Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չալաբյան. Հերթական հակազգային նախաձեռնությունը, իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն հանրային աջակցություն ունի

Հունվար 29,2024 12:04

«ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախկինում արդեն գրել էի այն մասին, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում հետևողաբար իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ արժեզրկելու մեր ազգային ինքնությունը և տարբեր ազգային հաստատությունները։ Այս պարսավելի ցանկին անցած շաբաթվա սկզբին ավելացել է հերթական հակազգային նախաձեռնությունը՝ «Հայոց պատմություն» առարկան փոխարինելու «Հայաստանի պատմություն» առարկայով։

Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չի թվում, բայց իրականում այն հսկայական է՝ Հայոց պատմությունը ընդգրկում է մեր ազգի պատմությունը Հայկ նահապետից սկսած մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ Կիլիկիայի փառահեղ թագավորությունը, հայկական սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը իր ներկա տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարյուրամյակների ընթացքում՝  հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման արդյունքում, և մեր ազգի պատմության շատ փոքր հատվածն է։

Այժմ այս անհեթեթ որոշման նախագիծը դրված է կառավարության e-draft կայքում: Իր ոճին համաձայն, գործող իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն անցնում է ժողովրդավարական ընթացակարգի միջոցով, և հանրային աջակցություն ունի։ Թեև առանց բացառության մինչև հիմա ստացված բոլոր արձագանքները բացասական են (մոտ 150 արձագանք), քվեարկության մասնակիցների մոտ 42%-ը առերևույթ կողմ են քվեարկել նախագծին, ընդ որում որպես կանոն, Կողմ ձայները ավելանում են գիշերային ժամերին, և նրանցից ՈՉ ՈՔ չի գրում, թե ինչու է նա կողմ այս հակագիտական և հակազգային նախաձեռնությանը: Սա ենթադրել է տալիս, որ այս կողմ ձայները ուղղորդված են, գուցե նաև տրվում են ադմինիստրատիվ ճնշման արդյունքում՝ կեղծ պատրանք ստեղծելու, թե նախագիծը հանրային աջակցություն է վայելում:

Անցած շաբաթ ես և իմ շատ ընկերներ արդեն դեմ ենք քվեարկել այս նախաձեռնությանը, և ցանկանում եմ խնդրել բոլորին, որոնք անտարբեր չեն մեր ազգի անցյալի և ապագայի նկատմամբ, ևս մտնել այս կայքը, գրանցվել և դեմ քվեարկել այս հերթական հակազգային դրսևորմանը։ Ցանկալի է նաև մեկնաբանություն թողնել՝ ըստ գործող օրենսդրության, նախագիծ ներկայացնողը պարտավոր է դրանց պաշտոնապես անդրադառնալ, ուստի մի ափսոսացեք ձեր ժամանակն ու ջանքը, ձեր խոսքը խիստ կարևոր է։ Հղումը կցում եմ և կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր արձագանքների համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031