոն» անվանելով հոգևորականին։ Իհարկե, լրագրողն ու հյուրը գիտեին, որ այդպես չի կարելի դիմել բարձրաստիճան հոգևորականին, բայց քանի որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը ինքնին հակաեկեղեցական կուսակցություն է, ուստի դա իրենք անում են քարոզչական նկատառումներով։ Նման անտակտ խոսքը, արտահայտված պետական հեռուստաալիքով, եթե ինձ վիրավորել էր, ուրեմն շատերին էր զայրացրել, իսկ դա նշանակում է, որ այդ անազնիվ արարքը, կարող էր բողոքի ցույցի առիթ դառնալ։ Սակայն այդ մաքրամաքուր էներգիան գեներացնող չեղավ։ Հարգելի եկեղեցասեր, բարեպաշտ ժողովուրդ, սովորեք փոքր-փոքր խաղաղ բողոքի ցույցեր կազմակերպել, նման դեպքերում, դա շատ կարևոր է։ Թեկուզ փոքր քանակով, բայց պետք է արտահայտել դժգոհությունը և հնարավորինս լսելի դարձնել։
Իսկ ինչո՞ւ այդ երկու պարոնները իրենց թույլ տվեցին նման արարք, որովհետև Ազգային Ժողովի ամենաբարձր ամբիոնից մեկ այլ պարոն նմանատիպ արտահայտություն էր կատարել՝ թիրախավորելով Վեհափառ Հայրապետին, որովհետև նրանց պետք է հաճոյանալ աղանդավորականներին։ Բացառված չէ, որ նորից կրկնվեն նման բաներ, որովհետև ՔՊ կուսակցությունը առավելապես իր հույսը դրել է հակաեկեղեցական համայնքների ու բազմագույն փոքրամասնությունների աջակցության վրա։
Կարդացեք նաև
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ