Նախորդ օրը Լուվրում երկու ցուցարարներ ապուր էին լցրել Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցի վրա, որը, բարեբախտաբար, գտնվում է զրահապատ ապակու հետևում։ Ակցիան անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում վառելիքի գների դեմ բողոքող ֆերմերների գործողությունների շրջանակում, և ակտիվիստներն այդ քայլով պահանջել են «առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի» իրավունք՝ կրկնելով. «Մեր գյուղատնտեսական համակարգը հիվանդ է»։
Սա առաջին դեպքը չէ, երբ, այսպես կոչված, էկոակտիվիստները թիրախավորում են արվեստի համաշխարհային գլուխգործոցները՝ փորձելով ուշադրություն հրավիրել բնապահպանական այս կամ այն խնդրի վրա, պահանջելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու համար։ «Մոնա Լիզան» նմանատիպ բազմաթիվ փորձություններ է կրել, որոնցից մեկն էլ 2022 թ․-ի մայիսի 29-ին էր, երբ տարեց կնոջ նման հագնված տղամարդը ցատկել է հաշմանդամի սայլակից ու տորթ նետել կտավի վրա՝ կոչ անելով մարդկանց ու նկարիչներին «մտածել երկրի մասին»։
Կարդացեք նաև
2022 թ․-ի օգոստոսի 14-ին Just Stop Oil կազմակերպության երկու ակտիվիստուհիներ ապշեցրել են Լոնդոնի Ազգային պատկերասրահի այցելուներին՝ լոլիկի ապուրի տարաներ նետելով Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա: Այնուհետև ակտիվիստուհիները բառացիորեն սոսնձել են իրենց ձեռքերը պատին ու սկսել իրենց ելույթը․ «Կյանքի արժեքի ճգնաժամը նավթային ճգնաժամի մի մասն է․ վառելիքն անհասանելի է միլիոնավոր քաղցած, մրսած ընտանիքների համար․ շատերն անգան չեն կարող իրենց թույլ տալ մի աման ապուր տաքացնել»։ «Ի՞նչն է ավելի թանկ՝ արվեստը, թե՞ կյանքը։ Սա ավելի թա՞նկ է, քան սնունդը, ավելի թա՞նկ է, քան արդարությունը։ Ձեզ ավելի շատ անհանգստացնում է այս կտավի պաշտպանությունը, թե՞ մեր մոլորակի ու մարդկանց»։
Նույն թվականի հոկտեմբերի 24-ին գերմանական «Վերջին սերունդ» (Last Generation) կազմակերպության 2 ակտիվիստներ Պոտսդամի թանգարանում Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» կտավի վրա կարտոֆիլի խյուս են լցրել՝ խոսելով կլիմայական ճգնաժամի մասին։
2022 թ․-ի նոյեմբերի 4-ին Ultima Generazione իտալական կազմակերպության 3 ցուցարարներ սիսեռով ապուր են լցրել Վան Գոգի «Սերմնացանը» (1888 թ.) կտավի վրա, որը, նույնպես, բարեբախտաբար, զրահապատ ապակով էր պաշտպանված։ «Մենք չպետք է բարկանանք կտավի վրա, որն ապակով է պաշտպանված և վաղը մաքուր կլինի, մենք նաև չենք բարկանում, քանի որ չգիտենք, որ սնունդ ու ջուր ենք կորցնում»,- բղավել էր ակցիայի մասնակիցներից մեկը։
2022 թ․-ի նոյեմբերի 12-ին շրջակա միջավայրի պաշտպան ներկայացող 3 ակտիվիստներ Կանադայի Վանկուվերի արվեստի պատկերասրահում թխկու օշարակ են լցրել Էմիլի Քարրի բնապատկերի վրա՝ ուշադրություն հրավիրելով Coastal GasLink գազամուղի շինարարությունը դադարեցնելու անհրաժեշտության վրա։
2022 թ․-ի նոյեմբերի 15-ին «Վերջին սերնդի» 2 ակտիվիստներ Վիեննայի Լեոպոլդ թանգարանում «սև յուղային հեղուկ» են լցրել Գուստավ Կլիմտի «Մահ և կյանք» կտավի վրա, որը նույնպես պաշտպանված է զրահապատ ապակով։ «Դադարեցրեք հանածո վառելիքի ոչնչացումը»,-ասել է ակտիվիստներց մեկն՝ ավելացնելով․ «Մենք սլանում ենք դեպի կլիմայական դժոխք»։
Էկոակտիվիստների նմանատիպ գործողությունները, սակայն, ավելի հաճախ զարմանք ու զայրույթ են հարուցում մարդկանց շրջանում, քան կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին մտածելու տեղիք են տալիս։
2022 թ․-ին գրեթե 100 պատկերասրահների տնօրեններ, արձագանքելով նման բազմաթիվ միջադեպերին, հայտարարություն էին տարածել՝ հիշեցնելով․ «Աշխարհով մեկ արվեստի գործերը թիրախավորող ակտիվիստները չեն էլ գիտակցում, թե որքան փխրուն են այդ անփոխարինելի նմուշները, որոնք պետք է պահպանել որպես համաշխարհային մշակութային ժառանգության մի մաս․․․ Մենք խորապես ցնցված ենք այդ գործերը վնասելու սպառնալիքից․․․»,- նշվում էր Մետրոպոլիտեն թանգարանի, Լուվրի, Բրիտանական թանգարանի և այլոց համատեղ հայտարարությունում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ