Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն դատավոր Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում հայտարարեց

Հունվար 29,2024 10:31

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին (լուսանկարում) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում հայտարարվեց։

Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։

«Գտել ենք, որ դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։ Դատավորն իրեն մակագրված «Վեոլիաջուր ՓԲԸ-ն՝ ընդդեմ Հրանտ Գրիգորյանի» գործով գումարի բռնագանձման պահանջի մասին համապատասխան համարի քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու համապատասխան հիմքերի պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, քննել եւ լուծել է գործը»,- ԲԴԽ նիստում գործի քննության ժամանակ ասել էր արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հարցրել էր Նաիրա Գրիգորյանին՝ ճի՞շտ է սեփական հորեղբոր որդու գործով որոշում կայացնելը դատարանի համար․ բոլորս հասկանում ենք, որ հորեղբոր տղայի գործով դատ անելը ճիշտ չէ և արդյոք այն, որ նրան դեմ որոշում եք կայացրել, դա արդարացնո՞ւմ է Ձեր՝ ինքնաբացարկ չհայտնելը։

Նաիրա Գրիգորյանը պատասխանել էր․ «Միանշանակ՝ ոչ։ Եթե ես իմանայի, միանշանակ ինքնաբացարկ կհայտնեի։ Ես իրականացրել եմ արդարադատությունը օրենքով սահմանված կարգով։ Նրա որևէ իրավունք չի խախտվել, կայացվել է արդարադատություն։ Միանշանակ, եթե իմանայի, ինքնաբացարկ կհայտնեի։ Դատարանը չի իմացել, չէր էլ կարող իմանալ պարզեցված վարույթի կարգով, ինչպես նաև նա իր իրավունքները, պարտականությունները ստացել էր, կարող էր իր իրավունքներից օգտվել։ Եթե որեւէ կասկած կար իր մոտ անաչառության վերաբերյալ, կարող էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»։

ԲԴԽ–ն հայտնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031