Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ համագործակցություն, այն մարմինների, որոնց բանտում հիմա գտնվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությո՞ւնը. Էդգար Ղազարյան

Հունվար 28,2024 22:50

«Եթե նայենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունների խրոնոլոգիան, կտեսնենք, որ այդ հայտարարությունը վարչապետի՝ ԱԱԾ այցից անմիջապես հետո է տարածվել: Վարչապետի այցից հետո երկու հայտարարություն է տարածվել, առաջինով հայտնեցին, որ պատրաստ են ականապատ դաշտերի նոր, ութ քարտեզներ հանձնել թշնամուն, երկրորդը՝ անհետ կորածների հետ կապված աշխատանքներն են պատրաստ իրականացնել: Այս երկուսն էլ միակողմանի գործողություններ են, որոնք Ադրբեջանի իշխանությունները Հայաստանում իրենց ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի միջոցով փոխանցում են ՀՀ իշխանության մարմիններին, այդ թվում՝ անվտանգության համար պատասխանատու մարմիններին, որ դրանք իրականացնեն: Թե չէ այն փաստաթղթերն ու վկայակոչումները, որ անում են, իմ կարծիքով, դրանով  Փաշինյանը իր հանցավոր  գործունեությանը մասնակից է դարձնում այն իրավապահ մարմիններին, որոնք հենց այդ հանցագործությունների համար պիտի պայքարեին՝ սկսած ականապատ դաշտերը թշնամուն հանձնելուց: Ականապատ դաշտերի տեղեկությունները ռազմական բնույթի հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են, իսկ Քրեական օրենսգրքով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները թշնամուն փոխանցելը որակվում է որպես պետական դավաճանություն, այսինքն՝ ինչ անում են՝  դավաճանություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանը՝ ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տարածել է Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի  հայտարարությունը, որտեղ նշված է, որ 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Բացի այս, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ 993 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:

«Կամ ինչ է նշանակում ՝Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ համագործակցություն, ո՞ր մարմինների հետ են համագործակցում, այն մարմինների, ում բանտում հիմա գտնվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այսինքն այդ մարմնի հետ պատրաստ են համագործակցե՞լ: Մինչեւ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ՀՀ իշխանությունները պայքարում էին օտարերկրյա քաղաքացի Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատ արձակվելու ուղղությամբ, միջազգային ջանքեր էին գործադրվում, որ հարցը բարձրացվեր, որ այլ պետության քաղաքացին ազատ արձակվի ադրբեջանական բանտից, որովհետեւ նա ապօրինի էր ձերբակալվել:  Պատճառը Արցախ կատարած նրա այցելությունն էր ու այնտեղից տեղեկատվության տարածումը, եւ նա ազատ արձակվեց, ի վերջո: Իսկ հիմա Հայաստանի անվտանգության մարմինները պատրաստ են Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ համագործակցել, ծիծաղելի բան»,- շարունակեց Էդգար Ղազարյանը:

Ղազարյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ համագործակցելու իր պատրաստակամությունն էր հայտնել դեռեւս անցած տարի Փաշինյանի՝ Կապան ուղեւորվելու օրը ու շատ ծիծաղելի վիճակում էին հայտնվել: Նրա խոսքով, Կապանի օդանավակայանը բացելու մասին հայտարարությունից հետո օդանավակայանի ուղղությամբ ադրբեջանցիները կրակեցին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց , թե պատրաստ են համագործակցել Ադրբեջանի ԱԱԾ սահմանապահների հետ այդ հանգամանքները պարզելու համար. «Իսկ համագործակցեցի՞ն, բացահայտեցին այդ հանգամանքները, ինչու էին կրակել, թե դրանից հետո շարունակվեց այդ նույն արկածախնդրությունը օդանավակայանի նկատմամբ ու այդ օդանավակայանը շահագործվում է Ադրբեջանի հայեցողությամբ, երբ թույլ են տալիս, թռիչքները կայանում են, երբ թույլ չեն տալիս, թռիչքները չեն կայանում»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանը, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանմամբ, մեր զրուցակիցը նկատեց, որ  ՀՀ իշխանությունները նույնիսկ հայ  գերիների, անհետ կորածների  թիվ պաշտոնապես կամ լրագրողական տարբեր հարցումներին ի պատասխան չեն  ներկայացնում՝ պատճառաբանելով, թե գաղտնի տեղեկություններ են, մինչդեռ,  երբ որոշ հայ գերիներ վերադառնում են, միանգամից հրապարակում են նրանց անուն, ազգանուն, բնակության վայր. «Իսկ մինչեւ հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Վերջին անգամ ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցել է ՀՀ դատարանի որոշմամբ ցմահ ազատազրկված մարդասպանին, որը գերի չէր ու ՀՀ տարածք էր մտել դիվերսիոն ներթափանցմամբ ու  մարդ էր սպանել, պատերազմի ժամանկվա գերիներից ընդամենը մի քանիսին վերադարձնելու համար : Կառավարության մամլո հաղորդագրությունը, որ նայում ենք, տեսնում ենք, որ տեղի է ունեցել ոչ թե գերիների փոխանակում, այլ մարդկանց առեւտուր, դա կոչվում է թրաֆիքինգ: Մարդուն վաճառել մի ուրիշ  նպատակով, իսկ ինչ նպատակով ՝ գրված է հենց այդ հաղորդագրության մեջ՝ ՀՀ-ն հանել է իր թեկնածությունը ՄԱԿ-ի կլիմայի գագաթաժողովը հյուրընկալելուց  եւ աջակցում է  Ադրբեջանին ու պատրաստ է աջակցել, որ այդ գագաթաժողովը Ադրբեջանում կայանա: Այսինքն, Ադրբեջանը ՀՀ դիվանագիտական դիրքորոշում ստանալու դիմաց իրականացրել է ապօրինի իր երկրում պահվող ՀՀ քաղաքացիների առեւտուր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031